Երկու ստորագրություն

Երկու ստորագրություն

Վերջին օրերին լրատվամիջոցներում և սոցցանցերում քննարկվող ամենաթեժ թեման, անշուշտ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական գաղտնի ծառայությունների գործակալ, ապա նաև ԱԱԾ գործակալ լինելու պատմությունն է։ Պատմություն՝ հրամցված «նախկիններից» թերևս ամենաեռանդուն ընդդիմադիրի՝ Միքայել Մինասյանի կողմից։ Նաև՝ ամենափաստարկվածի։ Նաև՝ ամենաարժանահավատի։ Եվ անտարակույս՝ ինտելեկտուալի, որ ինքնին գերազանցել կարող է մի ամբողջ․․․ ուսապարկի։

Սակայն խնդիրը Մ․ Մինասյանի այդ հայտարարության շինծու կամ հորինված լինելու մեջ չէ։ Խնդիրն այդ մեղադրանքին հայրենի հատուկ ծառայության՝ ԱԱԾ-ի ոչ այնքան պրոֆեսիոնալ արձագանքի մեջ է։ ԱԱԾ-ն նույն երեկոյան, երբ եթերում հայտնվեց հայտարարություն-մեղադրանքը, շտապեց հերքել այն։ Մինչդեռ աշխարհի ոչ մի երկրի ոչ մի գաղտնի ծառայություն չի կարող իրեն թույլ տալ նման մանկամտություն՝ հերքել կամ հաստատել որևէ մեկի՝ իր գործակալ լինել-չլինելու մասին տեղեկատվությունը։ Երկու դեպքում էլ այդպիսի հերքումը կհնչեր կատարելապես ոչ արժանահավատ։ Բայց մեր «օպերատիվ» ԱԱԾ-ն դա արեց։

Մ․ Մինասյանն իր հայտարարության մեջ նաև փաստ (փաստաթուղթ) հրապարակեց՝ «ամբաստանյալի» ձեռագրով և ստորագրությամբ։ ԱԱԾ-ն, փոխանակ ձեռագրաբանական փորձաքննության արդյունքին հղում կատարելով հերքելու այն, որևէ փորձաքննություն չանցկացրեց, համենայն դեպս՝ հանրությունը չիմացավ։ Մինչդեռ փորձաքննության և նրա արդյունքների մասին,  եթե նույնիսկ դրանք պիտի մնային գաղտնիության որոշակի ռեժիմում, հանրությունը պետք է քիչ թե շատ իրազեկվեր, որովհետև հայտարարությունը լայն տարածում էր ստացել հենց հանրության շրջանում։

Եվ քանի որ փորձաքննություն չեղավ, ԱԱԾ-ի հերքումը մնաց իշխանական վերին օղակներից այդ կառույցին հապշտապորեն իջեցված հրահանգի տրամաբանության մեջ։
 Իսկ Արարատ Միրզոյանի առնվազն ստորագրությունը շարունակում է չափազանց նույնը երևալ նրա կողմից ստորագրված երկու տարբեր փաստաթղթերում՝ գաղտնի ծառայության կողմից հավաքագրվելու գրավոր համաձայնության և ԱԺ մի փաստաթղթի վրա։