«Լիդիանը» կառավարությանը փաստի առաջ է կանգնեցրել

«Լիդիանը» կառավարությանը փաստի առաջ է կանգնեցրել

«Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերությունը երեկ հաղորդագրություն տարածեց, որով փաստի առաջ է կանգնեցնում ՀՀ կառավարությանը։ Եվ դա գիտակցում են նաեւ կառավարությունում։
«Լիդիանից» նախազգուշացնում են, որ ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) եւ Կանադայի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության կառավարության միջեւ Ներդրումների խրախուսման եւ պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարության հետ վեճերի առկայության մասին: Ուստի, «Լիդիանը» մտադիր է սույն վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ։

«Մեծ Բրիտանիայի հետ երկկողմ համաձայնագրի շրջանակներում Lydian UK-ն կարող է վեճը ներկայացնել միջազգային արբիտրաժ պաշտոնական ծանուցումից 3 ամիս անց, իսկ Lydian Canada-ն Կանադայի հետ երկկողմ համաձայնագրի համաձայն՝ 6 ամիս անց: Միեւնույն ժամանակ ՀՀ կառավարության համար բաց են «Լիդիանի» հետ առկա վեճերը քննարկելու եւ արագ լուծումներ տալու հնարավորությունները»,- հայտարարում են «Լիդիանից»՝ լուսամուտը կիսաբաց թողնելով եւ ակնարկելով, որ կամուրջները վերջնականապես դեռ այրված չեն։ Նշենք, որ եթե վեճը մտավ արբիտրաժ, սա կարող է հղի լինել մեզ համար լուրջ վտանգներով՝ մեզ կանգնեցնելով լուրջ ֆինանսական պարտավորությունների կատարման փաստի առաջ, նաեւ կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա եւ վտանգել ներդրումների հոսքը Հայաստան, որոնք այսօր դեռ չկան։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մեզ հետ զրույցում ընդունեց, որ սրանով «Լիդիանն» իրենց փաստի առաջ է կանգնեցնում, եւ հիմա իրենք քննարկում են, թե ինչ պետք է անեն։ «Հենց հիմա քննարկումներ են մեր մոտ գնում, որ հասկանանք՝ ինչ ենք անելու։ Պարզ է, որ իրենք արբիտրաժ են գնում, դրա համար մենք պետք է խորհրդատվություն ստանանք ու էդ խորհրդատվությունից հետո հասկանանք՝ որոնք են մեր շանսերը, ինչ խնդիրներ կան, ինչ ուղղությամբ պիտի գնանք, այսինքն՝ էդ խորհրդատվության հիման վրա պիտի որոշենք՝ որ ճանապարհով պիտի գնանք»,- ասաց նա։

Նա նշեց, որ խորհրդատվության համար շատ արագ պետք է մրցույթ հայտարարվի, որ ընտրվի, թե որ փաստաբանական ընկերությունն ու ով պետք է խորհրդատվություն մատուցի կառավարությանը։ Հարցին՝ այս հայտարարությունը որեւէ կերպ մտահոգո՞ւմ է կառավարությանը, կարելի՞ է սրանից մտահոգվել, առհասարակ, կառավարության ներկայացուցիչն ասաց․ «Ընդհանուր կարելի է մտահոգվել, այո, հասկանալ, թե առաջին հերթին ինչ պիտի լինի «Լիդիանի» եւ Ամուլսարի հետ։ Այսինքն՝ հիմա արդեն մի տեսակ մեզ փաստի առաջ են կանգնեցնում, պետք է արդեն կշեռքի վրա դնենք եւ այդ կշեռքի բալանսի հիման վրա հասկանանք, թե որ ուղղությամբ պետք է գնանք»։

Սիսեռյանը նաեւ նկատեց, որ փորձաքննությունները հիմա ընթանում են, այսինքն՝ «Լիդիանը» չի սպասել փորձաքննության եզրակացությանը։