Ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ սա պաշտոնի կռիվ է, և ունենք մեր թեկնածուն

Ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ սա պաշտոնի կռիվ է, և ունենք մեր թեկնածուն

Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները պահանջում են թատրոնի բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը:

Նախօրեին հրավիրված ասուլիսի ժամանակ թատրոնի գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանն ասաց, որ պատճառը ղեկավարի վատ վարքագիծն է, նրա սխալները, որոնք բերում են նման «տհաճ պատկերի»։ Գալստյանը նկատեց, որ անգամ իր բեմադրությունների պարագայում չի կարողանում որոշակի միջամտություն անել, որովհետեւ միկրոֆոնն Արմեն Գրիգորյանի ձեռքում է, ըստ այդմ՝ որոշողն էլ նա է։

Բալետի առաջատար մենապարող Ռուբեն Մուրադյանի դիտարկմամբ էլ՝ թատրոնում առողջ մթնոլորտ չկա, եւ վերջին 1-2 տարին չեն կարողանում ստեղծագործել, քանի որ չկա հարգանք, եւ բալետի ղեկավարը սպառնալիքներով է խոսում պարողների հետ։ Իրենց անհամաձայնությունների մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ թատրոնի տնօրենին, թե՛ գեղարվեստական ղեկավարին, բայց «տարօրինակ լռություն» կա տնօրինության կողմից։

Թատրոնի բալետային խմբի մենապարող Գարեգին Բաբելյանը մեզ հետ զրույցում ընդգծում է․ «Լուրեր են պտտվում, թե Արմեն Գրիգորյանի դեմ հավաքվել են մարդիկ, ովքեր չեն ուզում աշխատել ու գումար ստանալ։ Այդպես չէ։ Անձամբ ես բոլոր ղեկավարների օրոք աշխատել եմ եռանդով, արել եմ իմ մաքսիմումը բեմի վրա եւ չեմ բացակայել»։ Նա նույնպես այն մարդկանց թվում է, ով ստորագրել է Արմեն Գրիգորյանի հրաժարականի պահանջի տակ․ «Նախ, ես ուզում եմ հասկանալ՝ ինքն ադմինիստրատիվ մասի աշխատո՞ղ է, թե՞ գեղարվեստական։ Դրանց գումարվում է նաեւ մարդկային կողմը, որը թույլ չի տալիս, որ նորմալ աշխատանքային հարաբերություններ ստեղծվեն․ խոսքը վիրավորանքների, նաեւ սպառնալիքների մասին է, էլ չասեմ, որ շատ դեպքերում ոչ ադեկվատ պահվածքի ենք ականատես լինում»։

Մենապարողն ընդգծում է՝ իրենք չունեն ոչ մի այլ թեկնածու, խնդիրն Արմեն Գրիգորյանի մեջ է․ «Այն, որ դա Արմեն Գրիգորյանի եւ Ռուբեն Մուրադյանի կռիվն է՝ նման բան չկա։ Դա առնվազն վիրավորական է գոնե ինձ համար, որովհետեւ ես կայացած մարդ եմ, ով ունի իր սեփական կարծիքը, եւ որեւէ մեկը չի կարող ինձ հանել որեւէ մեկի դեմ։ Մենք խաղալիքներ չենք, որ մեզ կառավարեն եւ փորձեն ինչ-որ հարցեր լուծել։ Ինչ վերաբերում է ներկա-բացակա անելուն, աշխատանքային տաբելներ տալուն, կանոնակարգ գրելուն, դրա համար մենք ունենք տեսուչներ, որոնք այդ գործն անում են տարիներ շարունակ։ Ու չեմ կարծում, որ Արմեն Գրիգորյանի բացակայությունն այս պարագայում որեւիցե էական փոփոխություն կմտցնի թատրոնի գեղարվեստական կյանքում»։

Բալետի արտիստ Մարիամ Ասլանյանն ասում է, որ պարախմբի 80 արտիստներից 50 տոկոսից ավելին պահանջում է Արմեն Գրիգորյանի հրաժարականը․ «Մենք կարիք չունենք Տեր Թոդիկի։ Մենք ունենք Վիլեն Գալստյան եւ երկու տեսուչ, որոնց աչքից ոչ մի բան չի վրիպում։ Դրա համար մեզ հետեւելու խնդիր չկա»։

Օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնել է հանդիպում բալետի արտիստների հետ։ Նախաձեռնողը եղել է Արա Խզմալյանը, հանդիպմանը ներկա են եղել նաեւ Արմեն Գրիգորյանը, փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով, փոխնախարարը ժամանակ է խնդրել, բայց, ինչպես նշում է Մ․ Ասլանյանը, այդ ժամանակը տրվել է բազմիցս, եւ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել։ «Ժամանակն աշխատում է ի վնաս մեզ»։

Բալետի արտիստներն ընդգծում են՝ իրենք ծույլ լինել չեն կարող, ավելին՝ աշխատում են այնպես, ինչպես տարիներ առաջ․ «Չի եղել երբեք, որ 2 ժամ աշխատենք․ դա բացառվում է։ Մեր աշխատանքը սկսվում է 11-ին եւ երբեք 4-ից շուտ չի ավարտվել։ Բայց մենք ամեն ներկայացումից հետո լսում ենք, որ ներկայացումը վատն էր կամ միջին էր։ Մեզ ամեն ներկայացումից հետո ասվում է, որ 40-50 տոկոսն աշխատանքից դուրս է գալու, բայց անուններ չեն նշվել, մինչդեռ եթե ես վատ եմ աշխատում, պետք է դրա մասին իմանամ, որ մինչեւ մյուս ներկայացումն աշխատեմ իմ վրա։ Բայց ամեն ներկայացումից հետո չգիտեմ՝ ես աշխատանքից դո՞ւրս եմ գալու, թե՞ ոչ։ Թող ոչ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ սա պաշտոնի կռիվ է, եւ ունենք մեր թեկնածուն։ Մենք ո՛չ երեխաներ ենք, ո՛չ էլ աշակերտներ, որոնց կարող են դրդել ինչ-որ քայլերի»։

Բալետի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը մեկ տարի է, ինչ աշխատում է օպերային թատրոնում, ասում է՝ բնավորությամբ հարմարվող մարդ է, իրեն հրավիրել է հենց Արմեն Գրիգորյանը, եւ եկել է թատրոն որպես առաջատար մենապարող, բայց կես տարուց ավելի չի ստացել առաջատար մենապարողի աշխատավարձ, այն դեպքում, որ պարել է գլխավոր դերեր, իրենից մեծ զուգապարողների հետ, բազմաթիվ վնասվածքներ է ստացել, իսկ թատրոնը որեւէ կերպ չի հոգացել իր առողջական խնդիրները։ «Ստացվում է՝ իրենց տված 120 հազար աշխատավարձը ծախսում եմ առողջությանս վրա»։ Վերջերս տեղի ունեցած ժողովի ընթացքում հանկարծ պարզվել է, որ առաջատար պարողի հաստիքն ազատ է արդեն 7 ամիս, այն դեպքում, որ Ա․ Գրիգորյանն իրեն անընդհատ ասել է, թե ազատ հաստիք չկա․ «Հիմա հարց․ եթե այդ հաստիքն ազատ է, ո՞ւր է գնում այդ գումարը, ստացվում է՝ Արմեն Գրիգորյանն ինձ խաբում է։ Ես շատ վիրավորված եմ նման վերաբերմունքից։ Միջազգային մրցույթի դափնեկիր եմ, վերջերս եմ վերադարձել Չինաստանից, Ֆրանսիայից՝ գրավելով առաջին տեղերը։ Նախագահի մրցանակ եմ ստացել, շուտով պետք է գնամ Մոսկվա, Մեծ թատրոն՝ պրակտիկայի, եւ չեմ կարծում, որ նման արտիստին պետք է այդպես վերաբերվեն եւ փաստացի շահագործեն»։     

Ինչ վերաբերում է մասնագիտական այլ խնդիրներին, ապա, ըստ նրա, արտիստների օրն ու տրամադրությունը կախված են Գրիգորյանի տրամադրությունից։ «Ինքը խնդիր ունի բոլոր արտիստների հետ, եթե 50-ից ավելի մարդ է ձայն բարձրացնում, ուրեմն ինչ-որ խնդիր կա, լուծում պետք է տրվի»,- ասում է նա։

Բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանն էլ ասաց, որ թատրոնի տնօրինության համար կարեւոր չէ բալետային խմբի շահը, այլ միայն անձի շահը․ «Վերադառնում ենք արձակուրդից եւ ի՞նչ ենք տեսնում՝ ինքն իրեն ներկայացրել է որպես բալետային խմբի ղեկավար-ավագ փորձավար: Բալետային խմբի ղեկավարը վերահսկում է ավագ փորձավարի աշխատանքը, նշանակում է՝ ինքն իրե՞ն պետք է վերահսկի»:

Սաֆարյանը նկատում է՝ վերջին 2 տարվա ընթացքում ինքն անձամբ առանձնազրույցներ է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ՝ բարձրաձայնելով խնդիրները, բայց ապարդյուն։ Ավելին՝ կապ է տեսնում Արմեն Գրիգորյանի եւ տնօրինության միջեւ, որովհետեւ այն խնդիրները, որ այսօր ունի բալետի արտիստը, ճնշվում են Արմեն Գրիգորյանի կողմից․ «Այդ համբերության բաժակը լցվել էր արդեն արտիստների մոտ, իսկ խնդիրները բազմաթիվ են ու բազմազան՝ սկսած աշխատանքային պայմանների անվտանգությունից մինչեւ մասնագիտական աճի համար ոչ բարենպաստ պայմանները։ Բալետի արտիստն այսօր ունի վնասվածքաբանի կարիք, եւ ոչ մի քայլ չի արվում այդ ամենը կարգավորելու համար։ Ունենալով սպառնալիքների եւ վախի մթնոլորտ՝ մենք թատրոն ենք մտնում խաչակնքելով, որ ինչ-որ տհաճ խոսակցության կամ միջադեպի մեջ չընկնենք։ Ու այդ ամենը ստեղծել է Ա․ Գրիգորյանը՝ իր բնավորությունով։ Մենք հարցը բարձրաձայնել ենք թե՛ Կարինե Կիրակոսյանի, թե՛ Կոնստանտին Օրբելյանի մոտ, բայց հարցը լուծում չի ստացել։ Եվ տնօրինության նման վերաբերմունքն էլ նպաստեց այս պայթյունին»։   

Թատրոնում տեղի ունեցած ժողովից հետո՝ հաջորդ օրը, մի քանի պարողներով հանդիպել են Արա Խզմալյանի հետ, ով փաստել է, որ խնդիր կա, բայց նրան նույնպես ժամանակ է պետք՝ իրավիճակը հասկանալու համար։ «Վճռական տրամադրվածություն ունենք, եւ պետք է բավարարվի մեր կողմից բարձրացված պահանջը»,- ասում է նա ու նկատում, որ հստակ հանգստյան օրեր չունեն, ինչն էլ կախված է ղեկավարի տարամադրությունից՝ երբ եւ քանի օրով հանգստյան օր կտա իրենց։   

Ինչ վերաբերում է ուշացումներին, ապա՝ «մեր քաղաքի պայմաններում լինում են, բայց դա րոպեների հարց է, ինքն էլ միշտ ուշանում է 5-15 րոպե։ Բալետային խմբի 3 արտիստներ հենց այս զգուշացումների համար դատական հայց են ներկայացրել դատարան՝ Արմեն Գրիգորյանի ոչ իրավաչափ գործողությունների եւ աշխատանքային իրավունքների խախտման հիմքով։ Քանի որ 5-15 րոպե ուշացման համար բացակայությունը հաշվել է ողջ օրվա համար։

Նա նկատեց, որ Արմեն Գրիգորյանը կրճատումներ է արել Յուրի Գրիգորովիչի բեմադրած «Սպարտակ» բալետում, ինչն անթույլատրելի է, քանի որ դրանից դրամատուրգիան տուժել է, իսկ այս պարագայում հնարավոր է ոչ միայն մեծ տուգանքներ դրվեն թատրոնի վրա, այլեւ նույնիսկ արգելվի բալետը Երեւանում։

Թատրոնի տնօրենի ԺՊ Կարինե Կիրակոսյանը, ի պատասխան մեր հարցերին, միայն նշեց, որ աշխատանքային քննարկումների մեջ են եւ իրենց որոշման մասին կտեղեկացնեն լրացուցիչ։

Բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանն էլ ասաց, որ վաղը ասուլիսով հանդես գա, որտեղ փաստերով կխոսի։ «Այս ամեն ինչը շատ քիչ մարդկանց կողմից է սարքվում, միանշանակ՝ միտում կա իմ դեմ»,- ասաց նա ու նշեց, որ դեռ որեւէ ծանուցում չի ստացել դատարանից․ «Իրենց իրավունքն է՝ թող դատի տան, ես ամեն ինչի պատրաստ եմ»։