Աղավնի Գրիգորյան. Կյանքը՝ ինչպես որ կա

Աղավնի Գրիգորյան. Կյանքը՝ ինչպես որ կա

Մարկը թերթեց օրվա լրահոսը, կանգ առավ մի հոդվածի վրա:

Հարցազրույց էր. «Օսկար»-ի արժանացած ֆիլմի մասին երկարաշունչ դրվատանքի տողամիջում լրագրողի ձեւակերպած հարցերին, թե ինչպես է կատարվել այս կամ այն կերպարի ընտրությունը, ինչի շնորհիվ է աննշան թվացող մի կենցաղային դրվագի վրա կառուցված ֆիլմն այսքան մեծ արձագանքի արժանացել, ինչն է, ի վերջո, այդչափ կլանում հանդիսատեսին ֆիլմի երկու ժամ տասը րոպեների ընթացքում, ռեժիսորը պատասխանել էր մեկ նախադասությամբ. «Կյանքը՝ ինչպես որ կա»:

Մարկը մեխանիկորեն ձեռքի մեջ ճտճտացրեց գրիչը՝ գրչածայրը ճտոցով հետուառաջ էր գնում բթամատի ամեն սեղմումից:

Աշխատասենյակի դուռը թակեցին: Մարկը մեխանիկորեն ուղղեց վերնաշապիկի օձիքը, չնայած դրա կարիքը բնավ չկար: Ամեն ինչ կարգին է: 

- Նե´րս արի,- շարունակեց կտկտացնել գրիչը:

Անետը ներս մտավ, Մարկի նշանից հետո տեղավորվեց գրասեղանի առջեւ դրված աթոռին, համակարգչային կրիչը, որ պարունակում էր ավարտուն զեկույցը, մեկնեց Մարկին: Մարկը մի քանի րոպե էկրանի վրայով վերուվար արեց մկնիկը, հետո մի կետի վրա ունքերը կիտեց, ձեռքով նշան արեց՝ մոտեցիր, ու հասկացրեց, որ Անետը շրջանցի սեղանը: Անետը կանգնեց Մարկի կողքին:

Հայացքը գամվեց Անետի բաց սրունքներին, որ եզրափակվում էին կաթնագույն ունիսեքս կոշիկներով, սահեց հասավ ծնկից քիչ վեր շրջազգեստի փեշին ու փեշին կիպ՝ բռունցքված ձեռքին: Ինքը չի սխալվել վեց ամիս առաջ: Անետը խելացի է, հետն էլ՝ չափազանց գրավիչ: Մի քիչ համառ է, բայց ժամանակի հարց է:  

Մարկը դարակից հանեց մի թուղթ ու դրեց Անետի դիմաց.

- Ցավում եմ, բայց պիտի փոխես վերջին երկու ցուցակները: Նոր տվյալների հետ անհամապատասխանություն կա:
Անետը ձեռքը մեկնեց՝ կրիչը ետ ստանալու սպասումով:

- Հիմա´, հենց իմ համակարգչով էլ կարող ես փոփոխել,- ասածը հնչեց որպես հրաման։- Վաղն աշխատանքային օր չի, իսկ երկուշաբթի ուշ կլինի: 

Մարկը վեր կացավ ու տեղը զիջեց աղջկան:

Անետի բռունցքն ավելի սեղմվեց, նյարդային ճմրթեց շորի փեշն ու անմիջապես էլ բաց թողեց, դունչը հպարտ վեր ձգեց, հավաքեց ծոծրակին թափված մազերը մազակալով, նստեց Մարկի տեղն ու սկսեց աշխատել:

Վեց ամիսների ընթացքում արդեն երրորդ զեկույցն է արժանանում նույն ճակատագրին: Ամեն անգամ տարբեր պատճառներով: Անետը շատ լավ հասկանում էր, որ տվյալները դեռ երկու օր առաջ են փոփոխվել (ինչպես նշված է բլանկի վրա), Մարկն այդ ընթացքում մի քանի անգամ կարող էր զգուշացնել իրեն ու գործը ստիպված չէր լինի կրկնակի անել, այն էլ՝ թիկունքում Մարկի շնչառությունը զգալով:

Մարկը քիչ անց այնուամենայնիվ հեռացավ, կանգնեց պատուհանի մոտ, մինչեւ Անետը մուտքագրում էր տվյալները: Գրիչը պահեց ականջին մոտ, հավասար ռիթմով ճտճտոցը որոշակի պահից դադարում ես լսել՝ առաջ չէր նկատել:

Մուկնուկատու խաղը, ակնհայտորեն, գրավում էր Մարկին: Տարիների ընթացքում հղկված մասնագիտական հոտառությունը հուշում էր, որ Անետին մեկ-երկու տարուց ձեռքից ձեռք են խլելու գործատուները, այս պահին Անետն ուրիշ տարբերակ չուներ, կամ… ժամանակի հարց է: 

Վայրի հմայքի, երիտասարդության եւ տարիքից առաջ ընկնող մասնագիտական ճարպկության եռապատիկ խտացում էր Անետը, ու նրա մի հայացքից արյունը կատաղորեն վազում էր Մարկի երակներով, հետն էլ ստեպ-ստեպ վախեցած արգելակում ու ետ նայում իր խելացնոր հետագծին: Հետո նորից խաղաղվում էր, մինչեւ հաջորդ փոթորիկը:

Կյանքը շռայլ է կանանց հարցում: Կանայք էլ իր համար գրքեր են. մեկը հեշտ ես կարդում, մյուսը քեզ կլանում է կարդալուն զուգահեռ, երրորդը մշտապես սեղանիդ է՝ մեջբերումներ անելու համար: 

Ո´չ, ինքը կնամոլ չէ, բնա´վ: Պարզապես ընթերցող է, լավ գրականության սիրահար, ու մինչ այսօր ընթերցած բոլոր գրքերը, կարծեմ, շնորհակալ են, ավելին՝ յուրաքանչյուրն իրեն Մարկի ձեռքերում ամենագիրք է զգացել հաստատ: Անետի գայթակղիչ պարանոցն էլ պարտադիր ընթերցանության ցանկից է: Ժամանակի հարց է:

- Պատրա´ստ է: Մինչ երկուշաբթի,- առանց պատասխանի սպասելու, Անետը վեր կացավ համակարգչի մոտից, արձակեց մազակալն ու թափահարեց գլուխն այնպես, որ մազերն արագ քայլքից ալիքվեն: Մարկի ցտեսությունը կախվեց շրխկացող դռնից, հետո բռնվելու տեղ չգտնելով՝ սահեց ընկավ հատակին: 

Մարկը ստուգեց զեկույցը, ամեն ինչ ճիշտ էր, անջատեց համակարգիչն ու դուրս եկավ աշխատասենյակից:

Տուն մտավ: Մերին խոհանոցում կերակուր էր պատրաստում:

- Սիրելի՜ս: 

Մարկը շոյեց Մերիի վարսերը: Համբուրեց ճակատն ու հանձնեց փաթեթավորված տուփը: Մերին բացեց տուփը, ու աչքերը փայլեցին: Այնուհետեւ վզին ու դաստակին մի քանի կաթիլ ցողեց հենց նոր նվեր ստացած օծանելիքից:

- Սիրելի՜ս,- համբուրեց ամուսնուն:

Նստեցին բազմոցին՝ կողք-կողքի: Մերին արագ-արագ պատմում էր օրվա անցուդարձից. Էրիկն այսօր ռիթմով թմբկահարել է ոտիկները՝ հեռուստաէկրանից հնչող երգին զուգահեռ, հետո հանկարծ զրնգոցով ծիծաղել:  Մարկը Մերիի շուրթերի շարժումներից փորձում էր կռահել բառերը, որ լողում էին մեկումեջ ու կորչում ինչ-որ տեղ գրասենյակային թղթերի ու տարատեսակ գործնական հանդիպումների հորձանուտում, հետո գրչի հավասար ճտճտոցը թմբկահարեց ականջներում, խառնվեց Մերիի ձայնին, կլանեց Մերիի ձայնը: Ժպիտը լայնանում էր ժամանակ առ ժամանակ՝ Էրիկի անունը լսելիս:

Փոքրիկ Էրիկի լացի ձայնը եկավ ննջարանից, արթնացել էր:

- Հանդիպման եմ, տանը չեմ ընթրի, սիրելի´ս:

Մարկը գրկեց որդուն, մաքրեց արցունքոտ աչքերն ու համբուրեց, հետո փոխեց հագուստը, մեկ անգամ էլ համբուրեց կնոջն ու դուրս եկավ տնից:

Գործնական հանդիպումն իր սպասածից կարճ տեւեց, մեկ-երկու հարց քննարկեցին նոր ներդրումների հետ կապված, թղթաբանությունն արդեն հետոյի հարց է: Մարկը չափազանց պատասխանատու է, աչալուրջ, բիզնես աշխարհը սովորեցրել է գործառույթն ուսումնասիրելուց ու գործարքի շահավետությանն անձամբ համոզվելուց հետո միայն պայմանագրեր ստորագրել: Դրա համար, մինչ օրս իր բիզնեսը հստակ քայլերով առաջ է գնում, առանց սայթաքումների: Մոտ օրերս նորից գործուղման է: Ոտքերը տարան մի քանի խաչմերուկ այն կողմ գտնվող փաբի ուղղությամբ: 

