Ես առաջարկել եմ դիրքավորվել որպես Ամուլսարի հարցում դեմ դիրքորոշում ունեցողներ․ Է․Առաքելյան (տեսանյութ)

Ես առաջարկել եմ դիրքավորվել որպես Ամուլսարի հարցում դեմ դիրքորոշում ունեցողներ․ Է․Առաքելյան (տեսանյութ)

Մամուլում այսօր տեղեկություն կար, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը խորը արմատներ ունի։ Ըստ տեղեկության՝  նա ևս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել։

Առաքելյանն այսօր այդ տեղեկության վերաբերյալ ասաց, թե որևէ տրամաբանության մեջ նման բան չի տեղավորվում։

«Այսինքն՝ մարդ, որը պատրաստ է առանձին պատգամավորական խումբ ստեղծել, մանդատը վայր դնելուց ընդամենը յոթ օր առաջ լուսանկար չի հրապարակի խմբակցության քարտուղարին և Ամուլսարի հարցով վառ ջատագովներից մեկի հետ և վերնագրի՝ «Կուռ և միասնական»։ Հետո հարցազրույց չի տա թերթերից մեկին, չի ասի, որ ես ամեն ջանք գործադրելու եմ, որ մեր խմբակցությունն ուժեղացած դուրs գա»,-ասաց նա՝ հերքելով տեղեկությունը։

Ապա նա գրպանից հանեց հեռախոսն ու ցույց տվեց այդ լուսանկարը, որտեղ ինքն է, «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և Ամուլսարի հանքի շահագործման կողմնակից, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Ինչպե՞ս է հնարավոր, որ մարդը, ով էսպիսի լուսանկար է հրապարակում և հարցազրույց է տալիս «Հրապարակ» օրաթերթին, ասում է, որ ես ամեն ջանք գործադրելու եմ, որ մենք ուժեղացած  խմբակցությունով դուրս գանք, ինչպե՞ս է հնարավոր, որ էդ մարդը զուգահեռ նմանատիպ գործընթացների մեջ ներգրավված լինի»,-ասաց նա։

Բայց, պարզվում է, Էդգար Առաքելանի մտքին այլ բան է եղել, որն էլ, ըստ նրա, առիթ է տվել նման հրապարակման։

«Ես կասկածներ ունեմ, որ սա պայմանավորված է իմ այն նախաձեռնությամբ, որը հետո նենգափոխվել, խեղաթյուրվել է, որը ես արել եմ իմ էն գործընկերներին, ովքեր Ամուլսարի հարցով դեմ դիիքորոշում են ունեցել։ Ես ասել եմ՝ եկեք բաց նամակ գրենք պարոն Փաշինյանին, դիրքավորվենք որպես Ամուլսարի հարցում դեմ դիրքորոշում ունեցող պատգամավորներ, և ինչպես կողմ դիրքորոշում ունեցող պատգամավորներն են հարցազրույցներ տալիս, ազատ խոսում, մենք նույնպես էդ ձևով մեր ճիշտը առաջ տանենք, որպեսզի կարողանանք վաղ փուլում կանխել Ամուլսարի հանքի շահագործման էս որոշումը»,-ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ Ամուլսարը, միևնույն է, հանք չի դառնալու, սար է մնալու։

Մանրամասն՝ տեսանյութում։