Փաշինյանին Բաքվում նարցիս են անվանում ու ծաղրում նրա անհաջող սելֆիները

Փաշինյանին Բաքվում նարցիս են անվանում ու ծաղրում նրա անհաջող սելֆիները

Մինչ Փաշինյանը Մոսկվայում մեկ բան է հայտարարում Զանգեզուրի միջանցքի վրա ռուսների վերահսկողության մասով ու վերադառնալով Երևան՝ լրիվ հակառակն է ասում, ադրբեջանական լրատվամիջոցները ծաղրում են Հայաստանի քաղաքացիներին՝ հացահատիկից բրնձին անցնելու ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարության հետ կապված: Փաշինյանի հեծանվային մոլուցքին են անդրադառնում: Օրինակ, Minval.az-ի անալիտիկ Իրինա Ջորբենաձեն նշում է, որ Փաշինյանը ոչ միայն մեծ սեր է տածում այստեղ, այնտեղ և ամենուր հեծանիվ քշելու հանդեպ, այլև սելֆիներ անելու ու դրանցով կիսվելու մոլուցք ունի, որն ուղիղ համեմատական է նրա՝ տված խոստումները չակատարելու սովորույթին։ Ադրբեջանցի հեղինակը հարց է բարձրացնում, իսկ ինչպե՞ս վստահել նման մեկի ոչ թե խոստումներին, այլ նույնիսկ ստորագրած փաստաթղթերին։ Ջորբենաձեն նկատում է, որ Փաշինյանը վարպետորեն կարողանում է փչացնել Հայաստանի հարաբերությունները այլ երկրների հետ և մարդկանց ականջներին լապշա կախելու մեծ վարպետ է։
Ալիևյան պրոպագանդիստն ակնարկում է Փաշինյանին, որ իր «խորամանկ» խաղերը կարող են թանկ արժենալ իրեն։

Մասնավորապես գրում է․ «Փաշինյանը ոչ մի կերպ չի կարողանում կողմնորոշվել, թե ինչն է կոնկրետ իր, ոչ թե իր երկրի համար վտանգավոր՝ ամերիկական գորկանե՞րը, թե՞ ռուսական գորկաները՝ երկուսի վրա էլ շունչդ կտրվում է...Պիտի նշենք, որ Փաշինյանը վատ սովորություն է ձեռք բերել` երկու էքստրեմալ ատրակցիոններին էլ մասնակցել, ինչը նարցիս վարչապետի համար կարող է տհաճ հետևանքներով հղի լինել»:

Փաշինյանին լավ մտածել է պետք, եթե իր գործընկեր Ալիևի ձեռքի տակ աշխատող քարոզիչներն արդեն նման զգուշացնող ու մատ թափ տվող տոնայնությամբ են իր հետ խոսում։ Ու ընդ որում, նույնիսկ մեր թշնամի երկրի ներկայացուցիչն է շեշտում, որ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանի ոչ ազգային, ոչ պետական շահի հետ աղերս չունի, այլ միմիայն անձնական է:
Հեղինակն անդրադարձել է նաև Փաշինյանի Մոսկվա այցի ժամանակ արված լուսանկարներին ու նշել է, որ տեեգրամյան ալիքներից մեկը, որը փաշինյանական կարելի է համարել, իր դժգոհությունն է արտահայտել հատկապես Ալիևի դիմաց ողորմելի դեմքի արտահայտությամբ խոնարհված Փաշինյանի լուսանկարի հետ կապված ու շեշտել, որ Փաշինյանի դիրքը վառ արտացոլումն է, այսպես կոչված, ստատուս քվոյի և դրանում ոչ թե Կրեմլին ու Կրեմլի լուսանկարիչներին է պետք մեղադրել, այլ միմիայն Փաշինյանին ու իր խմբակին։ Հեղինակը ենթադրում է, որ եռակողմ հայտարարությունը ստորագրելու ժամանակ Փաշինյանը պարզապես փորձել է լապշա կախել Ալիևի և Պուտինի ականջներին, սակայն Պուտինն ու Ալիևը դժվար թե դա չեն հասկանում։

Բաքվում աչքաթող չեն արել Փաշինյանի ու Պուտինի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Հայաստան-Իրան սահմանային անցակետից ռուս սահմանապահների հեռացման և այնտեղ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ստորաբաժանման կողմից վերահսկման և Հայաստան-Թուրքիա սահմանին համատեղ ծառայությունը: Haqqin. az-ի հեղինակ Ֆարհադ Մամեդովն իր հոդվածում նշում է, որ այս նախաձեռնությունը հենց ռուսների ցանկությամբ է տեղի ունեցել և նպատակն է եղել ապացուցել Իրանին, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում ռուսները հաշվի են նստելու նաև Իրանի  կարծիքի հետ: Հեղինակը շեշտում է, որ Իրան-Հայաստան սահմանային անցակետը կարևորագույն նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ դրանով է անցնում «Հյուսիս-Հարավ» միջանցքի ճյուղավորումներից մեկը, իսկ Իրանը այդ հատվածն անվանում է «դեպի ԵՎրոպա տանող դարպասներ», քանի որ այն գտնվում է ամենակարճ ճանապարհի վրա, որը կապում է Իրանը Սև ծովի հետ՝ անցնելով Հայաստանի ու Վրաստանի ճանապարհով։

Մասնավորապես Մամեդովը գրում է․ «Թեհրանը բացարձակապես հետաքրքրված չէ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև ցամաքային կապի ապահովմամբ, իսկ հետո նաև Թուրքայի հետ կապով` Հայաստանի տարածքով, քանի որ այդ միջանցքի բացումը էականորեն թուլացնում է Իրանի ազդեցությունը տարածաշրջանում։ Հնարավոր տարբերակներից մեկն այն  է, որ Մոսկվան գնալով այդ քայլին, հույս ունի այս ժեստով Իրանի անհանգստությունը թուլացնել` Զանգեզուրի միջանցքի հետ կապված և որպես հետևանք, մեղմացնել սեփական տեսակետը։ Հայ սահմանապահների ներկայությունը Իրանի և Հայաստանի սահմանային անցակետում թուլացնում է Թեհրանի արգումենտներն այն մասին, որ «դեպի Եվրոպա տանող դուռը կարող է փակվել»:

Մինչ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը խորհուրդ է տալիս մեզ պատրաստ լինել հացի փոխարեն բրինձ ուտել, ադրբեջանական քարոչամիջոցներն ուշադիր հետևում են ՀՀ պաշտոնյաներին քայլերին ու խոսքերին և հեռուն գնացող հետևություններ անում: