Փաշինյանն արտագաղթի նվազման մասին խոսելիս նկատի ուներ հնդիկների՞ն

Փաշինյանն արտագաղթի նվազման մասին խոսելիս նկատի ուներ հնդիկների՞ն

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հարցուպատասխանի ժամանակ, անսպասելի էր նույնիսկ նրա կնոջ համար, ով արտագաղթի միտումների նվազման թվերը լսելով՝ կլորացրեց աչքերը։ Փաշինյանն ուղղակի նոր թիվ հորինեց՝ հայտարարելով, որ 2016 թվականի համեմատ 2018-19 թվականներին արտագաղթի միտումները նվազել են 90 %-ով։ Ի ապացույց ասածի՝ Փաշինյանը ներկայացրել է անշարժ գույքի շուկայի մասին իր պատկերացումը․ «Այսօր ՀՀ-ում անշարժ գույքի գները վերջին 1,5 տարվա ընթացքում հսկայական աճ են արձանագրել։ Սա մի բանի արդյունք է, որ հին եւ նոր սփյուռքի մեր շատ հայրենակիցներ ուղղակի Հայաստանում անշարժ գույք են գնում: Կառավարության ռազմավարությունը հետեւյալն է. հատկապես նոր սփյուռքի ներկայացուցիչների վերադարձի համար բոլոր հնարավորությունները ստեղծել, այսինքն՝ դա դիտարկել որպես ռազմավարական խնդիր»։

Նախ, այս գնահատականը կտրուկ տարբերվում է անշարժ գույքի շուկայում աշխատող մասնագետների գնահատականներից։ Ռիելթորներն արձանագրել են, որ տարեսկզբից այդ շուկայում լճացում է։ Պատճառը հետհեղափոխական սպասումներն էին, որոնք 2018 թվականին նպաստեցին նրան, որ առքուվաճառքի գործարքների թիվն ավելացավ։ Ըստ Կադաստրի կոմիտեի տվյալների՝ 2018 թվականին առքուվաճառքի գործարքների ընդհանուր քանակը 17.5%-ով գերազանցել  է 2017 թվականի ցուցանիշը։ Հետագայում, սակայն, լճացում նկատվեց։ Սպասումները մնացին, բայց գործարքների աճը կանգնեց։ Այս տարվա սկզբից գործարքների թիվը նվազել է, սակայն մոտ 7, 8-ից մինչեւ 10% գնաճ է նկատվել։ Ահա ինչու անշարժ գույքի գործակալները խոսում են արհեստական աճի մասին։ «Այս պահին շուկայում կուտակվել է չպատճառաբանված բարձր գին ունեցող ու չվաճառվող գույք, որն աշնան վերջին եւ ձմռան սկզբին էժանանալու է»,- օգոստոսին մեր թերթում կանխատեսել էր «Թիվ մեկ» անշարժ գույքի գործակալության տնօրենը։ Իսկ «ԲԻԼԴ ԱՓ» գնահատման գործակալության տնօրեն Էդգար Խաչատրյանն էլ արդեն հոկտեմբերին armdaily.am-ին ասել էր, որ անշարժ գույքի շուկայում գներն անարդարացի բարձր են։   

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում նկատված թանկացումներն ամենեւին էլ արտագաղթի նվազման ցուցիչ չեն։ Ինչ մնում է արտագաղթի միտումների նվազմանը, ապա նման թվեր գոյություն չունեն։ Այս տարվա 9 ամիսներին Հայաստան մուտք է գործել 432 հազար 200 մարդ, երկրից մեկնել է 480 հազար 400-ը: Բացասական սալդոն կազմում է 48 հազար 200, որը համապատասխանում է անցյալ տարվա նույն ցուցանիշին: Մեկնողների եւ ժամանողների ամենամեծ տարբերությունը գրանցվել է սեպտեմբերին՝ 14,7 հազար։ Սրանք ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության տվյալներն են: Հիշեցնենք, որ 2017թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ օդանավակայաններով փոխադրված ուղեւորների, բեռների եւ փոստի վերաբերյալ վիճակագրության տվյալների համաձայն՝ այս ամիսների ընթացքում Հայաստանից մեկնողները մոտ 12 հազարով ավելի էին, քան ժամանողները, եւ այս առումով թվերը վատթարացել են։

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թվի ցուցանիշը 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961.6 հազ. մարդ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8 հազար 200-ով: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թիվը կազմել է 2 մլն 965.3 հազար մարդ, այսինքն՝ 6 ամսվա ընթացքում՝ հունվար-հունիս ժամանակահատվածում, մշտական բնակչության թիվը նվազել է 3 հազար 700-ով։

Թե որտեղ է  Փաշինյանն արտագաղթի նվազման միտում տեսել, հասկանալի չէ։ Չնայած, եթե հաշվենք Հայաստան եկած հնդիկներին, ապա, իրոք, կարող էր թվալ, թե արտագաղթը նվազել է։ 2019 թվականի 9 ամիսներին, ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների,  Հայաստան է եկել Հնդկաստանի 15 հազար 442  քաղաքացի, ինչն ամենեւին էլ չի կարելի համարել արտագաղթի նվազման ցուցիչ։ Սա անգամ բնակչության ավելացում չի կարող նշանակել, քանի որ հնդիկները Հայաստանից վաղ թե ուշ մեկնելու են։