Ապրիլի 5-ին հեղափոխությունը կարող է կորցնել իր «կուսությունը»

Ապրիլի 5-ին հեղափոխությունը կարող է կորցնել իր «կուսությունը»

Այն բանից հետո, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցելու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքում «դատավճռի» տոնով գրեց․ «Խոսքս ուղղեմ այդ 2 ուժերին՝ այն, ինչ անում եք դուք հիմա՝ հավասարապես ԱՅՈ-ին եւ ՈՉ-ին չմիանալով, ոչնչով չի տարբերվում ռեւանշիստների արածից: Բայց ընտրողը նախկիններին խորհրդարան չի ուղարկել, իսկ ձեզ ուղարկել է, ուստի ձեզնից մի քիչ ավելին էր պահանջվում, քան ՀՀԿ-ից կամ ՀՅԴ-ից: Գնացիք հավասարվեցիք մեռելներին»: Ավելորդ է ասել, որ պատգամավորի դիտարկումը, մեղմ ասած, օբյեկտիվ չէ, եթե չասեմ՝ կլիշեավորված է։

Նախ՝ ԲՀԿ-ին ռեւանշիզմի մեջ մեղադրելն առնվազն կոռեկտ չէ․ յուրաքանչյուր անաչառ փորձագետ կարող է վկայել, որ 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին, եթե չլիներ այս կուսակցության ու նրա խմբակցության աջակցությունը, ապա Նիկոլ Փաշինյանը պարզապես չէր կարող լեգալ ճանապարհով վարչապետ դառնալ, այլ խոսքով՝ հեղափոխությունն առնվազն անարյուն ու թավշյա չէր լինի, ու հեղափոխության թիմն այսօր չէր կարող խոսել դրա բացառիկության մասին։ Սկզբունքորեն՝ եթե այսօր մեկին կարելի է մեղադրել ՀՀԿ-ի վարքագիծն ընդօրինակելու հարցում, ապա դա հենց «Իմ քայլը» խմբակցությունն է, որը 1 գիշերում մոգոնեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը եւ ընդամենը 8 ժամում որոշում կայացրեց հանրաքվե անցկացնելու մասին՝ հիմնվելով միայն «կոճակ սեղմելու» արատավոր մշակույթի վրա, անտեսելով ԱԺ մյուս ուժերի, մասնագիտական-փորձագիտական բոլոր կարծիքները։

Ինչո՞ւ մեծամասնությունը չգնաց ռացիոնալ լուծումների, քաղաքական կոնսենսուսի ճանապարհով, մանավանդ, որ նույն ԲՀԿ խմբակցությունը համագործակցության ձեռք մեկնեց՝ հայտարարելով, որ սկզբունքորեն կողմ է հանրաքվեին, ու առաջարկելով իրավական հարթության վրա անթերի դարձնել գործընթացը։ Ինչո՞ւ են իշխանությունը եւ նրա ագիտպրոպի դեր ստանձնած մարդիկ այս փաստերն անտեսում՝ քննադատելով խորհրդարանական ընդդիմության ռացիոնալ վարքագիծը։ «Դեմոկրատական այլընտրանք» նորաստեղծ կուսակցության դիրքորոշումը սահմանադրական հանրաքվեի հարցում գրեթե ամբողջությամբ համընկնում է ԲՀԿ-ի մոտեցման հետ, ըստ այդմ՝ ցանկանում եմ մի քանի մոտիվացիաներով հարստացնել մեր ընդհանուր կարծիքը, մանավանդ՝ վստահ եմ, որ հասարակության մի ստվար զանգված կիսում է մեր մտահոգությունները։

Սահմանադրական հանրաքվեի դրված հարցի բովանդակության հետ որեւէ խնդիր չունեմ․ ՍԴ գործունեությունը պետք է սինխրոնիզացվի 2015-ի սահմանադրական կարգավորումների ոգուն։ Նաեւ լավ է, որ հարցը պետք է կարգավորվի հանրաքվեով։ Չնայած ընթացակարգային ակնհայտ ու տեսանելի խախտումներն ազդում են հանրաքվեի լեգիտիմության վրա, սակայն լեգիտիմությունն ունի նաեւ արտաքին՝ միջազգային բաղադրիչ, այլ կերպ ասած՝ խիստ կենսական է, որ սահմանադրական հանրաքվեի նախագիծը միջազգային փորձաքննություն անցնի, այլ խոսքով՝ ուղարկվի ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողով։ Հեղափոխության թիմն այս ճշմարտությունը կարծես չի հասկացել, հակառակ պարագայում՝ չէր սանձազերծվի խիստ անբնական ու քաղաքական կոռեկտության բոլոր սահմաններն անցնող քարոզչական կամպանիա Վենետիկի հանձնաժողովի նախագահի դեմ։ Տպավորություն է, որ մերոնք չեն հասկացել միջազգային դրական համատեքստի նշանակությունը ու Վենետիկի հանձնաժողով չեն դիմելու, ինչը ԵԽԽՎ տեսանկյունից ոչ միայն կարող է ապալեգիտիմացնել հանրաքվեի գործընթացը, այլ նաեւ Հայաստանի համար ռիսկեր ծնել այլ հարցերում, կարճ ասած՝ ԵԽԽՎ-ում նպաստել մեր երկրի «իզգոյացմանը»։

Այս ակնհայտ ճշմարտությունը Փաշինյանի թիմը չի գիտակցել ու դիմում է էժանագին մանիպուլյատիվ հնարքների, օրինակ՝ «խմբագրվում» է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքի այն հատվածը, որը վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին։ «Պողոսներին» հնարավոր է մանիպուլացնել, բայց արտաքին գործընկերները կարող են չներել նման «հեղափոխական» դրսեւորումները։ Գործընթացի հետ կապված մյուս ռիսկն այն է, որ Սահմանադրության ընդամենը մեկ հոդված է փոխվում, այլ խոսքով՝ գործ ունենք հատվածականության հետ, ինչը չի նպաստելու սահմանադրական կարգի կամ սահմանադրականության ոգու վերականգնմանը՝ անկախ հեղափոխության թիմի բարձրագոչ պնդումներից։ Այդ փոփոխությունը չի բերելու սահմանադրական ճգնաժամի վերացմանը, անգամ իրապես անկախ ՍԴ-ի ձեւավորմանը։

Երկրին պետք է նոր Սահմանադրություն՝ լեգիտիմ, որը կլինի քաղաքական եւ հանրային լայն կոնսենսուսի արդյունք։ Մնացած դեպքերում գործ ունենք մասնավոր քաղաքական շահի հետ։ Եթե հեղափոխության թիմի խնդիրը վերահսկելի ՍԴ ձեւավորելը չէ, ապա ինչո՞վ բացատրել այս շտապողականությունը, մանավանդ, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունները նախապատրաստող մասնագիտական խումբ։ Ո՞ր բանական իշխանությունն է 1 տարվա կտրվածքով քաղաքացիներին 2 անգամ հրավիրում հանրաքվեի․ սա ոչ թե ուղղակի ժողովրդավարության ինստիտուտի ամրապնդման, այլ դրա չարաշահման, այն իշխանության քաղաքական օրակարգին ծառայեցնելու դրսեւորում է։

Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանի լայվերից, գրառումներից, ելույթներից հասկանում ենք, որ առաջիկա հանրաքվեի քարոզարշավն ընթանալու է հեղափոխականների ու հակահեղափոխականների, «սեւերի» ու «սպիտակների» հակադրության համատեքստում, ինչի հետեւանքով դարձյալ զոհաբերվելու է ապագայի օրակարգը․ քարոզչական այդ պատերազմը ձեռնտու է զարգացման տեսլական չունեցող հեղափոխության թիմին ու անցյալով ապրող, ռեստավրացիային ձգտող նախկիններին, սակայն ո՛չ երկրին ու հասարակությանը։ Մեծ հաշվով, ապրիլի 6-ին մենք արթնանալու ենք նույն երկրում, որտեղ բացակայում է ապագայի օրակարգը՝ մնալով ցածր նշաձողի վրա գտնվող քաղաքական մշակույթի փլատակների տակ։ Հանրաքվեից հետո ներկաների ու նախկինների «կռիվն» ավելի է թեժանալու՝ լափելով երկրի զարգացման ռեսուրսը։ Ու վստահ չեմ, որ իշխանությունը, առանց վարչական ռեսուրսը լատենտ կամ բացահայտ օգտագործելու, կարող է 650 հազար «այո» ստանալ։ Չեմ կարծում, որ հեղափոխական էյֆորիայի ավարտից հետո Հայաստանում «Պողոսների» բանակն այդքան մեծ է։ Կարճ ասած՝ ապրիլի 5-ին հեղափոխությունը կարող է կորցնել իր «կուսությունը»։


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