Նևրոզների կլինիկայում այլևս հիպնոսի մասնագետ չկա

Նևրոզների կլինիկայում այլևս հիպնոսի մասնագետ չկա

Հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանից, որը նախկինում երկար տարիներ գլխավորում էր Նևրոզների կլինիկան, «Հրապարակը» հետաքրքրվեց, թե կենտրոնում ինչ աշխատանքներ էին տարվում 44-օրյա պատերազմի ընթացքում նաև հոգեբանական խեղումներ ստացած զինվորների ու կամավորների համար։

«Ամբողջ պատերազմի ժամանակ մենք կարողանում էինք օգնել իրենց, գալիս էին ահավոր հոգեբանական տրավմաներով, մեկը կուրացել էր, չէր կարողանում խոսել, երկրորդը չէր կարողանում շարժվել, մենք կարողանում էինք նրանց բուժել հոգեթերապևտիկ ճանապարհով՝ հիպնոսի միջոցով ես բոլորին հանեցի։ Ովքեր էն ժամանակ, որ եկել են իմ հիվանդանոց, էն ժամանակ դուրս են եկել առողջացած ու ստացել են էնպիսի օգնություն, որ ուրիշ տեղ չէին կարող ստանալ»,-ասաց Ցոլակ Հակոբյանը։

Հիվանդների հիմնական մասին կլինիկա ուղեգրել է բժշկական հոսպիտալը։ Ցոլակ Հակոբյանն ասում է, որ «այդ տիպի պացիենտներին» կարելի է այդ վիճակից հանել միայն հոգեթերապևտիկ ճանապարհով՝ հիպնոսի միջոցով, ոչ դեղորայքային ճանապարհով։ Հոգեթերապևտն ասում է, որ իր հեռանալուց հետո Նևրոզների կլինիկայում այլևս չեն մնացել հիպնոսի մասնագետներ։«Ցավոք սրտի, այնտեղ մնացել են միայն հոգեբույժները»,-հավելեց Ցոլակ Հակոբյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին կառավարությունն ազատվեց կլինիկայի երկարամյա գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանից, և, չնայած բուժանձնակազմի ու հիվանդների բունտին, նրա փոխարեն նշանակեց սովետական շրջանում բժշկական համալսարանի ռեկտոր, մանկաբույժ Վիլեն Աստվածատրյանի մասնագիտությամբ ռենտգենոլոգ որդուն՝ Գրիգոր Աստվածատրյանին։

Ինչպես հայտնի է՝ Քասախում գտնվող Նևրոզների կլինիկան, 2017 թվականից ներառված է կառավարության Պետական գույքի կառավարման կոմիտեում այլ բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ցանկում, ամեն տարի դրվում է աճուրդի, բայց գնորդ չի գտնվում։ 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող կլինիկայի ակտիվները գնահատված են 176 172 700 ՀՀ դրամ։