ՍԴ դիմելու որոշումը կայացվել է խափանման միջոցի հետ միասին

Երեկ տեղեկացանք, որ Մարտի 1-ի քրեական գործի քննությունը դատարանը կասեցրել է եւ դիմել է Սահմանադրական դատարան՝ այդ գործին առնչվող ինչ-որ հանգամանքով սահմանադրականության հարցը որոշելու։ «Որոշումը դեռ չենք ստացել, այդպիսի ինֆորմացիա ստացել ենք, եւ ենթադրում եմ, որ ճիշտ է, բայց մինչեւ որոշումը չստանամ, չեմ կարող հաստատել կամ հերքել։ Մենք ե՛ւ կալանքի գործի շրջանակներում, ե՛ւ դրանից անկախ մի քանի միջնորդություն էինք ներկայացրել որոշակի հոդվածների սահմանադրականության հետ կապված։ Դրանցից մեկը վերաբերում է 300.1 հոդվածի սահմանադրականությանը, մյուսը՝ հետադարձ ուժի սահմանադրականությանը, 3-րդը՝ անձեռնմխելիության հարցին։ Եթե տվյալ որոշումը կա, ապա պետք է հասկանանք, թե որ հարցերն են առաջադրվել, որովհետեւ դատարանն իր վարույթում քննվող գործով եթե գտնում է, որ կա Սահմանադրությանը հակասելու հարց, ինքը համապատասխանաբար դիմում է ՍԴ՝ այդ հարցը պարզելու համար»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Օրբելյանը չի բացառում, որ Քոչարյանի գործը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու որոշումը եղել է հենց շաբաթ օրը, երբ կայացվեց խափանման միջոցը փոխելու որոշումը։ Իսկ ՍԴ դիմելու որոշումից մոտ 24 ժամ առաջ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը գրել էր «Ովքեր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը» վերտառությամբ մի հոդված, որում նշված էր․ «Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը: Ըստ աղբյուրի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են վերաքննիչ դատարանի երեք դատավորներ․ Վազգեն Ռշտունի՝ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Սակայն աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել: Վերոնշյալ անձինք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը եւ գործն ուղարկել Սահմանադրական դատարան, որպեսզի Սահմանադրական դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում սահմանադրական կարգը տապալվե՞լ է, թե՞ ոչ: Եթե դա նրանց հաջողվեր, ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ:
Վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու գլխավորությամբ, այն հիմքով, որ գործը կասեցված է եւ գտնվում է Սահմանադրական դատարանում, մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ գլխավոր դատախազի բողոքը: Սահմանադրական դատարանը ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ եւ որոշում կայացներ, որ Քոչարյանի արարքների հետեւանքով սահմանադրական կարգը չի տապալվել»։
Մեր հարցին, թե ինչպես կմեկնաբանի պաշտպանը Բարսեղյանի այս գրառումը, նա ասաց․ «Չեմ բացառում, որ շաբաթ օրը, որովհետեւ եթե նայում ենք Քրեական դատավարության օրենսգիրքը, դատարանը կալանքի որոշումը պետք է ընդունի դրա 292-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկի հետ միաժամանակ։
Դրանցից է նաեւ ՍԴ դիմելու որոշումը։ Հիմա արդյունքում ստացվում է, որ ինքն իրականում շաբաթ օրը պետք է պատրաստ ունենար նաեւ մյուս որոշումները։ Թե երբ է որոշված եղել, ոնց․․․ միայն կարող եմ հաստատել, որ էս պահին ունենք միայն խափանման միջոցի որոշման տեքստը, որը ինքը շաբաթ օրը հրապարակել է, քանի որ անձի ազատության հետ կապված էր, եւ հաջորդող աշխատանքային օրն ուղարկել է մնացած որոշումը»։ Թե դատավորն ինչ հարցեր է առաջադրել ՍԴ-ին, Օրբելյանը չգիտի։
Կարծիքներ