Գյումրու սուպերմարկետներում տեղադրվել են արկղեր. քաղաքացիները աջակցություն են ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին

Գյումրու սուպերմարկետներում տեղադրվել են արկղեր. քաղաքացիները աջակցություն են  ցուցաբերում կարիքավոր ընտանիքներին

Գյումրիում  Մարտի 28-ին  մեկնարկած «Պարենային շտապ օգնություն» ծրագիրը շարունակում է ստանալ բազմաթիվ դիմումներ ու միևնույն ժամանակ ծրագրին աջակցության հայտեր:Հայտնում են կազմակերպիչները: 

Մեկ շաբաթվա ընթացքում առցանց ստացվել են 1646 դիմում հայտեր, որոնք ուսումնասիրվում են նախաձեռնող թիմի անդամների ու կամավորների կողմից, յուրաքանչյուր ընտանիքի անհատական մոտեցում է ցուցաբերվում՝ հեռախոսային հարցազրույցներ են արվում պարզելու համար ընտանիքի համապատասխանելիությունը ծրագրին:

«Ունենք արդեն հաստատված 45 և 262 դիմումների մերժումներ, ևս 84 ընտանիքներ գտնվում են սպասման ռեժիմում: Սրանք այն ընտանիքներն են, որոնք մասամբ են համապատասխանում ծրագրի չափորոշիչներին: Ծրագրային թիմը, որոշում է կայացրել նման ընտանիքների պարենային փաթեթներ տրամադրել այն ժամանակ, երբ հիմնական շահառու ընտանիքները կլինեն ամբողջապես բավարարված»,-նշում են նախաձեռնողները:
Ծրագրի մեկնարկից հետո հավաքագրվել է արդեն 1339000 ՀՀ դրամ, որից 300.000 ՀՀ դրամ նպատակային՝ «Թռչունյան տան» սաների համար։
 «Պարենային շտապ օգնություն» ծրագրի շրջանակներում Գյումրու սուպերմարկետներում և մեծ խանութներում տեղադրվել են նաև  ծրագրի տարբերանշաններով սայլականեր ու արկղեր, որտեղ քաղաքացիները պարենի տեսքով աջակցություն են  ցուցաբերում առկա իրավիճակով պայմանավորված եկամուտներից զրկված կարիքավոր ընտանիքներին:
Արկղերը բավականին  մեծ արագությամբ լցվում են մթերքներով, հավաքագրվել է 55 
 փաթեթ: Մթերային աջակցությունը դրամական գնահատմամբ կազմում է ավելի քան 600,000 ՀՀ  դրամ:
Նախաձեռնող թիմին աջակցություն է հայտնել նաև երկու հացի արտադրամաս, որոնք  անսահմանափակ քանակությամբ հաց են տրամադրում:
Ծրագրի կամավորներն օրվա ավարտին մթերքները հավաքագրում են ու պահեստավորում: Պահեստում պարենը պահվում է առնվազն 1 օր, որից հետո դրանք բաշխվում են համապատասխան ընտանիքներին:
Այս օրերի ընթացքում ծրագրային թիմը հասցրել է արդեն 50 ընտանիքների տրամադրել պարենային փաթեթներ: Ընտանիքների կարիքների գնահատում կատարվում է նաև տեղում, հասկանալու  համար, թե հաջորդ այցը երբ է կատարվելու:
50 փաթեթներից 25-ը «Թռչունյան տան» սաներին է տրամադրել, որոնք միանվագ են:
Հիշեցնենք, որ ծրագրի նպատակը կարանտինի պայմաններում դժվարին դրության մեջ հայտնված քաղաքացիներին օգնելու նպատակն է:  Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում շատ քաղաքացիներ զրկվում են կարիքների բավարարման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներից։ 
Շատ մարդիկ դժվարանում են վաստակել ամենօրյա նվազագույն եկամուտը, ինչի արդյունքում նրանց ընտանիքների համար նվազագույն պարենային կենսապահովման խնդիր է առաջ գալիս։
Ծրագրի պատասխանատուներն իրենց առջև  նպատակ են դրել  Գյումրիի սոցիալապես  անապահով ընտանիքներին ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը՝ սոցիալական փոխաջակցության միջոցով: 
Սոցիալական աջակցության պարենային զամբյուղը (ծանրոց) ներառում է մեկ շաբաթվա հաշվարկով պարենային ապրանքներ։ Ծանրոցի պարենային ապրանքերի ցանկի համար հիմք է ընդունվել ՀՀ պարետատան կողմից սահմանված ապրանքների ցանկը: Նշում են նախաձեռնողները: Նրանց խոսքերով այս օրերին սոցիալապես անապահով բազմաթիվ ընտանիքներ են դիմել իրենց: 
Նշենք, որ ծրագրի իրականացման համար մշտապես գործելու է թեժ գիծ`+374  94 03 20 42 կամ +374 99 20 22 30 տեղեկատվության և շահառու ընտանիքներին հուզող հարցերին պատասխանելու համար։
Բացվել է  հաշվեհամար ՝
USD 1570025820780101
EUR 1570025820780147
AMD 1570025820780200
RUB 1570025820780158,
որտեղ նվիրատուները կարող են փոխանցել իրենց ֆինանսական հանգանակությունները։
Ցանկացողները նվիրատվություն կարող են անել նաև donate4gyumri.am կայքում, ինչպես նաև յուրաքանչյուր նվիրատու կարող է նվիրել ծանրոց, որը կպահվի համապատասխան պահեստում, առնվազն մեկ օր և կվարակազերծվի: