Մենք գրել էինք, որ երեքշաբթի օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել է նաեւ Գյումրու հարցը, եւ նիստին մասնակցել են գյումրեցի պատգամավորներ, կուսակցականներ, ինչպես նաեւ՝ Գյումրու քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Կարեն Սարուխանյանը։ Մեզ պատմեցին, որ Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Կարեն Սարուխանյանի հետ, հանձնարարել է արյան անալիզ հանձնել, որպեսզի ապացուցի, որ ինքն էլ քեռու որդու պես թմրանյութ չի օգտագործում։ Բանն այն է, որ օրերս Գյումրիում ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռորդին եւ ավագանու ՔՊ-ական անդամը, որոնք կասկածվում էին թմրանյութ օգտագործելու մեջ։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալության օրը Կարեն Սարուխանյանն էլ է եղել նրանց հետ, բայց պատգամավորի անձեռնմխելիությունը փրկել է նրան, եւ նրան չեն կարողացել բաժին տանել։ Ուշագրավ է, որ ՔՊ վարչության նիստից հետո Կարեն Սարուխանյանի քեռորդին՝ Վարուժ Խոջումյանը, սոցցանցի իր էջում հայտնել է, որ սեփական դիմումի համաձայն դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի կազմից եւ «Քաղպայմանագիր» կուսակցությունից։ Երեկ այս եւ այլ հարցերի վերաբերյալ զրուցեցինք Կարեն Սարուխանյանի հետ:
- Պարոն Սարուխանյան, ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Նիկոլ Փաշինյանը վարչության նիստի ժամանակ հանձնարարել է Ձեզ՝ արյան անալիզ հանձնել, որ հասկանա՝ Դուք է՞լ Ձեր քեռու որդու պես թմրանյութերի հետ կապ ունեք, թե՞ ոչ։
- Իսկ ո՞վ է նման բան ասել։
- Կարեւոր չէ, Դուք այդ լուրը մեկնաբանեք։
- Ի՞նչ մեկնաբանեմ, փակ նիստից ուզում եք ինչ-որ բա՞ն ասեմ։
- «Ինչ-որ բանը» սկանդալային բան է, սովորական բովանդակային քննարկման մասին չեմ հարցնում, այլ Ձեզ հետ կապված՝ եղած կասկածների ու Ձեր առաջնորդի հանձնարարականի։
- Ես իրավասու չեմ որեւէ բան փակ նիստից տեղեկացնել։
- Իսկ Ձեր քեռու տղայի ձերբակալության մասին է՞լ ասելիք չունեք։
- Իմ ունեցած տեղեկություններով՝ կասկածանքը չի հաստատվել, նույնիսկ վարչական իրավախախտում չի համարվում դա, բայց լրատվականները դա բոմբ դարձրին եւ փորձեցին օգտագործել իմ դեմ։ Անկախ ամեն ինչից՝ Վարուժ Խոջումյանը որոշեց դուրս գալ Գյումրու ՔՊ տարածքային խորհրդի կազմից, որպեսզի չվնասի ինձ։
- Ակնարկում եք, որ Ձեզ վարկաբեկելու համա՞ր արվեց այդ ամենը, բայց չէ՞ որ իրավապահներն էլ են ձերը, եթե չլիներ կասկած, ինչպե՞ս կարող էին…
- Չեմ կարող որեւէ բան պատասխանել, ձեռնպահ կմնամ, ժամանակը կգա` ամեն բան ցույց կտա, բայց որ որոշ լրատվականներ դա բունտ սարքեցին, դա ակնհայտ էր։
- Եթե ձերբակալությունը եղել էր, շարժառիթի մասին էլ չհերքվեց, լրատվամիջոցները չգրեի՞ն այդ մասին, ինչո՞ւմ եք մեղադրում լրատվամիջոցներին։
- Դե, կասկածանքներ կային, բայց, կրկնում եմ՝ իմ ունեցած տեղեկություններով, կասկածանքը չի հաստատվել։
- Փոխարենը՝ վարչապետի մոտ է նաեւ կասկած առաջացել, որ Դուք էլ կարող եք թմրանյութի հետ կապ ունենալ։
- Հավանաբար, Դուք ուզում եք, որ ես փակ նիստից ինչ-որ բան ասեմ։
- Դե, օրինակ, կարող եք հերքել, ասել, որ նման կասկած չի առաջացել, կամ անալիզ տալու հանձնարարական չեք ստացել նրանից։
- Ես չեմ կարող վարչության փակ նիստից Ձեզ բան ասել։
- Տեղեկություններ կան, որ իշխանությունը փոխելու է օրենքը, որ Ձեզ Գյումրու համայնքապետի ԺՊ դարձնի, քանի որ առանց պաշտոնակատարի անգամ հնարավոր չէ ընտրության օր նշանակել, ընտրություն կազմակերպել։
- Ինչպես ասել է մեր վարչության փոխնախագահը, քննարկվում է այդ հարցը, որ հնարավոր է օրենք փոխվի, որպեսզի կարողանանք դուրս գալ Գյումրիում ստեղծված ճգնաժամից։ Մենք այս իրավիճակում, այո, չենք կարող ընտրությունների գնալ, ԸԸՀ-ներն են համայնքի ղեկավարի որոշմամբ ձեւավորվում, նիստերը հրավիրվում, եւ մի շարք այլ հարցեր։ Իսկ թեկնածուի ով լինելու մասին բազմիցս խոսվել է մեր կողմից, որ ցանկացած վայրում թեկնածու դիտարկվում է տվյալ համայնքի տարածքային կառույցի ղեկավարը, Գյումրիում ես եմ, եւ այդ մասին ԱԺ նախագահի ու այլ պաշտոնյաների մակարդակով հայտարարվել է։
- Բայց դրանից հետո լուրեր տարածվեցին, թե թիմը պարզել է, որ Դուք այնքան էլ բարձր վարկանիշ չունեք, ու հնարավոր է՝ Ձեր թեկնածությունից հրաժարվեն։
- Ես ամեն օր Գյումրիում եմ եւ վստահաբար կարող եմ ասել, որ իմ վարկանիշը շատ բարձր է։ Փոփոխություն՝ թեկնածուի, չի քննարկվում, ու բացառում եմ, որ կքննարկվի։
- Իսկ ինչի՞ց եք հասկացել, որ Ձեր վարկանիշը բարձր է։
- Մարդկանց հետ շփումներից։