Չեխիայի վարչապետի սառը ցնցուղը՝ Մակրոնին
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան հայտարարել է, որ Եվրոպայում ոչ ոք չի պատրաստվում զորք ուղարկել Ուկրաինա։
Ֆիալայի հայտարարությունը մեջբերում է CTK-ն, հաղորդում է «Եվրոպական պրավդան»։
Նրա խոսքով, Կիևի աջակցությանը նվիրված փարիզյան գագաթնաժողովում Ուկրաինա զորք ուղարկելու հարցը նվազագույն ժամանակ է խլել։ Ինչպես հայտնի է, այդ գաղափարը բարձրաձայնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Օգտակար կլիներ, եթե որոշ զինվորներ, օրինակ՝ Ֆրանսիայից, լինեին Ուկրաինայի տարածքում, բայց չկռվեին այնտեղ, այլ օգնեին վերապատրաստումներին»,- Ֆրանսիայի նախագահի առաջարկը մեկնաբանելիս նշել է Չեխիայի վարչապետը։
Փարիզյան գագաթնաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը եկել է այն եզրակացության, որ զորքեր ուղարկելու հարցը չի քննարկվի և նույնիսկ չի քննարկվի հետագայում, նշել է Ֆիալան:
«Սա թեմա չէ, քանի որ երկրների ճնշող մեծամասնության համար այս գաղափարն անընդունելի է: Եվրոպայում ոչ ոք չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա»,- ասել է չեխ ղեկավարը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք չեխական դիվանագիտությունը նախապես մանրամասն տեղեկություններ ուներ այն թեմաների մասին, որոնք պետք է քննարկվեին երկուշաբթի օրը Փարիզում կայացած գագաթնաժողովում։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի երկրների մեծ մասը բացառել է Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը, այդ թվում՝ այնպիսի խոշոր խաղացողներ, ինչպիսիք են Գերմանիան, Բրիտանիան և ԱՄՆ-ն։
Կարծիքներ