«Հրապարակ». Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում

«Հրապարակ». Գյումրեցիները գուցե նախընտրեցին ինձ տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում

Երեկ ավարտվեց Գյումրու փրայմերիզը, որով Նիկոլ Փաշինյանը որոշել էր ստուգել, թե գյումրեցին իրենց կազմից ում է ուզում տեսնել Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: 7 թեկնածու էր առաջադրվել, նրանց անունները գրել էին մի ցուցակով, եւ մի խումբ երիտասարդներ, տնետուն ընկած, մարդկանց առաջարկում էին քվեարկել այդ 7-ից մեկի օգտին, որ վարչապետն իմանա, թե ում նշանակի Գյումրու համայնքապետի ԺՊ, որ հետո էլ այդ ԺՊ-ն ընտրություններ կազմակերպի ու հաղթի ընդդիմադիր թեկնածուներին: Թեկնածուներից մեկը Շիրակի նախկին մարզպետ, այժմ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանն էր։ Զրուցել ենք նրա հետ:

- Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի փրայմերիզի արդյունքներով՝ Դուք երրորդ տեղը զբաղեցրիք` յոթ հոգու մեջ: Եվ հաղթել է անկուսակցական թեկնածուն` ԼՀԿ նախկին անդամ Սարիկ Մինասյանը: Սպասելի՞ էին Ձեզ համար նման արդյունքները՝ հաշվի առնելով, որ Դուք կուսակցության Գյումրու կառույցի ղեկավարն եք, եւ բոլորի մոտ այն տպավորությունը կար, որ Դուք գյումրեցիների համար այդ կուսակցությունից ամենաընդունելի մարդն էիք։

- Եթե տեղյակ եք, փրայմերիզը կուսակցականների շրջանակում չէր, գյումրեցիներն էին քվեարկում, եւ 1050 գյումրեցիների քվեարկության արդյունքում նման արդյունք ձեւավորվեց։ Ինչ վերաբերում է իմ վարկանիշին, ինձ տեղի կուսակցականներն են ընտրել տարածքային կազմակերպության ղեկավար՝ փակ քվեարկության արդյունքում։ Ուզում եմ ասել, որ փրայմերիզն այլ պրոցես էր, եւ մեր կուսակցությունից քիչ թվով մարդիկ են մասնակցել։ Ինչ վերաբերում է իմ հավաքած ձայներին, սպասելի էր, թե ոչ, Գյումրիում ամեն ինչ էլ սպասելի է, ինքը մի քիչ այլ քաղաք է, եւ ամեն բան նախապես ասել չես կարող։

- Անկուսակցական Սարիկ Մինասյանի հաղթանակը չի՞ նշանակում արդյոք, որ Գյումրիում եւս զզվում են գործող իշխանությունից, մերժում են ՔՊ-ականներին, չեն ուզում, որ ՔՊ-ական ղեկավար ունենան։

- Ոչ, չի նշանակում, որովհետեւ 7 թեկնածուներից երկուսն անկուսակցական էին, հինգը՝ ՔՊ-ական, որ նայում ենք ՔՊ-ականների հավաքած ձայները, երեք անգամ ավել էին, քան անկուսակցականներինը։ Դա հստակ ասում է այն բանի մասին, որ քվեարկողների մեծամասնությունն իր ձայնը տվել է ՔՊ-ականներին: Այդ թեզը, թե մերժում են, սին է։

- Նախնական ընտրություններից առաջ մեծ համոզվածություն ունեիք, որ հենց Դուք եք ընտրվելու, որ գյումրեցիները Ձեզ շատ են սիրում եւ այլն։ Ինչ-որ բան այնպես չեղա՞վ, որ հայտնվեցիք երրորդ տեղում։

- Գյումրեցիներն ինձ էլի շատ են սիրում, շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնն ինձ են տվել։ Ամեն ինչ նորմալ է, ընդունենք, որ սա քաղաքապետի պաշտոնակատարի ընտրություններ էին, գուցե գյումրեցիներն ինձ նախընտրեցին տեսնել ԱԺ պատգամավորի կարգավիճակում։

- Ոմանք նկատել էին եւ բարձրաձայնեցին, որ երրորդ քվեատուփի ձայների գրեթե 90 տոկոսը Սարիկ Մինասյանի օգտին է, անգամ հաշվարկի ընթացքում մեկնաբանություններ էին գրում, որ Սարիկի օգտին լցոնել են։

- Ես բացառում եմ նման բան, որովհետեւ ամեն ինչը եղել է թափանցիկ, օբյեկտիվ, որեւէ ուղղորդված քվեարկություն չի կարող եղած լինել։

- Ասենք՝ չէ՞ր կարող այնպես լինել, որ իրենց բարեկամների թաղամասում ընտրությունը կազմակերպած լինեին կամ այն թաղամասերում, որտեղ Մինասյանը, ենթադրաբար, կարող էր շատ ձայներ ունենալ:

- Ես բացառում եմ, իսկ ընտրված փողոցները եղել են պատահականության սկզբունքով, վիճակահանություն է կատարվել, հատուկ կազմակերպված բան չէր կարող լինել։

- Կարծիք կա, որ իշխանական վերնախավը միտումնավոր է կուսակցականներիդ պատժում՝ վերջին ժամանակներում կատարվող իրադարձություններից հետո, ի սկզբանե ԱԺ նախագահը հայտնեց, որ, կուսակցության ներքին կանոնադրության համաձայն, տարածքային կառույցների ղեկավարներն են գլխավորելու ընտրացուցակները, ուղիղ ասաց, որ Դուք եք ՔՊ-ի թեկնածուն, հետո Փաշինյանը հրաժարվեց դրանից՝ մոգոնելով փրայմերիզի գաղափարը։ Գուցե թմրանյութի հայտնի պատմությունի՞ց ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։

- Ոչ, այն ժամանակ մենք գնալու էինք ընտրությունների, բայց երբ հասկացանք, որ չենք կարող առանց ԺՊ-ի նշանակման գնալ արտահերթի, արդեն վարչապետի տիրույթում էր ԺՊ-ի նշանակումը։

- Դե, կարող էր Ձեզ նշանակել` առանց այս թատրոնի։

- Վարչապետը նպատակահարմար գտավ խոսել գյումրեցիների հետ, եւ դա է հենց ժողովրդավարությունը։ Թմրանյութի պատմությունը չէր կարող ազդեցություն ունենալ, որովհետեւ Գյումրիում ինձ ճանաչում են, ես էլ հրապարակել էի արդյունքները, հիմա եւս պնդում եմ, որ չկա նման բան։