Իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբոր համար բժշկական հանձնաժողով ձեւավորվե՞լ էր

Իսկ Խաչատուր Սուքիասյանի եղբոր համար բժշկական հանձնաժողով ձեւավորվե՞լ էր

Այսօր երկու լուր հայտնվեց լրահոսում: Մեկն այն մասին, որ ԱԺ պատգամավոր, իշխանական սրտի օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել կալանքից: Մյուսն այն մասին, որ բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Իզմիրլյան կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործով բժշկական հանձնաժողով է ձեւավորվել, որը պետք է պարզի` նա առողջական խնդիրներն այնքան լո՞ւրջ են, որ նրա նկատմամբ դատարանը գրավ կիրառի, թե՞ մարդը պետք է շարունակի մնալ կալանքի տակ` մինչեւ մեռնի:

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը Երեւանի կենտրոնում հրազենով մարդ էր վիրավորել` կրակել էր ոտքին: Եւ եթե մամուլի բարձրացրած աղմուկը չլիներ մեկ օր անգամ չէր կալանավորվի, սակայն դա ընտրությունների նախօրյակն էր եւ իշխանությունը դեռ վախենում էր հանրային աղմուկից, ուստի Սուքիասյանի եղբորը կալանավորեցին ու անմիջապես էլ տեղավորեցին կալանավայրերի հիվանդանոցում: Իսկ պրոֆեսոր Չարչյանը, որը նաեւ ԱԺ պատգամավոր է եւ նրան պատգամավորական անձեռնմխելիությունից չեն էլ բարեհաճել զրկել, ընտրական ինչ որ անհեթեթ մեղադրանքով, որտեղ ըստ ամենատարբեր մասնագետների` հանցակազմ էլ չկա, արդեն ամիսներ է կալանավորված է: Եւ առողջական վիճակը ծայրահեղ ծանր է` շաքարի շատ բարձր բաղադրություն եւ այլն:

Հետաքրքիր է` ինչով է առաջնորդվել դատարանն ազատ արձակելով հրազենի կիրառմամբ ակնհայտ հանցանք կատարած անձին եւ ինչով է առաջնորդվում դատարանը` երբ գրավի կիրառման միջնորդությունն անգամ մերժում է եւ բժշկական հանձնաժողով ձեւավորելու որոշում կայացնում: Իսկ առողջապահության եւ արդարադատության նախարարություններն էլ` վերեւից իջած հրահանգով, հնարավորինս ձգում են այդ հանձնաժողովի ձեւավորումը: Մինչդեռ մարդու արյան մեջ շաքարի պարունակությունը ստուգելու համար 5 րոպեանոց անալիզ են անում եւ այդ անալիզը պետք է բավարար լիներ, որ դատարանը փոխեր նրա խափանման միջոցը:

Այսքան անթաքույց քաղաքական հետապնդումներ անելիս եւ յուրայիններին արտոնություններ շնորհելիս, տեսնես, անհարմար չե՞ն զգում: