Իսկ գուցե այդ «տեխնիկական սխալը» ոմանց ուղեղներո՞ւմ է

Իսկ գուցե այդ «տեխնիկական սխալը» ոմանց ուղեղներո՞ւմ է

Պարետատունը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, երեկ վերջապես որոշում կայացրեց՝ փակել Չարենցավան համայնքն ու սահմանափակումներ մտցնել այստեղ, քանի որ վարակվածների քանակն այս համայնքում գնալով ավելանում է։ Կոտայքի մարզում հարյուրից ավելի վարակակիրներ կան, հարյուրավոր մեկուսացվածներ։ Եվ մասնագետները վաղուց էին հորդորում՝ փակել շատ վարակակիրներ ունեցող բնակավայրերը։ Առհասարակ, ակնհայտ է, որ իրավիճակը գնալով լրջանում է, պետք է կտրուկ քայլեր ձեռնարկել, շարքային սահմանափակումներն այլեւս չեն ազդում մարդկանց վրա, նրանք էլի շարունակում են ազատ շրջել քաղաքներում՝ առաջնորդվելով «կորոնավիրուսն ում շունն է» սկզբունքով։ Երեկ արդեն հայտարարեցին վարակվածների թվերը՝ ըստ մարզերի, եւ պարզվեց՝ Արարատի մարզում ավելի վատ վիճակ է՝ 113 հաստատված դեպք կա, երկրորդ տեղում նոր Կոտայքն է՝ 88 դեպք, ամենածանրը Երեւանի վիճակն է, իհարկե, շուրջ 300 դեպք։ 

Եվ երեկ, ով հրաշք, հանկարծ տեղեկացանք, որ պարետատունը որոշում է կայացրել խստացնել սահմանափակումները Չարենցավանում, փակել քաղաքի ելումուտը։ Դրա վերաբերյալ պարետի ստորագրությամբ պաշտոնական փաստաթուղթը հրապարակվում է կառավարության կայքում, որտեղ թվարկված են այն կետերը, որոնց ապահովմամբ էլ պետք է կիրառվեին սահմանափակումները։ Օրինակ՝ հրահանգվել էր ոստիկանությանն ու ԱԱԾ-ին Չարենցավան համայնքի սահմանված վայրերում տեղադրել հատուկ կետեր եւ անցակետեր՝ վարչական տարածք մուտք գործող անձանց եւ տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով։ Պարետի այս որոշումն անմիջապես իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է նաեւ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, բոլոր կայքերն անմիջապես տարածեցին դա, չարենցավանցիները խառնվեցին իրար, Չարենցավանի քաղաքապետարանն անմիջապես անցավ գործի եւ սկսեց նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, որ 18։00-ից պետք է հատուկ ռեժիմ մտցվի։ Օրինակ՝ տարբեր տեղերից հատուկ մետաղական տաղավարներ էին հայթայթել, տարել տեղադրել քաղաքի մուտքերի մոտ, որտեղ պետք է պոստ լիներ, որ ոստիկաններն այդ տաղավարներից իրականացնեին հսկողությունն ու զննումը, այլ աշխատանքներ էլ էին իրականացնում։ Մեկ էլ կարճ ժամանակ անց պարետատունը հետ կանգնեց իր որոշումից՝ չեղարկելով այն։ 

Պատճառաբանությունն առավել քան ծիծաղելի էր եւ մանկամիտ։ Պարետատան խոսնակ Վահան Հունանյանը մեզ ասաց բառացիորեն հետեւյալը․ «Որովհետեւ մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, դա նման սցենարներից մեկն էր, որը տեխնիկական սխալի պատճառով հրապարակվել էր»։ Ճշտեցինք՝ տեխնիկական սխալը որոշումը կազմե՞լն էր, թե՞ որոշումը հրապարակելը, Հունանյանն ասաց` որոշումը հրապարակելը: Ապա ավելացրեց, որ այս պահին Չարենցավանի մասով որեւէ որոշում չունեն։ Նույնը իր ֆեյսբուքյան էջում գրեց նաեւ Կոտայքի մարզպետը։ Ավելի ուշ ասուլիս տվեց նաեւ պարետ Տիգրան Ավինյանը, որը եւս այս մասով նույնատիպ պատասխան տվեց, թե տարբեր սցենարներ են եղել, եւ տեխնիկական սխալի արդյունքում է այն կառավարության կայքում հայտնվել։ Մինչդեռ մենք գիտեինք, որ Չարենցավանը փակելու հարցը քննարկվում էր դեռ նախորդ օրվանից։ Ի դեպ, մենք պարոն Ավինյանին հարցեր էինք ուղղել՝ կապված թե՛ Չարենցավանի հետ, թե՛ բնակիչներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու, անապահովներին սննդով ապահովելու հետ, քանի որ այս օրերին շատ համայնքներ տեղական ուժերով են այդ ամենը հոգում, ինչը չի կարող երկար շարունակվել, սակայն մեր հարցը չհնչեցվեց։ Ասացին՝ սա եւս տեխնիկական սխալի հետեւանքով է տեղի ունեցել։

Տպավորություն է, որ կառավարությունն աշխատում է տեխնիկական սխալների աշխարհում, որտեղ որեւէ որոշում չի լինում հստակ, լիարժեք եւ առանց բացթողումների։ Սա մի կառավարություն է, որը կարող է որոշում ընդունել, դա ստորագրել, կնքել, հրապարակել իր կայքում, փոխանցել մարզպետին, մարզպետն էլ իր հերթին դա հրապարակի, հետո հանձնարարի քաղաքապետին՝ ապահովել որոշման հանձնարարականները, սկսեն միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, ու մի քանի րոպե անց պարզվի՝ «միամիտ էր ստացվել»։ Իսկ գուցե այդ «տեխնիկական սխալն» այլ տեղում է, կամ որոշ անձի՞նք են սխալ տեղում։ Կամ գուցե այս իշխանությանը ձայն տվողնե՞րն են «տեխնիկական սխալ թույլ» տվել, որ այսօր ունենք այսպիսի անլուրջ կառավարություն, որը կարող է այսպես հեշտությամբ «տեխնիկական սխալներ» թույլ տալ եւ դա նորմալ համարել ու անգամ ներողություն չխնդրել։