Խիստ կասկածում եմ, որ ՔՊ կուսակցությունը հարմար կգտնի, որ նա մնա․ Ալեքսանյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին

Խիստ կասկածում եմ, որ ՔՊ կուսակցությունը հարմար կգտնի, որ նա մնա․ Ալեքսանյանը՝ Հակոբ Ասլանյանի մասին

ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը այսօր առավոտից սկանդալների մեջ է։ Պատգամավորը նախ հայտարարել էր, թե Հովիկ Աղազարյանի նկատմամբ «հալածանքներով» պայմանավորված՝ դադարեցնում է անդամությունը ՔՊ խմբակցությանը մեկ ամսով` մինչեւ պարզաբանումներ կստանա Աղազարյանի մեղավորության կապակցությանբ: ՔՊ գրասենյակից արձագանքեցին, որ մեկ ամսով խմբակցությանն անդամակցությունը սառեցնելու ընթացակարգ չկա` իրենք կքննարկեն Ասլանյանին հեռացնելու հարցը: Պարզ էր, որ սկսվեցին ճնշումները հերթական ՔՊ-ականի նկատմամբ:

Իսկ արդեն ժամեր անց Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ՔՊ-ական, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի հետ «պերեպիսկան» եւ իր մեղայականը, որ իր արտահայտությունները եղել են էմոցիոնալ վիճակում եւ, որ ինքը շարունակում է մնալ ՔՊ անդամ։ Զավեշտալին այն է, որ պատգամավորը «սքրինշոթով» էր մեղայականը տեղադրել, որից երեւում էր, որ տեքստը Մխիթար Հայրապետյանն է իրեն ուղարկել: Հետո` վերախմբագրեց եւ նկարի վերին հատվածը հեռացվեց, բայց արդեն, ինչպես ասում են, «բռնվել» էին եւ պարզ էր, որ Մխիթար Հայրապետյանը` ՔՊ-ի կողմից դեսանտ է իջեցվել եւ թելադրել, թե ինչ տեքստով մեղայական գա Ասլանյանը: 

Ասլանյանը մեր զանգերին չպատասխանեց, ՔՊ-ական պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանից հետաքրքրվեցինք` ի՞նչ է կատարվում Հակոբ Ասլանյանի հետ, ի՞նչ է նշանակում՝ ժամանակավոր դադարեցնել համագործակցությունը ՔՊ-ի հետ, արդյո՞ք քննարկվում է Ասլանյանին կուսակցությունից հեռացնելու, մանդատից զրկելու հարցը։
«Առհասարակ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսում, երբ ասում է՝ տեւական ժամանակով դադարեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունը, այդ ինչ արտահայտություն է։ Այսինքն՝ կար Հակոբ Ասլանյան առանձին մարմի՞ն եւ ՔՊ կուսակցության հետ հուշագի՞ր, որ դադարեցնում է։ Ես չեմ կարողանում դա հասկանալ, ինձ թվում է՝ ինչ-որ չափով անադեկվատության խմբաքանակ է պետք դա հասկանալու համար։ Ադեկվատ լինելու պարագայում դա հասկանալը չափազանց դժվար է»,- նշեց նա։

Հակոբ Ասլանյանը, Ալեքսանյանի խոսքով՝ դեռ շարունակում է լինել ՔՊ-ական պատգամավոր, բայց այդ հարցն իրենք քննարկելու են։ «Այս պահին՝ դեկտեմբերի 11-ի դրությամբ, դեռ այո... Եթե ՔՊ կուսակցությունը հարմար կգտնի, որ նա մնա, ինչին շատ խիստ կասկածում եմ»,- շեշտեց ՔՊ վարչության փոխնախագահը՝ ստեղծված իրավիճակը որակելով մաքսիմալ անադեկվատ։ «Նմանատիպ հիմարության դոզա շատ վաղուց չէի տեսել», -նկատեց նա