Գազի սակագինը պետք է վերանայվի, բայց Սիրիան ձեր որոշումն էր

Գազի սակագինը պետք է վերանայվի, բայց Սիրիան ձեր որոշումն էր

Մինչեւ կորոնավիրուսի դժնդակ ժամանակները, Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ բանակցություններ էին ընթանում սահմանին գազի սակագնի ավելացումից հետո ստեղծված իրավիճակի շուրջ, ավելի կոնկրետ՝ թե Հայաստանի տարածքում գազի ինչ սակագին է գործելու։ Պարզ էր, որ սակագինը պետք է բարձրանա։ Գազամատակարարը որոշ ժամանակ տարբերությունը՝ մեզ մատակարարվող գազի գնի եւ սպառողներին առաջարկվող սակագնի միջեւ, կոմպենսացրել էր իր միջոցների հաշվին, իսկ հետո հայտարարվեց՝ վերջ, եւ ապրիլին պետք է բարձրաձայնվեր, թե բանակցություններն ինչ արդյունքներ են արձանագրել։ 
Սակայն դրանից հետո բազում ջրեր են հոսել՝ իրավիճակը ոչ միայն փոխվել է, այլեւ ֆորսմաժորային է, եւ շատ տնտեսագետներ այս օրերին իրավացիորեն պնդում են, որ գնի ավելացման մասին խոսք լինել չի կարող։ Իսկ երեկ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ դիմել են ռուսական կողմին՝ սակագինն իջեցնելու խնդրով։ Գնի բարձրացման մասին խոսք լինել չի կարող նաեւ այն պատճառով, որ այս ընթացքում կտրուկ ընկել են նավթի համաշխարհային գները։ Ի՞նչ է լինելու այս ամենի հետ, երբ դուրս գանք ճգնաժամից։ 

Հարցն ուղղեցինք ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովին։ Նա նույնպես այն կարծիքին է, որ իրավիճակ է փոխվել։ «Եվ կարծում եմ՝ հիմա փնտրվում են փոխզիջումներ, քանի որ հիմա ոչ ստանդարտ իրավիճակ է։ Կարծում եմ՝ կվերանայվի։ Թե որ կողմ, չեմ կարծում, որ բարձրացման։ Նաեւ այն հաշվարկով, որ Հայաստանը ռազմավարական գործընկեր է, կարծում եմ՝ փոխադարձ ընդունելի լուծում կգտնվի»,- մեզ հետ զրույցում ասաց Տարասովը։ Նա նաեւ նշում է՝ այո, նավթի գին եւ բազմաթիվ այլ գործոններ կան։ Հիշեցնենք, որ Թրամփի վարչակազմը մտադիր է դադարեցնել Արցախին տրամադրվող ականազերծմանն ուղղված ֆինանսավորումը, որը 20 տարուց ավելի տրամադրվում էր։ Եվ այդ որոշումը ոչ այնքան միջազգային տնտեսական վիճակով եւ կորոնավիրուսի արդյունքում ծագող գլոբալ տնտեսական ճգնաժամով են բացատրում, որքան Հայաստանից Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հանգամանքով, որն ամերիկյան կողմն այդպես էլ չի մարսել։ Սա այն գի՞նն է, որը մենք վճարեցինք Սիրիայի համար։

Մեր վերջին այս դիտարկմանը, թե իրենց մեղքը չե՞ն զգում այս հարցում, Տարասովն արձագանքեց՝ ոչ, «Սիրիան ձեր որոշումն է»։ «Այո, ՌԴ-ն պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանին, բայց Ռուսաստանը հո չի՞ գնել Հայաստանի ներկայությունը Սիրիայում։ Հայաստանն ինքն է հանդես բերել նման նախաձեռնողականություն։ Եվ երրորդ․ սա աշխարհաքաղաքական հարց է, ու Հայաստանը Սիրիայում հայկական սփյուռքի պաշտպանության համար է, ոչ թե ռուսների»։ Որպես ամփոփում՝ Տարասովը հայտարարեց, թե այստեղ ոչ մի սիրիական խնդիր չկա, այլ ավելի շատ ամերիկացիների խաղերն են։