Ցեցն ընկած գորգի պես բզկտվում ենք

Ցեցն ընկած գորգի պես բզկտվում ենք

«Այս պատերազմում մենք բոլոր ուղղություններով տանուլ տվեցինք՝ թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր: Կորցրինք այս սերնդի լավագույն սերուցքը, որն անդառնալի կորուստ է: Ժողովրդի ասած՝ դեռ տաք ենք, երբ սառենք, կարող է նույնիսկ ճաք էլ տանք»,- ասում է գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը

43 օր շարունակ հանրությանն ասացին` վստահեք եւ հավատացեք, հաղթանակը մերն է լինելու, ո՞վ դավեց մեզ` ներսի՞, թե՞ դրսի թուրքը, ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար. «Դրսի թուրքը տեսանելի էր, որին այդ 43 օրերին տեսանք ու դեմն առանք, բայց մենք ներսի թուրքի դեմը չենք կարողանում առնել. Ղարսից մինչեւ Շուշի չկարողացանք դեմն առնել: Հենց դրսի թուրքի դեմն առնում ենք, ներսի թուրքը գլուխ է բարձրացնում․ սա է վտանգավորը: Ես չգիտեմ՝ 30 տարի հետո ինչ է լինելու, բայց ես էլի այդ ներքին թուրքից եմ վախենում: Սա նման է շշից դուրս եկած ջինին, որին չես կարողանում հետ տանել»: 

Թշնամու ողնաշարն էինք ուզում ջարդել, բայց մեր սեփականը կոտրեցինք, ե՞րբ կկարողանանք մեջքներս ուղղել եւ Շուշին վերադարձնել․ Ս. Ղարաբաղցյանի կարծիքով, սա այսօր տանուլ տված մարդու հոգեբանություն է. «30 տարի սա Աստծու պարգեւն էր մեզ, Աստված կխռովի եւ արդեն խռովել է մեզնից, որովհետեւ այդ հնարավորությունը տվեց մեզ` 30 տարի առաջ Շուշին ազատագրեցինք, բայց հիմա ի՞նչ՝ նորից 30 տարի հույս փայփայենք ու հույսն էլի Աստծո՞ւ վրա դնենք: Եթե Աստված մեկից խռովում է, նման շռայլություն չի անում եւ դժվար թե մեր հանդեպ էլի նման շռայլություն անի»:    

«Արցախի նախագահի ելույթ-վերջերգը ջրի երկու կաթիլի պես նման էր վարչապետի վերջերգին: Արցախի նախագահն ասում է, թե իբր բանակը, զորքը բարոյալքվել-հյուծվել էր... Նրա խոսքից այնպես հասկացվեց, որ համարյա կորոնավիրուսն է մեղավոր, որ բանակը բարոյալքվել է, բայց կորոնավիրուսը թշնամու` թուրքի մոտ էլ կար, կարող է հակաշիճուկը խմում էին, նոր էին դուրս գալիս մարտադաշտ: Պարոն նախագահ, մի՞թե բարոյալքված ու հյուծված բանակում հնարավոր էին այդքան հերոսներ, վկան՝ ձեր շռայլորեն բաժանած մեդալներն ու կոչումները... Ինչպե՞ս եք նայելու ձեր որդիների, թոռների աչքերի մեջ»,- ասում է Ղարաբաղցյանն ու ցավով նկատում` փոխանակ վարչապետը կանգներ ու ասեր, որ դեռ ամեն ինչ կորած չէ, իր ելույթով ակնհայտ քաղաքացիական պատերազմի կոչ արեց. 

