«Հրապարակ». Պահանջում ենք Ծաղկաձորը հռչակել ազգային պարկ
Գրողների միության Ծաղկաձորի հանգստյան տանը գտնվող մի խումբ գրողներ երեկ հայտարարություն էին տարածել.
«Դիմում ենք հայոց մտավորականությանը եւ բոլոր մտահոգ անձանց` հայտարարելով.
Ծաղկաձորը նահատակվում է աղետալի արագությամբ` ոչնչացվում են անտառները, ձորակներն ու բնական աղբյուրները՝ իրենց տեղը զիջելով բազմաֆունկցիոնալ բարձրահարկերին: Ո՞ւմ համար են այդ շենքերը կառուցվում, ի՞նչ հիմունքներով եւ ո՞ւմ փողերով:
Զարմանալիորեն, մի կողմ է նետվել կառավարության կողմից 2006 թ. հուլիսի 10-ի որոշումով օրենքի ուժ ստացած Ծաղկաձոր քաղաքի գլխավոր հատակագիծը, որտեղ հատուկ ձեւակերպված է, որ Ծաղկաձորում 3-4 հարկից բարձր շենքեր կառուցելն արգելվում է: Այնինչ այսօր արդեն կառուցվել կամ կառուցման ընթացքի մեջ են մեկ տասնյակից ավելի տասից-տասներկու հարկանի բնակելի շենքեր, որոնք հիմնականում կառուցվում են անտառները ոչնչացնելու ճանապարհով:
Առկա աղետից բացի, կան նաեւ տասնյակ հեկտար անտառապատ տարածքներ, որոնք տարիներ առաջ ապօրինաբար դուրս են գրվել «Հայանտառի» համակարգից եւ սեփականաշնորհվել, որոնք այսօր նույնպես կառուցապատման ոչնչացման վտանգի տակ են:
Սիրելի մտավորականներ, սիրելի մտահոգ անձինք, մեկ տարի հետո ուշ կլինի, կավարտվի ծաղկաձորյան ողբերգությունը: Ծաղկաձորը պետք է փրկել այսօր, եթե` ոչ, մեր թոռները Ծաղկաձորում ո՛չ ծաղիկ կգտնեն, ո՛չ ծառ:
Ուրեմն հենց հիմա է պահը. հրավիրել մտավորականների համաժողով եւ դիմել Հայաստանի գրողների միությանը եւ ստեղծագործական բոլոր միություններին, որպեսզի մասնակցեն համաժողովին, որը կկայանա հենց Ծաղկաձորի ստեղծագործական տանը, որպեսզի բոլորն իրենց աչքերով տեսնեն դաժան իրականությունը` համոզմունքով, որ համաժողովն իր հաստատակամ ուղերձով դիմի Ազգային ժողովին` շուտափույթ քննելու արդեն վաղուց հասունացած խնդիրը եւ ընդունել օրենք` Ծաղկաձորը հռչակել ազգային պարկ, քանի դեռ գիշատիչների խնջույքը չի կտրել հազարամյա վերջին ծառը»: Ստորագրել են Հենրիկ Էդոյանը, Արտեմ Հարությունյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Մովսես Մանուկյանը, Աշոտ Օհանյանը, Ժիրայր Դադասյանը: Մենք մի քանի հարց ենք ուղղել հայտարարությունը ստորագրած բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ, գրող, ԵՊՀ դասախոս Հենրիկ Էդոյանին:
- Պարոն Էդոյան, ինչի՞ց է երեւում, որ Ծաղկաձորը ոչնչացվում է: Ի վերջո` ողջ Հայաստանն է այդ վիճակում, ինչո՞ւ միայն Ծաղկաձորը:
- Այո, բայց մենք մի քանի գրողներով գնացել էինք Ծաղկաձորի գրողների տուն, գնացինք, տեսանք ու զարմանք ապրեցինք պարզապես: Ծառեր են կտրել, ամեն ինչ փչացրել: Հեկտարներով ծառեր ոչնչացրել, հսկայական շենքեր են կառուցվում: Մարդիկ էլ չգիտեն, թե ով է այդ ամենի հեղինակը:
- Նախաձեռնությանն ովքե՞ր են միացել:
- Այստեղ 7 հոգով ենք: Խոսեցինք, քննարկեցինք, որոշեցինք, որ պետք է նման նախաձեռնությամբ հանդես գանք: Պահանջում ենք Ծաղկաձորը հռչակել ազգային պարկ: Սա վաճառքի տեղ չէ: Չի կարելի:
- Ամբողջ Հայաստանն է այս վիճակում: Ինչո՞ւ միայն Ծաղկաձորը:
- Այո, Դիլիջանում էլ է նույն վիճակը, Լոռիում էլ: Փող են աշխատում:
- Ողջունելի է, որ մտավորականությունն այս հարցում համախմբվել է: Ինչո՞ւ այլ հարցերում էլ չեք համախմբվում:
- Չէ, օրինակ, քաղաքական հարցերում՝ չէ: Եթե քաղաքական դարձնենք, սխալ կընկալվի:
- Արդեն կես տարուց ավելի է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Այդ մասին չե՞ք ուզում խոսել:
- Չէ, դա արդեն ուրիշ հարց է: Չենք կարող իրար հետ կապել: Հո ամեն ինչ իրար չե՞նք կապելու: Պետք է առանձին քննարկել հարցերը, որպեսզի ուշադրություն դարձնի հասարակությունը: Մեղկ է Ծաղկաձորը:
Կարծիքներ