Սանասարյանի քրգործը՝ Վանեցյանից հետո
Այս տարվա ապրիլի 28-ին «Թավշյա հեղափոխության» առանցքային դեմքերից մեկի՝ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի եւ ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջեւ մի յուրահատուկ փոխհրաձգություն սկսվեց, բանը նույնիսկ հասավ նրան, որ հեղափոխականների 2 ճամբար առաջացավ․ մի մասը պաշտպանում էր Սանասարյանին, մյուսը՝ Վանեցյանին։ Հիշեցնենք․ ԱԱԾ-ն Սանասարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցել, նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Սանասարյանն իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերությանն օժանդակելու նպատակով չարաշահել էր պաշտոնեական դիրքը, չէր կատարել իր ծառայողական պարտականությունները: Նա, սակայն, իրեն ուղղված մեղադրանքը շինծու էր համարել:
Ավելի վաղ այս գործով կալանավորվել էին ՊՎԾ երկու աշխատակիցներ եւ հեմոդիալիզի գնումներին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահը: Երեքն էլ կալանքից ազատվել էին։ Ըստ ԱԱԾ-ի՝ ՊՎԾ աշխատակիցները միջամտել են գնումների գործընթացին, փորձել են այն կազմակերպել այնպես, որ հաղթող ճանաչվի իրենց կողմից հովանավորվող «Զորաշեն» ընկերությունը: Սանասարյանի ու Վանեցյանի միջեւ հարաբերություններն այնքան էին սրվել, որ ՊՎԾ նախկին պետի փաստաբան Արսեն Սարդարյանը միջնորդություն էր ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ նախաքննության մարմինը փոխելու համար։ Նա նշել էր, որ ԱԱԾ-ի նկատմամբ անվստահություն ունեն՝ պնդելով, թե ԱԱԾ-ն կանխակալ, միակողմանի քննություն է անցկացնում, սակայն դատախազությունը մերժել էր միջնորդությունը։
Գլխավոր դատախազությունից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է հիմա Սանասարյանի գործը։ Լրատվության վարչության ղեկավար Արեւիկ Խաչատրյանը նշեց, թե իրենց մասով միայն կարող է ասել, որ դեռեւս մեղադրական եզրակացություն չեն ստացել։ Այսինքն՝ գործը դեռեւս չի ուղարկվի դատարան։ Սանասարյանը ֆեյսբուքյան էջում սեպտեմբերի 12-ին գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ իր փաստաբանի՝ քրեական հետապնդումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, իր դիտարկմամբ՝ անհիմն պատճառներով։ «ԱԱԾ քննիչը (իրականում՝ վերադասը) մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը։ Եվ այն մերժեց անհիմն պատճառաբանություններով, որոնցից մեկը հետեւյալն է. իմ չորս վկաների վերաբերյալ ընդգծել են, որ նրանք իմ ենթականերն են եղել, ուստի նրանց վկայություններն արժանահավատ չեն, մինչդեռ Սամվել Ադյանը նույնպես իմ ենթական է եղել, բայց նրա կեղծ ցուցմունքը դիտարկել են արժանահավատ, քանի որ իմ դեմ է։ Մի փոքր հույս ունեմ, որ դատախազությունն ավելի խելամիտ կգտնվի եւ չի ստանձնի այս կեղծ մեղադրանքն առաջ տանելու պատասխանատվությունը։ Իրավական Հայաստանն այլընտրանք չունի»,- գրել էր Սանասարյանը։
Զրուցեցինք Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանի հետ։ «Նախաքննության ավարտի մասին հայտարարվել է, մենք նյութերին ծանոթանալուց հետո միջնորդել ենք քրեական հետապնդումը դադարեցնել, մենք համոզված էինք, որ պարոն Սանասարյանն անմեղ է, բայց նյութերին ծանոթանալուց հետո արդեն ավելի փաստարկված կարողացանք գրել, քանի որ տեսանք, որ Սանասարյանին արատավորող որեւէ տվյալ չկա, բացի Սամվել Ադյանի ցուցմունքից, որն ընդամենը գրում է, որ, իբր, Սանասարյանը տեղյակ է եղել, որ ինքը ֆիրմա ունի։ Մենք էլ գրել ենք, որ չի կարելի այդ ցուցմունքով ղեկավարվել, որովհետեւ այդ ցուցմունքը 7 ձեռք փոխված է քննության ընթացքում։ Մենք գրել ենք, որ եթե անձը տեղյակ է, դա դեռ չի նշանակում, որ նա կատարել է քրեորեն հետապնդելի արարք, եւ առհասարակ՝ այստեղ մեղադրանքն առերեւույթ անհիմն է։ Չնայած մեր սպասումներին, նախաքննության մարմինը չբավարարեց մեր սպասումները եւ մերժեց, որից հետո մենք բողոք ենք տարել դատախազություն եւ սպասում ենք դատախազության դիրքորոշմանը։ Մոտակա օրերս կիմանանք դատախազության դիրքորոշման մասին։ Եթե հանկարծ դատախազությունն էլ պահեց այդ անհիմն մեղադրանքը, ապա, որքանով որ ես տեղյակ եմ, մեր կողմից մամուլի ասուլիս կհրավիրվի, որի ընթացքում գործի բոլոր մանրամասները հրապարակավ կքննարկվեն»,- ասաց Սարդարյանը՝ հույս հայտնելով, որ դատախազությունում իրավաբանությունից ավելի տեղյակ մարդիկ կլինեն։
Հարցրինք պաշտպանին, թե ինչու մեղադրական եզրակացությունը դատախազությունը չի ստացել։ «Ամսի 10-ի դրությամբ մենք մեր միջնորդությունն արել ենք, իրենք դրանից մեկ օր հետո մերժել են, եւ մենք 12-ին կամ 13-ին դատախազություն բողոք ենք մուտք արել։ 11-ին, երբ որ իրենք մերժել են մեր միջնորդությունը, նախաքննության մարմնին որեւէ բան չէր խանգարում, եթե իրենք գտնում են, որ մեղադրանքը կա, մեղադրական եզրակացությունը գրել եւ ուղարկել դատախազություն՝ ստուգելու»։
Իսկ Սանասարյանի գործի ընթացքը կապո՞ւմ են Վանեցյանի հրաժարականի հետ։ Սարդարյանը պատասխանեց, որ չի ցանկանում քաղաքական գնահատականներ տալ։
ՀԳ․ Մեր տեղեկություններով, Դավիթ Սանասարյանի մեղադրանքը չեն պատրաստվում ուղարկել դատարան, այն, ամենայն հավանականությամբ, կկարճվի։ Նիկոլ Փաշինյանը համախմբում է իր կողմնակիցներին, իսկ Սանասարյանն ու նրա ընկերներն այնտեղ լուրջ գործոն են՝ ընդդեմ ԱԱԾ նախկին տնօրենի։ Մնում է պարզել, թե ինչ են անելու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքի հետ, ով մեղադրանքի հիմնական մեխն է՝ ընդդեմ Սանասարյանի։
Կարծիքներ