Եթե ինչ-որ մեկն ընտրում է Նիկոլին, ուրեմն ընտրում է մահը, մեր երկրի չլինելը

Եթե ինչ-որ մեկն ընտրում է Նիկոլին, ուրեմն ընտրում է մահը, մեր երկրի չլինելը

Հարցազրույց Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի 
հետ

- Հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին Դուք ներկայացնում եք Արթուր Վանեցյանի «Պատիվ ունեմ» դաշինքը։ Այս դաշինքի շանսերն ինչպե՞ս եք գնահատում, այդ թվում՝ Ձեր համայնքում։

- «Պատիվ ունեմ» դաշինքի շանսերը բարձր եմ գնահատում։ Ինչի՞ հենց այս դաշինքը․ քանի որ այնտեղ է իմ լավագույն ընկերը, իմ լավագույն գերագույն հրամանատարը, որի հետ ես երկար տարիներ աշխատել եմ։ Ինքը խրամատում զենքը ձեռքին պայքարել է թշնամու դեմ։ Իհարկե, որոշ թերություններ արձանագրվել են ժողովրդի եւ իր կողմից։ Ես իրեն շատ հարգում եմ, անձնական մոտիկություն ունեմ։ Երբ իրեն մոտեցել եմ որպես գյուղապետ եւ մի հարց եմ բարձրացրել, Սերժ Սարգսյանն անմիջապես արձագանքել է, եւ դա դարձել է իրականություն, օրինակ՝ մշակույթի տունը, բուժամբուլատորիան, դպրոցի հետ կապված եղել է իր միջամտությունը։ 

- Սերժ Սարգսյանին 2018-ին մերժեցին, 3 տարի հետո նրա թիմը հնարավորություն ունի՞ կրկին վերադառնալու, նրա վարկանիշը, կարծում եք, բարձրացե՞լ է։

- Այդ փողոցային հիմարություններին ես չեմ արձագանքել, շատ վատ եմ զգացել եւ ճանաչելով այս ներկայիս իշխանավորներին՝ լավ հասկացել եմ եւ զգացել եմ վտանգն ի սկզբանե։ Նաեւ հրապարակավ ելույթները՝ կբռնենք, կծեփենք պատերին, դատավորների հետ կապված ինչ ձեւի վարվեցին, մեր եկեղեցու հետ ինչպես վարվեցին, գեներալիտետին ինչպես գլխատեցին։ Մեծագույն սխալներից մեկն է եղել հայ ժողովրդի․․․

- Ձեր դաշինքը կհաղթի՞ այս ընտրություններում։

- Դաշինքի անունն արդեն իսկ ամեն ինչ ասում է, եթե որեւէ մեկն իր պատիվը չպիտի պահի․․․ Այո, կլինեն մարդիկ, որ կպարուրվեն այդ անվան տակ, բայց մենք պետք է շատ զգուշավոր լինենք եւ նման մարդկանց հայտնաբերենք ու դուրս մղենք մեր շարքերից։

- «Հայաստան» դաշինքի մասին ի՞նչ կարող եք ասել, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած․․․

- Նույնը։ Մի տարբերություն կարող եմ ասել, որ ես Սերժ Սարգսյանի հետ մոտիկություն ունեմ։ Ռոբերտ Քոչարյանի մասին էլ եմ ասել՝ շատերը կերազեին իր արածի կեսն անեին, ես դատարան էլ եմ գնացել՝ որպես աջակցություն նրա։ Էդ նույն Հյուսիսային պողոտայի մասին որ վայրահաչում էին, բերեց Փաշինյանը Կանադայի վարչապետին, ամենավիրավորականը, որ ՀՀ դրոշի գույներով նասկի հագցնել տվեց։ Գետինը մտներ ավելի լավ էր, քան նման բան աներ։

- Բայց հակառակ կողմն էլ հիշում է, որ նույն այդ Հյուսիսային պողոտայի բնակիչները մնացին անտուն եւ տարիներ շարունակ դատարանում իրենց տների համար կռիվ էին անում։

- Միգուցե, այդ որ ասում են՝ թերություններ կան, այո, սխալներ եղել են, եւ մենք պետք է աշխատենք, որ այդ սխալները նորից չկրկնվեն։ Իրականում ծանր է անտուն մնալը, բայց ես կարծում եմ, որ բոլորն էլ գումար ստացել են։ Չեմ կարծում, որ որեւէ մեկը փոխհատուցում չի ստացել։ Այո, քաշքշուկներ եղել են, բայց փոխհատուցում եղել է։

- Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ից, «Պատիվ ունեմ»-ը դահլիճային հանդիպում է ունեցել մարդկանց հետ․․․

- Այո, հանդիպում էր ընդհանուր ակտիվի եւ պատգամավորության թեկնածուների հետ, ես էլ եմ ներկա եղել։

- Ի՞նչ ֆորմատով է քարոզարշավն ընթանում՝ դահլիճայի՞ն, թե՞ գյուղերով, քաղաքներով շրջելու եք, մարդկանց համոզեք, որ ձեզ ընտրեն։

- Նույնն է, տուն առ տուն, ընկեր առ ընկեր, ճանաչող-չճանաչող, մենք ՀՀ քաղաքացի ենք բոլորս։ Այս տարբերությունը՝ սեւ ու սպիտակի, տարբեր ձեւերով տարանջատել են մեր ժողովրդին, պետք է գնալ միասնության։

- Իշխանության քարոզարշավին հետեւո՞ւմ եք, Փաշինյանն աղմկահարույց հայտարարություններով է հանդես գալիս․․․

- Հետեւում եմ քարոզարշավին, ասեմ, որ հիմարություն է։ Եկած օրվանից՝ նույն ձեւը։ Չի կարելի, ես ամաչում եմ, որ տենց վարչապետ ունենք։ Ի՞նչ է նշանակում՝ մենք գելխեղդ ենք, շան տեսա՞կ ես դու։ Կամ ի՞նչ է նշանակում՝ գերիները 50 հոգի պլյուս-մինուս, էդպե՞ս են հաշվում, եւ ի՞նչ է նշանակում՝ երկու ամիս էլ կդիմանան մեր գերիները։ Այդ ստորը պետք է պատկերացնի, որ գերիի մեկ վայրկյանը շատ վատ է, ընդ որում՝ թուրքի ձեռը, ի՞նչ օր են քաշում։

- Նաեւ խոսում է քաղաքական վենդետաների մասին։ Եթե ՔՊ-ն հաղթի, Դուք վենդետայի ենթարկվողների շարքում կլինե՞ք։

- Քանի լեւոնիզմն ու նիկոլիզմը կան մեր երկրում, մենք հանգիստ չենք ունենալու, ժամառժամ մեր ժողովուրդը բաժան-բաժան է լինելու։

- Դուք մտավախություն ունե՞ք, որ Ձեր նկատմամբ էլ քաղաքական վենդետա կլինի։

- Վենդետա․․․ գլուխը պատին կտա։ Նախ՝ չի ընտրվի, իմացեք, ժողովուրդը երկրորդ անգամ նույն սխալը չի գործի։ Այս ժամանակահատվածում տեսավ, որ ոչ մի արդյունք չկա։ Սրանք ղեկավարվում են թուրքի կողմից, համոզված եմ, որ կառավարության շենքում եւ ԱԺ-ում գործում են «Գորշ գայլերը»՝ ղեկավարվելով թուրքի կողմից։ Պայքարելու ենք, որպեսզի մարդասպանը չընտրվի, եթե ինչ-որ մեկն ընտրում է Նիկոլին, ես համարում եմ, որ ընտրում է մահը, այս երկրի չլինելը, ընտրում է իր դեռ չծնված մանկան մահը։