Ինչպես է Թուրքիան գրոհայիններ վարձում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան ճակատում կռվելու համար․ Arab News-ի անդրադարձը

Ինչպես է Թուրքիան գրոհայիններ վարձում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան ճակատում կռվելու համար․ Arab News-ի անդրադարձը

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության սրացման հարաճուն ընթացքի ֆոնին Անկարան Բաքվին առաջարկել է իր լիակատար դիվանագիտական օգնությունը։ Եվ ոչ միայն։ Ռեգիոնից տեղեկություններ են ստացվում, որ Ղարաբաղում ադրբեջանական կողմից մարտերին մասնակցում են Սիրիայից տեղափոխված մի քանի հարյուր գրոհայիններ»։ Այս մասին հայտնում է սաուդական Arab News-ը։

Ըստ պարբերականի, Սիրիայի, Իրաքի եւ Լիբիայի գործերում Անկարայի ոչ միանշանակ միջամտությունից հետո, այժմ էլ սկսել է ակտիվորեն մասնակցել Հարավային Կովկասի հակամարտությանը, ինչը քննադատության առիթ է դարձել, կապված այն բանի հետո, թե որքան հեռուն կարող է գնալ Թուրքիայի նախագահը իր ռեգիոնալ հավակնություններում։ Հայաստանի պաշտոնական շրջանակները մեկ անգամ չէ, որ մատնանշել են, որ թուրքական զորքերի մի մասը մնացել են Ադրբեջանում, այնտեղ անցնող ամռանը տեղի ունեցած համատեղ զորավարժություններից հետո։

Arab News-ի աղբյուրները նշում են, որ որոշ վարձկան գրոհայիններ Անկարայի կողմից ներգրավվել են լիբիական ճակատից, որտեղ վերջին շրջանում հարաբերական հանգիստ է հաստատվել։ «Սիրիական ազգային բանակ» խմբավորումից էլ, որը հանդիսանում է Թուրքիայի դաշնակիցը սիրիական հողում, հաղորդում է ստացվել, որ հազար գրոհային ցանկություն է հայտնել մասնակցել Ղարաբաղի պատերազմին։ Արաբական պարբերականը գրում է, որ Հայաստանում խոսում են, որ ներկայիս սրացումը Ղարաբաղյան հակամարտության գոտում չի մնացել առանց սիրիացի գրոհայինների։ Մոտ 300 գրոհային է տեղափոխվել այնտեղ։

Թուրք լրագրող Հիքմաթ Դուրղունը հայտարարել է, որ «Սիրիական ազգային բանակի» գրոհայինները տեղակայվել են Արցախի շուրջ։ Սիրիացի գրոհայինները հավաքագրվում են թուրքական հետախուզության կողմից։ Խոստացվում են ամենամսյա վճարումներ երկու հազար դոլարի չափով եւ հետագայում թուրքական քաղաքացիություն։

Ըստ պարբերականի, գրոհայինները ռազմատրանսպորտային օդանավերով տեղափոխվել են Բաքու եւ Գյանջա՝ օգտագործելով Վրաստանի տարածքը։ Մեկ ամիս առաջ, WhatsApp հավելվածի միջոցով սիրիացի գրոհայինների շրջանում լուրեր են տարածվել, որ նրանք կարող են գրանցվել՝ Ադրբեջան մեկնելու համար։ Շատերը գրանցվել են հենց հավելվածի միջոցով։ Մյուսները սիրիական հողերում գտնվող թուրքական գրասենյակների միջոցով։ Խոստումները եղել են բավական գայթակղիչ՝ 2000-2500 դոլար ամսեկան աշխատավարձ։ Հիմնականում գրանցվել են «Համզա դիվիզիայից», որը գործում է Սիրիայի հյուսիսում։