ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը․ Ռիքեր

ԱՄՆ-ն կշարունակի նպաստել Երևանի ու Բաքվի միջև ուղիղ երկխոսությանը․ Ռիքեր

Միացյալ Նահանգները նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության ապահովմանը, ասել է ԱՄՆ պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը։

«Միացյալ Նահանգները ամենաբարձր մակարդակներում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, ներգրավված են և նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին: Մենք հավատարիմ ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը», - ասել է Ռիքերը Հայաստան այցի արդյունքներով ԱՄՆ դեսպանատան կողմից ուրբաթ օրը հրապարակված տեսաուղերձում։

Նրա խոսքով, Միացյալ Նահանգները համոզված է, որ շարունակական ուղիղ երկխոսությունը, դիվանագիտությունը, այլ ոչ թե ռազմական գործողությունները խաղաղության և խնդիրների համապարփակ լուծման բանալին են։

«Մենք բոլորս գիտենք, որ դա հեշտ չէ, բայց ես ուզում եմ կրկնել Բլինքենի խոսքերը, որոնք նա հնչեցրել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է ամեն կերպ աջակցել ձեզ՝ կայուն խաղաղություն հաստատելու ձեր ջանքերում»,- ասել է Ռիքերը։