Երկրորդ նախագահի գործի նման հետաքրքիր զարգացումներ կան Գրիշա Վիրաբյանի գործում․ փաստաբան

Երկրորդ նախագահի գործի նման հետաքրքիր զարգացումներ կան Գրիշա Վիրաբյանի գործում․ փաստաբան

Դեռ 2012 թվականին Եվրոպական դատարանի կայացրած նախադեպային վճռով հաստատվել է՝ ՀՀ-ում ընդդիմադիր հայացքներով քաղաքական գործիչ Գրիշա Վիրաբյանը ենթարկվել է խոշտանգման։ ՄԻԵԴ-ը նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը՝ վերաբացել հայաստանյան դատարաններում այդպես էլ լիարժեք քննություն չանցած աղմկահարույց գործը և պատժել 2004-ին ընդդիմության հանարհավաքների մասնակից Գրիշա Վիրաբյանին դաժան ծեծի ենթարկած ու խոշտանգած ոստիկաններին։ Եվրոպական դատարանի վճռից գրեթե 8 տարի անց, գործի վերաբացում և կարճումից հետո, գործը դեռ փակված չէ, ավելին՝ հետաքրքիր զարգացումներ կան: Hraparak.am-ին տեղեկացրեց Վիրաբյանի փաստաբան Արա Ղազարյանը։

«Գործը երկու մասի էր բաժանվել, ոստիկաններից մեկին՝ Աշոտ Կարապետյանին, որը մահացավ, Գրիշան ներեց, հաշտվեցին, մյուս երկու ոստիկանների հետ շարունակվեց մինչև վճռաբեկ։ Հարցն այստեղ սկզբունքային է։ Այն անձինք, ովքեր մեղադրվում են խոշտանգման համար, նրանց նկատմամբ վաղեմության ժամկետ չպետք է  կիրառվի: ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա գործը բացվել է, հետաքրքիր նախադեպ է, Հանրապետության երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի  գործի նման  վճռաբեկը խորհրդատվական կարծիք է խնդրել եվրոպական դատարանից, դեռ կարծիքը չկա, բայց կարծում ենք՝ շատ  երկար չի ձգվի, նամակը կգա: Միևնույն է, դատավարությունը պետք է շարունակվի, Գրիշայի գործի նման 5-6 դեպք  ունենք»,- ասաց փաստաբանը:

Գրիշա Վիրաբյանի խոսքերով էլ  իր միակ նպատակը հայաստանյան իրավապահների կողմից խոշտանգման մասին հոդվածը կիրառելն է, որը նախկինում մեղադրական եզրակացություններում չի եղել։ «Իմ  ներելն էլ էական նշանակություն չունի, օրենքն է նախատեսում, որ խոշտանգումը չունի վաղեմության ժամկետ։ Առհասարակ, պատերազմը, աղետները, խոշտանգումները բովանդակային առումով ժամկետ չուեն: Անկեղծ ասած, ես հույս ունեի, որ 2018թ-ի իշխանափոխությունից հետո հայաստանյան իրականության մեջ այդ առումով որևէ բան կփոխվի, բայց, ցավոք, շարունակվում են քաղաքական հետապնդումները, ոստիկանները նույն բիրտ ու վայրենի ձևով են շարժվում, նույնիսկ ավելի սրվել է ամեն ինչ։ Իմ նպատական է, որ գոնե իմ նախադեպով կանխվեն նման գործելաոճերը, օրենքի հետ հաշվի նստեն»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց  Վիրաբյանը:
Հիշեցնենք, որ Գրիշա Վիրաբյանը  2004թ.-ին ոստիկանության Արտաշատի բաժանմունքում էր ծեծի ենթարկվել, նրան ձեռնաշղթա էին հագցրել և կոշիկով հարվածներ էին հասցրել գոտկատեղից ներքև, ինչից հետո ծանր վիճակում Վիրաբյանը տեղափոխվել էր հիվանդանոց։