ՔՊ-ն արկղերում 30%-ից ավելի ձայն չի ունեցել. Հակոբյան

ՔՊ-ն արկղերում 30%-ից ավելի ձայն չի ունեցել. Հակոբյան

0 եմ գնահատում դատախազության այս երեք տարվա գործունեությունը, պարզապես 0։ Սա այս պահի դրությամբ իմպոտենտ մարմին է։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդների Վահե Հակոբյանը։ Հիշեցնենք՝ մի խումբ մարդիկ, նաեւ «Հայաստան» դաշինքի մի շարք ներկայացուցիչներ ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն բժիշկ Չարչյանի։

«Այն մարդը, որը կոչվում է ՀՀ վարչապետ, այս հիմնարկը իր ձեռքերում դարձրել է պարզապես իր գործիքը։ Մանդատները վերցնելու հետ կապված մենք դեռ հստակ որոշում չենք կայացրել, մենք դեռ պիտի դիմենք Սահմանադրական դատարան, որովհետև բազմաթիվ խախտումներ են եղել՝ վարչական ռեսուրսի կիրառումից սկսած։ Մեր խորին համոզմամբ՝ իշխող կուսակցությունը արկղերի մեջ 30 տոկոսից ավել ձայն չի ունեցել»,- ասաց Հակոբյանը։

Լրագրողների դիտարկումներին, թե խոսակցություններ կան, որ «Վերածնվող Հայաստանն» ու ՀՅԴ -ն ուզում են վերցնել մանդատները, քոչարյանական թևը ՝ ոչ, Հակոբյանը արձագանքեց. «Դրանք ուղղակի շատ ցածր մակարդակի խոսակցություններ են, մենք ցանկացած որոշում միասին ենք ընդունում։ Դրան մոտիկ ինչ-որ հարցեր անգամ չի քննարկվել, մտնել-չմտնել, վերցնել-չվերցնել, ինչ անենք, անելու ենք միասին։ Աստված չանի, որ մենք այս վարչապետի կողմից համագործակցության որևէ առաջարկ ստանանք, ինքը մեր համար դիտարկվում է որպես թշնամի։ Այն քաղաքական ուժերը որոնք գնացի՞ն, դա քաղաքական անբարոյականություն է, դա միայն, այլ բան չեմ կարող ասել»,- ասաց Հակոբյանը։