«Դու ումի՞ց ես վրեժ ուզում լուծել, երբ ժողովուրդն իր տեղը չի գտնում, գոնե այնքան ուժ ունեցեք, որ ժողովրդին մի փոքր հույսով կերակրեք, որպեսզի առավոտը աչքը բացի ու տեսնի, թե ինչ է անելու, թե չէ բոլորս հոգեհացի սեղանի նստած ազգ ենք դարձել, չգիտեմ՝ ուր ենք գնալու այսպես...: Երբ մարդը շատ մեծ բան է կորցնում, նրան պետք է մխիթարանքի խոսքեր ասել, բայց ոչ պակաս կարեւոր է, թե ով է ասում այդ մխիթարանքի խոսքը..., այսօր մենք նաեւ այդ հույսն ենք կորցնում: Եթե ժողովուրդն իր գլխին դրած բերեց սրանց, ուրեմն նույն ժողովուրդը ոտքերը պարզած դիակի պես պետք է տանի սրանց ու պատվով-կարգով թաղի, բայց թե ինչ կունենանք դրանից հետո այս վիճակում, դժվարանում եմ ասել։ Մենք հիմա ցեցն ընկած գորգի պես բզկտվում ենք, ինչքան էլ թանկարժեք գորգ ենք, բայց ցեցն ընկած ենք, որը վերականգնելու, բուժելու համար շատ մեծ ջանքեր են պետք»,- դառնությամբ նշում է գրողը: 

«Սիսական» ջոկատի անդամ, գեղանկարիչ Աշոտ Ավագյանը չգիտի, թե հիմա ինչ կտա իշխանափոխությունը, բայց եթե դա մի քիչ շուտ լիներ, կամ գոնե ընդհանուր ռազմական շտաբ ստեղծվեր, իրավիճակն անպայման կփրկվեր. «Վերջին 15 օրը, իմ կարծիքով, բացարձակ ոչ մի բան չեն արել, բոլորին կանչել-գրանցել են, ասել են` կկանչենք, բայց բան չեն արել: Սկզբում ինձ թվում էր, թե դա փնթիություն է, բայց հիմա ուրիշ տեսք է ստանում, որը կարելի է անգամ դավադրություն ասել...»: Այդ դեպքում ո՞վ դավեց եւ հանձնեց Շուշին։ «Իսկ ինչո՞ւ միայն Շուշին... մենք տվեցինք` ո՞վ տվեց։ Մեր բառադիությունը..., երբ 2018-ին հավատացինք սրան... միշտ էլ հողերը հանձնելու այդ տրամադրությունը եղել է... ինքը միշտ գցել է նախկինների վրա, բայց էդպես չի եղել...: Եվ այստեղ ամենաողբերգականն այն է, որ 2 տարի շարունակ ասում էին, որ սա եկել է հողերը տալու, մենք գիտեինք դրա մասին, ուրեմն ինչի՞ էդքան երեխեքի կոտորեցին... իսկ ի՜նչ թառլան երեխեք էին...: Սա խայտառակություն է, սենց անգամ Ղարսը չի եղել: Անգամ այդ ԱԹՍ-ները, որ այդքան վնաս էին տալիս, միեւնույն է, որոշ հատվածներում մինչեւ վերջին տասն օրը ամուր կանգնած են եղել տղերքը, բայց հարավից որ այդքան առաջացան, բարոյալքման նման մի բան գնաց, թեպետ դա խորքում չէր զգացվում․․․»:

Հետո-ի համար ի՞նչ լուծում կարող է գտնվել, հնարավոր կլինի՞ ապագայում պատմությունը սրբագրել։ «Եթե նույն բառադի ազգը մնանք` չէ, մեջքն ուղղելը գիտե՞ս ինչ դժվար բան է, նախորդ անգամ 100 տարի պետք եղավ, որ մեջքներս շտկենք, իսկ հիմա՞․․․ Ովքե՞ր են գալու իշխանության, ի՞նչ գաղափարաբանություն ա դրվելու առաջիկա 30 տարվա համար, նոր սերնդին ո՞նց ենք դաստիարակելու` էլի սորոս-մորոսներո՞վ։ Ի՞նչ ենք անելու` խաղաղությո՞ւն ենք քարոզելու։ Անցած պատերազմում նաեւ եղեռնի հիշողությամբ կրեցինք մենք, հիմա ովքե՞ր են գալու, դա կախված է լինելու նաեւ քաղաքական իրավիճակից, թե նորից երբ է աշխարհում սահմաններ գծվելու, միգուցե նոր սահմաններ գծելու ժամանակ եւս մեկ անգամ փորձ անենք, բայց դա երբ կլինի, ոչ ոք չգիտի...»: