Սեւ-սպիտա՞կ

Սեւ-սպիտա՞կ

Արցախում նախագահական ընտրություններին մեկ տարուց ավելի ժամանակ դեռ կա, բայց ֆեյսբուքում արդեն «քվեարկություն» է ծավալվել: Որտեղի՞ց է այս նախաձեռնությունը եւ ինչու՞ հանրային քննարկման է դրվել միայն երկու անուն՝ Մասիս Մայիլյան եւ Արայիկ Հարությունյան: Ընդ որում, Մայիլյանը նախագահի թեկնածու առաջադրվելու մտադրություն դեռեւս չի արտահայտել: Թեեւ, իհարկե, վերջին շրջանում սկսել է ավելի ակտիվ շփվել լրատվամիջոցների հետ: Բայց դա, հնարավոր է, պայմանավորված է Արցախի հարցի շուրջ զարգացումներով: Մի խոսքով, Արցախի արտգործնախարարը շարունակում է կատարել պաշտոնական պարտականությունները, կուսակցության անդամագրվելու ուղղությամբ քայլ չի արել, ոչ էլ քաղաքական ուժերից որեւէ մեկն է հայտարարել նրան աջակցելու մտադրության մասին:

Չմոռանանք, որ սահմանադրությամբ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն միայն կուսակցությունները, չկա ինքնաառաջադրում, բացակայում է հանրային ստորագրահավաքով թեկնածու առաջադրելու նորմ: Առայժմ նախագահի թեկնածու առաջադրելու որոշում երկու կուսակցություն ունի՝ Ազատ հայրենիքը եւ ԱԺԿ-ն: Եւ տրամաբանական կլիներ, եթե ֆեյսբուքում քվեարկության դրվեին նրանց առաջնորդների՝ Արայիկ Հարությունյանի եւ Աշոտ Ղուլյանի, անունները: Կամ ինչու՞ քվեարկության չի դրվել նաեւ Վիտալի Բալասանյանի եւ Սամվել Բաբայանի թեկնածությունը: Ինչ-որ մեկին, ըստ երեւույթին, պետք է եղել հակադրել Արայիկ Հարությունյանին եւ Մասիս Մայիլյանին: Եւ ստացվել է ձայների 60/40 տոկոսի հարաբերակցություն՝ հօգուտ Արայիկ Հարությունյանի: Իրականությանը մո՞տ է ֆեյսբուքյան քվեարկության պատկերը: Մասիս Մայիլյանը 2007 թվականին նախագահի թեկնածու է եղել եւ Բակո Սահակյանի հետ մրցապայքարում ստացել ընտրողների կողմ ձայների 14 տոկոսը: Այդուհետեւ ավելի քան մեկ տասնամյակ նա քաղաքականությամբ չի զբաղվել:

Հիմնադրել եւ գլխավորել է արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանրային խորհուրդը, հիմնականում զբաղվել փորձագիտական աշխատանքով: Տասնամյա մեկուսացումից հետո նա նշանակվել է Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար: Որոշակի շրջանակներ, այդ թվում եւ Երեւանից, Մայիլյանին համարում են Արցախի հարցով լուրջ փորձագետ: Բայց միայն դա բավարա՞ր է երկրի ղեկավարի պաշտոնին հավակնելու համար: Մանավանդ որ, կրկնենք, Մայիլյանն ինը նման ցանկություն դեռեւս չի արտահայտել, եւ եթե քաղաքական դաշտի հիմնական խաղացողներն ունեն նախագահի սեփական թեկնածու առաջադրելու մտադրություն, ապա ո՞ր կուսակցությունն է իր վրա վերցնելու Մասիս Մայիլյանի հենարան լինելու բեռը: Այս խնդիրը մնում է ինտրիգային՝ տպավորություն թողնելով, թե Մասիս Մայիլյանը կամ մինչեւ եկող տարի կստեղծի նոր կուսակցություն կամ բանակցություններ կսկսի քաղաքական ուժերից որեւէ մեկի հետ կամ առհասարակ չի մասնակցի նախագահական ընտրություններին:

Ամեն դեպքում ֆեյսբուքյան քվեարկության պատկերը նրա համար պետք է, որ ոգեւորիչ չլինի: Բայց հիմնական խնդիրն այն է, որպեսզի նախագահի ընտրության հանրային ընկալումը սեւ-սպիտակի հակադրության վրա չկառուցվի: Շրջանառվող բոլոր թեկնածուներն էլ որոշակի ճանապարհ անցած եւ Արցախի պետական կյանքում դերակատարություն ունեցող գործիչներ են: Ընտրությունը պետք է կատարվի երկրի զարգացման շուրջ նրանց պատկերացումների եւ կոնկրետ ծրագրերի միջեւ: