Մենք շատ լրջորեն ենք նախապատրաստվում այդ քննարկմանը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր դժվարացավ ասել՝ ինչ դիրքորոշում կհայտնեն իրենք կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծին, քանի որ նախագիծը դեռ չի եկել խորհդրարան։ Բայց նշեց, որ իրենք շատ լրջորեն ենք նախապատրաստվում այդ քննարկմանը իրենց խմբակցության ներսում։ «Որովհետև ինձ համար մի քանի սկզբունքային խնդիրներ կան, մասնավորապես մշակույթի նախարարության հետ կապված, որովհետև ես մնում եմ այն համոզմանը, որ եթե Հայաստանն ունի թիվ մեկ բրենդ, դա մշակույթն է, և դա բացարձակապես չպիտի պայմանավորել, որ այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք մշակույթի նախարարներ, որոնք իրենց աշխատանքը պատկերացրել են միայն մահացած հայտնի մտավորականի հոգեհանգստի մենյուն կազմելով։ Բայց մենք չպիտի ելնենք ոչ պրոֆեսիոնալ և դիլետանտ նախարարների կանխավարկածից և ասելով, որ եթե այս մարդիկ տապալել են ոլորտը, ուրեմն մենք պիտի գնանք օպտիմիզացիայի»,-լրագրողների հետ զրույցում այսօր ասաց տիկին Զոհրաբյանը։
Hraparak.am-ի հարցին, թե մշակույթի արդեն նախկին նախարար Լիլիթ Մակունցի աշխատանքը ինչպե՞ս է գնահատում, Զոհրաբյանն ասաց․ «Անկեղծ ասած՝ ես կդժվարանամ իր աշխատանքը գնահատել, որովհետև չեմ հետաքրքրքվել, մի փոքր հատված եմ իր հետ շփվել Եվրոպական միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակներում, այդ փոքր հատվածում մեր աշխատանքը եղել է արդյունավետ, որովհետև մենք վերջին օրերին հասցրեցինք վավերացնել «Ստեղծագործ Եվրոպա» համաձայնագիրը, որը վավերացնելու միտում կարծես ընդհանրապես չկար»։
Կարծիքներ