Եթե հեռու եք նստում, լսու՞մ եք, ճի՞շտ եմ ես հասկանում․ դուք նոր լսեցիք ինձ, ես նկատեցի

 Եթե հեռու եք նստում, լսու՞մ եք, ճի՞շտ եմ ես հասկանում․ դուք նոր լսեցիք ինձ, ես նկատեցի

Մեկնարկել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը։ ՀՀ երրորդ նախագահը րոպներ առաջ ժամանեց դատական նիստերի դահլիճ, որտեղ նրան ծափերով դիմավորեցին։

Ըստ մեղադրական եզրակացության, նշենք, Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ եւ Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, Սամվել Գալստյանի ու Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ, Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամ:

Երրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը։

«Այս քրեական գործի հարուցման համար առիթ հանդիսացող վկան արդեն երրորդ դատական նիստն է՝ չի ներկայանում։ Նա թեպետ ծանուցվում է, սակայն պատճառաբանում է, թե լսողական խնդիրներ ունի։ Խնդիրն այն է, որ նա հասկանում է, որ խաբվել է, հասկանում է նաև, որ այդքանից հետո պիտի գա ու պատասխանի մեր հարցերին»,-  լրագրողների հետ զրույցում ասել էր Սերժ Սարգսյանի  պաշտպաններից Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ գործով առանցքային վկա Սեւան Քոչարյանի՝ դատական նիստին չներկայացնելու մեջ դիտավորություն են տեսնում։
Թեպետ Քոչարյանը այս դատական նիստին ներկայացել է, սակայն, ինչպես երևում է, կրկին չի լսում։

«Ձեր լսողական խնդրի հետ կապված էլի խնդիրը նույնն է, հա, էլի չեք լսու՞մ։ Բա եթե լսում եք, եկեք, մոտեցեք։ Որ պահից որ լսողական խնդիրները սկսվեն, կասեք։ Ոնց որ լսողականի հետ կապված բարելավում կա, ես տենց հասկացա։ Երբ ես ձեզ հարց տվեցի, դուք հեռու էիք նստած ու լսեցիք իմ ասածը, այսինք՝ եթե հեռու եք նստում, լսու՞մ եք, ճի՞շտ եմ ես հասկանում»,- ասաց դատավորը՝ դիմելով Քոչարյանին։