Կորոնավիրուսն ազդել է նաև պղնձի գների եվ վաճառքի վրա

Կորոնավիրուսն ազդել է նաև պղնձի գների եվ վաճառքի վրա

Վերջին մեկ-երկու ամիսներին Չինաստանում կորոնավիրուսի տարածման դեպքերով պայմանավորված՝ դադարել է ապրանքաշրջանառությունն այդ երկրի հետ եւ շատ այլ երկրների միջեւ։ Թեպետ որոշ ապրանքատեսակներ կան, որ Չինաստանից դեռ առաքվում են արտերկիր, այդ թվում՝ Հայաստան։ Կորոնավիրուսից զերծ չմնաց նաեւ Հայաստանը, արդեն հայտնի է, որ մեր երկրում եւս վարակման դեպք է գրանցվել, բացի այդ, Հայաստանն էլ, շատ այլ երկրների նման, այս պահին դժվարություններ ունի Չինաստանի հետ տնտեսական համագործակցության, առեւտրաշրջանառության հարցում։ Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ արդեն մեկ ամսից ավելի կլինի՝ Հայաստանից դադարել է պղնձի խտանյութի արտահանումը Չինաստան, որը կատարվում է երկաթուղու միջոցով, Իրանով։

Մարտի 2-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելով փետրվար ամսվա աշխատանքի արդյունքները։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Հաշվի առնելով արտաքին տնտեսական իրավիճակը՝ որոշ անկում են արձանագրել բեռնաշրջանառությունը (0,2%՝ նախորդ տարվա համեմատ), երկաթուղային արտահանումը (23,5%)՝ տեղական փոխադրումների 13%-անոց աճի ֆոնին»։

Բացի այդ, մենք տեղեկացանք, որ կոնկրետ պղնձի խտանյութի արտահանումը այս տարվա փետրվար ամսին նախորդ տարվա փետրվարի համեմատ նվազել է մոտ 30 տոկոսով։ Եվ դա, մեր տեղեկությամբ, պայմանավորված է հենց Չինաստանում կորոնավիրուսի տարածման ալիքով։ Քանի որ կորոնավիրուսով պայմանավորված՝ Չինաստանը փակել է սահմանները, այդ պատճառով բեռնափոխադրումներ պարզապես տեղի չեն ունենում դեպի այդ երկիր։ Հայաստանից պղնձի խտանյութ արտահանում են երկաթուղու, ինչպես նաեւ ծովային ճանապարհով։  Թեպետ տեղեկություն կա նաեւ, որ պատճառներն այլ են, եւ որ հանքարդյունաբերողներն են պարզապես այդպես տարածում՝ պայմանավորելով կորոնավիրուսի տարածմամբ։ Մեկ այլ տեղեկությամբ՝ ոչ թե ծավալների նվազման, այլ գների անկման հետ գործ ունենք։

Քանի որ կորոնավիրուսի տարածման պատճառով Չինաստանում փակվել են բազմաթիվ գործարաններ, այդ թվում՝ պղնձաձուլարանները, ուստի նվազել է պղնձի պահանջարկն այդ երկրում, ինչն էլ հանգեցրել է պղնձի գների իջեցման։ Եվ հիմա հանքարդյունաբերողներն այս իմաստով կանգնել են բավականին բարդ խնդրի առջեւ։

Մենք զրուցեցինք Հայաստանից պղնձի խտանյութ արտահանող մի քանի հանքարդյունաբերող ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ «Վալեքս գրուպի», որը շահագործում է Արցախում գտնվող Կաշենի հանքավայրը, «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության, որը շահագործում է Ագարակի հանքավայրը, եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի։ Երեք ընկերություններից էլ ասացին, որ իրենք պղնձի խտանյութն ուղիղ կերպով չեն վաճառում Չինաստանին կամ որեւէ այլ երկրի, այլ վաճառում են տրեյդերների կամ, այսպես կոչված, միջնորդների, բրոքերների միջոցով։ Նրանցից ոմանք նաեւ հաստատեցին, որ վերջին մեկ ամսվա կտրվածքով միջազգային շուկայում պղնձի գնանկում կա։ Մենք ուսումնասիրեցինք նաև համապատասխան միջազգային պաշտոնական կայքերը եւ համոզվեցինք, որ իսկապես պղնձի գների անկում կա։ Օրինակ՝ Լոնդոնի մետաղների բորսայի lme․com կայքում ներկայացված է վերջին մեկ ամսվա կտրվածքով պղնձի գների տատանման ինֆոգրաֆիկա, որից երեւում է, որ պղնձի մեկ տոննայի գինն ամենաբարձրը եղել է 2020 թ․ փետրվարի 17-ին՝ 5 հազար 800 դոլար, ապա հետզհետե նվազել է։ Մարտի 2-ի դրությամբ 1 տոննա պղնձի գինը կազմել է 5 հազար 639 դոլար՝ փետրվարին արձանագրված ամենաբարձր ցուցանիշից 161 դոլարով պակաս։

«Վալեքսի» ներկայացուցիչ Վահրամ Ավագյանը մեզ հետ զրույցում ասաց՝ պղնձի խտանյութն իրենցից թրեյդերն է գնում, իսկ թե հետո ուր է առաքում, ինչ է լինում ապրանքի հետ, իրենք տեղյակ չեն։ Բայց նաեւ նշեց՝ իրենց մոտ ծավալների փոփոխություն տեղի չի ունեցել։ «Վալեքսից» նաեւ նշեցին, որ, այո՝ գնանկում կա։

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանն էլ ասաց, որ իրենք ունեն ավստրիական սմելտորներ, որոնք նույն բրոքերը կամ թրեյդերն է, նրանք գնում են իրենցից խտանյութը հենց Ագարակից եւ արտահանում Չինաստան։

«Այսինքն՝ պղինձը գնում է Չինաստան, մոլիբդենը՝ Եվրոպա։ Դուք գիտեք, որ մեզ մոտ պղինձը մոլիբդենի կոնցենտրատ է։ Տվյալ պահին, քանի որ իրենք լուրջ սմելտորներ են, լուրջ ընկերություն են, ու քանի որ էդ գործարանը Չինաստանում է, որին վաճառում են էդ խտանյութը, կանգնած է հիմա, իրենք պահեստավորում են դա Փոթիում։ Բայց դրանից մեր տնտեսական հարաբերությունները որեւէ կերպ չեն տուժում, պայմանագրերն ինչպես կնքել էին, էդպես գործում են»,- ասաց Ռուզաննա Գրիգորյանը՝ նշելով, որ խտանյութը Փոթի են ուղարկում երկաթուղու միջոցով։ Իսկ ինչ վերաբերում է Չինաստանի հետ իրենց ուղղակի հարաբերություններին, ապա տիկին Գրիգորյանն ասաց, որ այն ապրանքները, որոնք իրենք բերում էին Չինաստանից իրենց ընկերության համար եւ հիմա, պայմանավորված ստեղծված իրավիճակով, չեն կարողանում ներկրել, այդ ապրանքները ժամանակավորապես ձեռք են բերում Ռուսաստանից։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովն էլ մեզ փոխանցեց, որ իրենք եւս ինքնուրույն չեն արտահանում պղնձի խտանյութը, այլ թրեյդերի միջոցով, եւ նշեց, որ խտանյութի զգալի մասը գնում է Չինաստան։ «Դեռ արտահանման ծավալների հետ խնդիր չի առաջացել, միակ խնդիրն այն է, որ այս պահին դեռ գնանկում կա»,- ասաց Պոլոսկովը։