Երբեք Հայաստանում այսպիսի ավանդույթ չի եղել

Երբեք Հայաստանում այսպիսի ավանդույթ չի եղել

Երեկ «Փաստ» թերթում լուր էր հրապարակվել սոցիոլոգիական հարցումների մասին, որտեղ ասված էր, որ ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն եւ ընդդիմադիր ուժերից մեկը հարցում են արել, եւ դրանց արդյունքները համընկնում են։ Ըստ թերթի, «Փաշինյանի վարկանիշը պատմական հակառեկորդ է սահմանել՝ հասնելով մոտ 17,2 տոկոսի»։

Իսկ 2 ամիս առաջ GALLUP International association-ի հայկական տարբերակն ամփոփեց իր հետազոտության արդյունքները, որոնք անցկացվել էին հեռախոսային հարցմամբ՝ հունիսի 10-27-ը: Մարդկանց հարցրել էին. վերջին կես տարվա ընթացքում բարձրացե՞լ, թե՞ իջել են կուսակցությունների, քաղաքական գործիչների վարկանիշները: Եվ այդ ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանն իր ասուլիսում հայտարարեց, որ հարցվածների 22,7%-ը հավանություն է տվել ընդդիմության գործունեությանը, 54,7%-ը՝ Ազգային ժողովի, 67,9%-ը՝ կառավարության, 79,3%-ը՝ նախագահ Արմեն Սարգսյանի եւ 85%-ը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը:
Հատկապես աղմուկ առաջացրեց վերջին թիվը, եւ մարդիկ սկսեցին քննադատել «կոոպերատիվ Գելլափին», որն անցյալում նախկին իշխանությունների օգտին էր թվեր «նկարում», հիմա՝ ներկա իշխանությունների։

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչպես են սոցիոլոգիայով զբաղվող մարդիկ այդքան ակնհայտորեն խեղում իրականությունը եւ ըստ քաղաքական պատվերի թվեր հրապարակում։ Ի վերջո, ինչ-որ պրոֆեսիոնալ մոտեցում, չվարկաբեկվելու ձգտում կա՞ այս ոլորտում, թե՞ ոչ։
Նախորդ «փառահեղ» թվերի հետ գործ ունեցած մասնագետներից մեկը մեզ հետ զրույցում փորձեց արդարացնել սոցիոլոգներին եւ ներկայացնել, թե իրականում ինչ է տեղի ունենում։ Նախ, շատ կարեւոր են հարցադրումների ձեւն ու բովանդակությունը, անգամ՝ թե որ հարցն են սկզբում տալիս, որը՝ հետո։ Մարդը, այն էլ՝ հայ, նապաստակից զգույշ է, աղվեսից խորամանկ եւ մշտապես հալածվող կենդանիների բնազդն ունի՝ նա շատ արագ հասկանում է, թե ինչ են ուզում լսել իրենից, եւ անգամ չեղած ենթատեքստն է կանխատեսում եւ ըստ այդմ՝ հարմարվում։

Ինչ վերաբերում է այդ փառահեղ թվերին, նախ շատ կարեւոր է, թե որտեղ է  հարցումն անցկացվում՝ ինչ շրջանակում, որտեղ։ Հայաստանում կարող են ցուցանիշները շատ տարբեր լինել՝ կապված այն բանի հետ, թե մայրաքաղաքո՞ւմ է կատարվում սոցհարցումը, մարզերո՞ւմ, մայրաքաղաքի կենտրոնական հատվածո՞ւմ, արվարձաններո՞ւմ, ինչ մասնագիտության եւ ինչ տարիքային կազմում, սեռը, կրթական ցենզը՝ ամեն ինչ կարեւոր է եւ, իհարկե՝ հարցվողների քանակը։

Մյուս կարեւոր հանգամանքը․ անպայման պետք է ուշադրություն դարձնել հարցին պատասխանելուց հրաժարվողների քանակին։ Այստեղ է ողջ գաղտնիքը։ Հունիսին անցկացված հարցման ժամանակ, օրինակ, մեր զրուցակցի ասելով, հարցվածների մոտ 40%-ը հրաժարվել է հարցին պատասխանելուց։ Երբեւէ Հայաստանում այսքան մեծ թիվ չեն կազմել «լռողները», որոնք, բնականաբար, դրական կարծիք չեն հայտնելու։ Մենք հետաքրքրվեցինք՝ սա խոսում է վախի՞ մթնոլորտի մասին։ Մեր զրուցակիցն այլ կարծիքի է։ Նա ասում է, որ ոչ այնքան վախի, որքան իշխանություններին չքննադատելու ավանդույթ է ձեւավորվել երկրում։ 2018-ից հետո փոխվեց քաղաքական մշակույթը, եւ հանրային կարծիքը սկսեց աշխատել իշխանությունների օգտին՝ մի տեսակ այլեւս մոդայիկ չէր իշխանությունների հասցեին վատ բան ասելը, մանավանդ՝ վատ բան ասողների բերանը ծեփում էին ու թիրախավորում։ Այս ավանդույթը փոխվելու համար ժամանակ է պետք, այսօր դեռ գործում է 2018-ի իներցիան։ Եվ դժգոհ մարդիկ, եթե անցյալում հպարտորեն արտահայտում էին իրենց դժգոհությունը, հիմա փորձում են թաքցնել եւ նայում են իրենց շուրջ՝ տեսնեն, թե ինչքան մարդ է դժգոհ, սկսե՞լ են արդյոք քննադատել Նիկոլ Փաշինյանին, կարելի՞ է արդեն քննադատել, թե՞ քննադատողներին դեռ հայհոյում եւ վիրավորում են։ Սրանք կարեւոր գործոններ են։