Իհարկե, բոլորս մտածում էինք, որ կլինի գնաճ, բայց մի քանի ֆակտոր գումարվել է

Իհարկե, բոլորս մտածում էինք, որ կլինի գնաճ, բայց մի քանի ֆակտոր գումարվել է
Վահան Քերոբյան

«Մեր աշխատանքի արդյունքը պիտի լինի մարդկանց ավելի լավ ապրելը, իսկ գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը»։ Ահա թե ինչից էր կառավարության նախորդ նիստի ժամանակ դժգոհել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրա դժգոհությունից այն հասկացանք, որ կառավարությունը, փաստորեն, աշխատում է, պարզապես մենք դրա արդյունքը մեր մաշկի վրա չենք նկատում, որովհետեւ, արի ու տես, կա մի շատակեր գնաճ, որը դավադրաբար խժռում է իրենց աշխատանքի մեծ մասը։ Կարելի է ասել՝ կառավարության համար նոր մեղավոր է հայտնվել, եւ դա նախկինները չեն՝ գնաճն է։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հարցրինք՝ իրենք այդ գնաճը չէի՞ն կանխատեսել, որ հիմա դժգոհում են դրա «խժռածից»։ «Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու է անվանական ՀՆԱ-ի համար, իսկ գնաճի համար պատասխանատու է Կենտրոնական բանկը։ Իհարկե, բոլորս մտածում էինք, որ կլինի գնաճ, բայց, գիտեք, մի քանի ֆակտոր լրացուցիչ գումարվել է, դա Չինաստանի անշարժ գույքի ճգնաժամն է, որը կամաց-կամաց թափ է առնում, նաեւ էներգակիրների կտրուկ աճը եւ համաշխարհային մատակարարների շղթաների խզումը։ Էդ բոլորն իրար հետ միավորվելով՝ հանգեցրել են մի քանի կոնկրետ ապրանքների կտրուկ աճի, որը նույնիսկ սկսում է վերաբերել նաեւ Հայաստանում արտադրվող ապրանքներին, օրինակ՝ կարտոֆիլի գների աճին»,-այսպես՝ գնաճի «ոդիսականը» իրար հետ կապ չունեցող, խուճուճ ձեւակերպումներով ու «մասնագիտորեն» փորձեց բացատրել Վահան Քերոբյանը։

- Իսկ երբ տնտեսական աճից, թռիչքային զարգացումներից ու այլ հուսադրող բաներից էիք խոսում, այս ամենը հաշվի չէի՞ք առել, որ կարող է գնաճ լինել, ու մարդիկ իրենց ձեռքը կտանեն գրպանը կպարզվի, որ եղած գումարը բավարար չէ նվազագույն սպառողական զամբյուղի համար։

- Նախ, ասում են՝ ճտերն աշնանն են հաշվում․ եկեք չշտապենք։

- Բայց աշունն արդեն ավարտվում է, ու գալիս է ցուրտ ձմեռը։

- Կոնկրետ մեր դեպքում դա հունվար-փետրվար ամիսներն են, երբ մեր աշունը կգա, այսինքն՝ տարեկան ցուցանիշները դուրս կգան։ Հայաստանը մի քանի հետաքրքիր ներդրումային ծրագրեր է իրականացնում, որոնք եթե հաջողությամբ ավարտվեն, ապա շատ հավանական է, որ մենք, այնուամենայնիվ, նույնիսկ իրական ՀՆԱ-ի մակարդակում կունենանք բավական նշանակալի ցուցանիշ։

- Այս պահին մեր ՀՆԱ-ի ցուցանիշը որքա՞ն է։

- Առաջին ութ ամսվա համար հինգ տոկոսին մոտ է։

- Իսկ որքա՞ն էիք կանխատեսել բյուջեով։

- Տարբեր կանխատեսումներ կան, բյուջեով կանխատեսում էինք 1.5 տոկոս։

- Ընդամենը 1.5 տոկո՞ս։ Ժամանակին Տիգրան Սարգսյանը 7 տոկոս էր ասում, ու քննադատում էին նրան, թե ձախողել է տնտեսության կառավարումը՝ 7 տոկոսն ի՞նչ աճ է, հիմա մենք 1.5 տոկոսո՞վ պիտի բավարարվենք։

- Չէ, բյուջեի կանխատեսումը 1.5 տոկոս է, բյուջեի նորացված կանխատեսումն արդեն 6.5 տոկոս է, բայց սպասենք-տեսնենք՝ ինչ է փոխվում։

- Հովիկ Աբրահամյանն էլ, ի դեպ, 2.5 տոկոսի պատճառով հրաժարական տվեց։

- Ասում եմ՝ հիմա արդեն 5 տոկոս է, եւ հույս ունենք, որ հաջորդ ամիսներին շատ ավելի լավ կլինի։ Իսկ 1.5 տոկոս բյուջե նախնական կանխատեսումն է եղել 2020 թվականի վերջում՝ 2021-ի համար, իսկ բյուջեի վերանայված կանխատեսումը, որը եղել է 1․5-2 ամիս առաջ, արդեն 6.5 տոկոս է։

- Իսկ կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում գնաճը զսպելու ուղղությամբ, որ գնաճը չխժռի ձեր աշխատանքը։

- Ես մանրամասն խոսել եմ դրա մասին, որը վերաբերում է թե՛ մատակարարման շղթաները լավացնելուն եւ ավելի էժան գնով սննդամթերքի տարբեր կատեգորիաների ապրանքներ ներմուծելու եւ ունենալու, թե՛ Կենտրոնական բանկի հետ ավելի համահունչ աշխատելու, որի արդյունքում մենք կարողանանք ստանալ էն մոդելը, որը թույլ կտա գնաճի դեմ պայքարել՝ միաժամանակ տնտեսությանը վնաս չտալով։ Ամեն դեպքում, մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառները կամ պայմաններն անհամեմատ ավելի ազդեցիկ են, քան թե էն պայմանները, որոնք մեր վերահսկողության տակ են։

- Ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր էր իշխանություններին, քննադատում էր, թե կարտոֆիլը թանկացել է, ի՞նչ եք առաջարկում ուտել դրա փոխարեն։ Հիմա դուք ի՞նչ եք առաջարկում ուտել, երբ թանկացել են կարտոֆիլը, միսը, կարագը, մյուս ապրանքները։

- Դրա մասին խոսել են էն ժամանակվա նախարարները։ Մենք, իհարկե, էլի եմ կրկնում, ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր արած աշխատանքի արդյունքը հասարակ քաղաքացին զգա իր բարեկեցության վրա։

- Ի դեպ, արդեն հումորային մեկնաբանություններ են անում, թե հիմա այլեւս նախկինները չեն մեղավոր, գնաճն է մեղավոր։

- Լավ, այսքանով ավարտենք։