Լիզը, ինչպես միշտ, հաճախորդներով էր զբաղված: Ուրբաթ երեկոյան փաբում իրարանցում է: Մարկը խմիչք պատվիրեց ու նստեց սրահի խորքում ներս ընկած սեղանի մոտ: Այստեղից հանգիստ հետեւում էր Լիզին: Սիրտն ուրիշ ռիթմով է խփում Լիզի ամեն շարժումից: Մի´շտ է այդպես, իրենց հանդիպման առաջին օրից: 

Ծանոթացան տարիներ առաջ: Ինքը երիտասարդ գործարար էր, Լիզն էլ մատուցող՝ դասական պատմությամբ. վիճել էր ծնողների հետ ու որոշել ինքնուրույն իր կյանքը կառուցել: Լիզը գեղեցիկ էր, հանդուգն, եւ Մարկն այդ հանդգնությունն առաջին սանձողն էր: 

Երազո՜ւմ էին միասին: Սկզբում ժամանակ ունեին, սկզբում իրե´ն էլ ժամանակ էր հարկավոր: Իրեն գումար էր հարկավոր, ու բաժանումն անհրաժեշտություն էր, բաժանումը մի քանի ամիս կտեւեր ընդամենը: Հետո ժամանակը հոսեց, հոսեց ու չսպասեց իրենց: Մարկը վերադարձավ մի դյուժին  տարիներն ու մի քանի սպիտակ մազ գրկած: Երկար լռեցին: Ուղղակի հայտնեց, որ ամուսնանում է, իսկ Լիզը երջանկություն մաղթեց: 

Հետո առժամանակ չէր համարձակվում այս կողմով անցնել: Բայց իրեն համոզում էր, որ Լիզն ուրիշ է, Լիզը հասկացող է, Լիզը չափազանց ինքնուրույն է մեկի փեշից կպնելու ու արտասվելու համար: 

Լիզը միակ չտպագրված գիրքն է: Դու անգիր գիտես ամեն տողը, ու կարիք չկա այն սեղանին դնելու: Դու այն սրտիդ տակ ես պահում ՝ միշտ:

Լիզն էլ տարիներ հավաքած արցունքաջուրը դատարկել էր բաժակի մեջ, հարյուր գրամ սպիրտին խառնած խմել ու իր ակումբը բացել: 

- Գարեջո՞ւր,- Լիզը մոտեցավ, հենց մի քիչ հանդարտվեց սրահի իրարանցումը:

- Վիսկի:

- Կրկին մկները կատվի դեմ թակա՞րդ են լարել:

Մարկը վերջապես ժպտաց, հետո ցույց տվեց հեռախոսի էկրանին որդու նկարը:

- Ապագա գրքամո՞լ: 

Ծիծաղեցին:

- Ավելի ես գեղեցկացել,- Մարկը նայեց հեռու կետի:

Լիզը չպատասխանեց կամ չլսեց: Մարկն էլի մի բան էր ուզում ասել, բայց Լիզին  կանչեցին այդ պահին, ու չհասցրեց: Հաճախորդները գնալով շատանում էին, Լիզը դիմավորում-տեղավորում էր մեկին, ժպտում երկրորդին ու զուգահեռ հետեւում, որ բարի հետեւից ամեն ինչ արագ մատուցվի հյուրերին: 

Հետո եթե-ներն ու ինչու-ները դատարկվող բաժակներ դարձան: Օդը ծանրացավ, Մարկի գլուխը ցավեց բարձր երաժշտությունից՝ ետ է վարժվել: Ականջներում թմբկահարեց  նույն ճտճտոցը՝ հավասար ռիթմով, խառնվեց  փաբի աղմուկին:

Դուրս եկավ փողոց ու քայլեց: Հեռվում, երկու փողոցների խաչմերուկում կայծակ փայլատակեց, անձրեւ չկաթեց այդպես էլ: Մարկը դանդաղեցրեց քայլերը: «Կուշանամ, սիրելիս, դու քնի´ր»՝ ուղարկեց Մերիի համարին:

Մերին քնի մեջ հրեշտակի էր նման: Էրիկն էլ մոր կողքին, մորը կպած՝ քնել էր: Քունքերում, թե սրտի մեջ սաստկացավ, արագացավ՝ ճըտ-ճըտ, ճըտ-ճըտ, ճըտ-ճըտ: Պատուհանից ընկնող արեւից Էրիկն աչքերը կկոցեց, տրորեց թաթիկներով, հետո բացեց աչքերը, նայեց գլխավերեւում կանգնած Մարկին ու ժպտաց: 
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