Պուտինի ցավոտ հարվածը

Պուտինի ցավոտ հարվածը

Դաղստանի ինքնավար հանրապետության իրավապահ մարմինների անանուն աղբյուրն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է, որ օոգոստոսի 5-ին ձերբակալվել է Դերբենտի շրջանի նախկին ղեկավար Գուրբան Գուրբանովը: Վերջինս պաշտոնից ազատվել էր 2014 թվականին: Նրա դեմ պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառակերության եւ կոռուպցիայի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել, ինչը Բաքվում դժգոհության տեղիք էր տվել: Ադրբեջանում Դաղստանը եւ մասնավորապես Դերբենտը համարում են «վաղնջական թյուրքական»:

Խորհրդային շրջանում Դաղստանի մարզկոմի քարտուղար է աշխատել Իլհամ Ալիեւի մորական պապ Ազիզ Ալիեւը: Մամուլում մեկ անգամ չէ, որ գրվել է Ստալին-Միր-Ջաֆար Բաղիրով՝  առնվազն Դերբենտի շրջանն Ադր. ԽՍՀ կազմ մտցնելու պայմանավորվածության մասին: Քաղաքական այդ խարդավանքները նորովի արծարծվել են կոմունիստական Ադրբեջանում Հեյդար Ալիեւի իշխանության տարիներին: Այդ առթիվ նույնիսկ հայտնի ավար բանաստեղծ Ռասուլ Համզաթովն է գրել. «Երբ իմ հայրենիքում պառկում եմ քնելու, կուզենայի, որ հարավից միայն խաղաղության սյուք փչեր»: Անկախության հռչակումից ի վեր Ադրբեջանում Դերբենտի «թյուրքականության» թեման նոր դրսեւորումներ է ստացել:

Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն գերադասում էր Դաղստանում նախ  «հինգերորդ զորասյուն» կազմավորել, ապա սպասել հարմար առիթի: Հարավային Կովկասում Թուրքիայի հավակնությունների համատեքստում, երեւում է, Մոսկվան «ճգնաժամային» վերլուծություն է կատարել եւ որոշել, որ պետք է կանխարգելիչ հարված հասցնի: Այլապես վեց տարի անց Գուրբան Գուրբանովի գործը հանկարծակի չէր վերաբացվի եւ նրան չէին ձերբակալի: Ընդ որում, այս անգամ ներկայացվում է պետական հողերի ապօրինի օտարման մեղադրանք: Խոսքը հարյուրավոր հեկտարի հասնող հողերի մասին է, որ Գուրբանովն օտարել է: Ու՞մ՝ պարզ կդառնա քրեական գործով քննության ընթացքում:

Չի բացառված, որ Դաղստանում հողի սեփականատեր են դարձել Ադրբեջանի քաղաքական վերնախավը ներկայացնող նախկին ու ներկա պաշտոնյաներ եւ կոռումպացված գործարարներ: Ուշագրավ է, որ նույն օրն ռուսաստանցի իրավապահները ձերբակալել են նաեւ Դերբենտի շրջանի գործող ղեկավար Ֆուադ Շիխիեւին՝ դարձյալ նույն մեղադրանքով: Որ իրավապահները գործել են Ռուսաստանի քաղաքական ղեկավարության իմացությամբ՝ դրանում կասկած լինել չի կարող: ՌԴ նախագահ Պուտինն, ամենայն հավանականությամբ, պատկան մարմիններին տվել է Դաղստանում Իլհամ Ալիեւի »հինգերորդ զորասյունը» կազմացրելու հատուկ հանձնարարություն: Չափազանց ուշագրավ է, որ ձերբակալված Գուրբանովը վերջին հինգ տարիներին զբաղեցնում էր Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանի Դաղստանի բաժանմունքի ռեկտորի պաշտոնը: Եթե նկատի ունենանք, որ Ադրբեջանում բուհերի ռեկտորներին նշանակում է նախագահը, ապա պարզ կլինի, որ Գուրբանովը չէր կարող առանց Իլհամ Ալիեւի եւ Ռուսաստանի նախագահի իմացության նման պաշտոն զբաղեցնել: Փաստացի նա Դաղստանում Իլհամ Ալիեւի լիազոր ներկայացուցիչն էր: Եւ նրա ձերբակալությունը ՌԴ նախագահ Պուտինի ծանր հարվածն է Իլհամ Ալիեւին:

Ի՞նչ ընթացք կունենա քրեական գործը: Ռուսաստանը մինչեւ վերջ հետեւողական կլինի՞ Դաղստանն Իլհամ Ալիեւի ազդեցությունից մաքրելու գործում, թե ինչպես 2014 թվականին՝ կողմերը կգան կուլիսային պայմանավորվածությա՞ն: Գուրբանովի առաջին ձերբակալությունից անցել է վեց տարի: Այդ ընթացքում աշխարհը փոխվել եւ արագորեն փոխվում է: Ռուսաստանը պարտադրված է հարավային սահմաններն ապահովել արտաքին էքսպանսիայից: Բայց հաջողության հասնելու համար նախ պետք է ներսի «կեղտը» մաքրի: