Ինչու՞ բարձրաձայնեց իրենց թիմի կին պատգամավորներին բռնաբարելու մասին․․․

Ինչու՞ բարձրաձայնեց իրենց թիմի կին պատգամավորներին բռնաբարելու մասին․․․

 

Շարքային քաղաքացին անգամ, երբ գիտի, որ վեճը թեժ է լինելու, իր էջում գրում է․ «խնդրում եմ իմ էջում հայհոյանք, ատելություն պարունակող ոչ մի գրառում չթողնել, մաքրելու եմ»։ Մարդիկ հասկանում ու զուսպ են արտահայտվում։

Երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է  ու օրը մի քանի անգամ լայվ է մտնում կամ ստատուս գրում։ Գիտի, որ հասարակության մեջ բազմաբևեռ ճակատներ կան։ Այդ բևեռները ինքն է ստեղծել՝ սև ու սպիտակ։ Տասնյակ հազարավոր գրառումներ են կատարվում նրա լայվերի, ստատուսների տակ ու այդ գրառումների միջոցով խոհեմ ղեկավարը կարող էր ստեղծել ազգի միասնության բևեռ։ Ոչ մի անգամ նրա մտքով չանցավ գրել՝ իմ էջում խնդրում եմ ատելություն, հայհոյանք պարունակող բաներ չգրեք։ Գոնե ձևական մի բան գրեր, որ այսօր խոսալու տեղ ունենար։ Ու գոնե  մեկը լուրջ ընդուներ, երբ նա բարձր ամբիոնից հայտարարում է, որ «խորհրդարանական մեծամասնության կին պատգամավորներին սոցիալական ցանցերում սպառնում են բռնաբարել, նրանց երեխաներին սպառնում են փողոցներում սատկացնել»։ Ովքե՞ր են նման բաներ պատմում։ Նրանք, ովքեր պաշտպանվելու ոչ մի լծակ չունեն, անճար մարդիկ են ։ Բայց նրանք իշխանություն են, պաշտպանվելու բոլոր միջոցներն ունեն։ Ուրեմն ինչու՞։ Նպատակը մեկն է՝ պաշտպանություն հայցել կոնկրետ դեպքում ժողովրդից, մոբիլիզացնել նրանց ուժերը, խղճահարություն հարուցել, իշխանությունը պահելու այլ ելք չկա։  Անգամ իր մտերիմները նրա խոսքերը լուրջ չեն ընդունում, որովհետև գիտեն, որ դա իրենց ամենորյա բառապաշարն է, իրենք են հայհոյանքների ճանապարհով իշխանության եկել ու նույն ճանապարհով պահում այն։ Վարչապետի էջն ամբողջովին վերածվել է իրեն գովերգողների ու այլախոհներին հայհոյողների թշնամական  ճակատի։ Երկրի ղեկավարն անուղղակի ձևով թույլատրել է ամենասանձարձակ բառերը գրել իր էջում։ Հակառակ կողմին հայհոյելը նրա համար դարձել է պապակ հողը սնուցող ջուր։

Հիմա ի՞նչ է ուզում։ Ինչու՞ է զոհի կարգավիճակում հայտնվել․ որ իր շուրջ համախմբի ցաքուցրիվ եղած իր հայհոյողների՞ն, որոնք արդեն ուղղվել են իր դեմ։