Բորիս Ավագյանի գործով դատախազությունում խնդիրներ են առաջացել

Բորիս Ավագյանի գործով դատախազությունում խնդիրներ են առաջացել

Դեռ հունվարին գրել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում։ Նա մեր թերթի միջոցով հայտարարություն արեց, որ իր գործը կապված է մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, դրանից հետո ՀՀ իրավապահները հայտարարեցին, որ նրա վերաբերյալ քրեական գործ է հարուցվել եւ հետախուզում է հայտարարվել։ Եւ քանի որ Բ․Ավագյանը ոչ թե թաքնված է, այլ գտնվում է ռուսական բանտում՝ նրա գտնվելու տեղը հայտնի է, ուստի ենթադրվում է, որ ՀՀ դատախազությունը պետք է դիմեր ռուսական կողմին՝ իր երկրի տարածքում հանցագործություն կատարած անձին, որը ՀՀ քաղաքացի է, արտահանձնելու խնդրանքով։

Մենք դիմել էինք ՀՀ դատախազություն, հետաքրքրվել էինք՝ դիմե՞լ են արդյոք ՌԴ-ին՝ Ավագյանին Հայաստան արտահանձնելու համար։ Երկար սպասումներից հետո գլխավոր դատախազի խորհրդականը մեզ հետ զրույցում ասել էր, որ մի շարք հստակեցումներից հետո դատախազությունն օրերս պատրաստվում է համապատասխան միջնորդություն ուղարկել Ռուսաստան:

«Մինչև այս պահը չի արվել, սակայն այս պահին համապատասխան փաթեթը նախապատրաստվում է ռուսական կողմին միջնորդություն ներկայացնելու համար, որպեսզի Բորիս Ավագյանին հանձնեն հայկական կողմին»,- նշել էր մեր զրուցակիցը: Այն հարցին, թե ե՞րբ միջնորդությունը պատրաստ կլինի և վերջապես ինչո՞ւ է դատախազությունը նոր «մատը մատին» տալիս, ի վերջո՝ Ավագյանի ձերբակալումից անցել է գրեթե հինգ ամիս, ինչո՞ւմինչ այս չէիք դիմում, Գոռ Աբրահամյանը նշել էր. «Առաջիկա օրերին պատրաստ կլինի, հստակ օր չնշեմ: Մի քանի օրից այն կուղարկենք: Իսկ ինչ վերաբերում է հիմա դիմելու մասով, դա կամ արվում է, կամ չի արվում: Լիքը հանգամանքներ կան քրեական գործերի հետ կապված, ես չեմ առանձնացնում հիմա, դա ընդհանուր խնդիր է: Բոլոր հանգամանքները պետք է հաշվի առնել, այդ թվում նաև միջնորդություն ներկայացնելու հիմքերի բավարար կամ ոչ բավարար լինելը, պետք է այնպիսի փաստաթղթեր ներկայացնել, որ այնտեղ բավականին արժանահավատ դիտարկվի գործը: Այս բոլոր հանգամանքների համադրման արդյունքում նոր լուծվել է միջնորդություն ներկայացնելու հարցը: Հիմա այս բոլոր աշխատանքները տարվել են, մենք գտնում ենք, որ կան բոլոր բավարար հիմքերը, փաթեթը նախապատրաստվում է: Առաջիկա օրերին այն կներկայացվի»:

Մեր զրույցից շուրջ 9 օր անց կրկին դիմեցինք ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին, պարզելու թե միջնորդություն ուղարկե՞լ են արդյոք ՌԴ, թե՞ ոչ: Մեր նախորդ զրույցի ժամանակ Աբրահամյանը նշել էր, որ առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում գործընթացը կկազմակերպվի։ Պարզվում է՝ անցել է տասն օր, սակայն «սայլը» տեղից չի շարժվել: Գոռ Աբրահամյանն այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ միջնորդությունը դեռևս պատրաստ չէ, քանի որ խնդիրներ են առաջացել: Այն հարցին, թե ի՞նչ խնդիրներ, ե՞րբ պատրաստ կլինի ի վերջո, մեր զրուցակիցը տխուր տոնով նշեց, որ ոչինչ ասել չի կարող:

ՀԳ Իսկ մենք կարող ենք եզրակացնել, թե ինչ խնդիրներ են առաջացել․ Բորիս Ավագյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու, առավել եւս Ռուսաստանի իրավապահներին դրանք ներկայացնելու համար բավարար ապացույցներ են հարկավոր, իսկ թերի ապացույցները կխոսեն այն մասին, որ սա պարզ քաղաքական հետապնդում է Ավագյանի նկատմամբ՝ Շուշանիկ Ներսիսյանին ուղղված կոռուպցիոն մեղադրանքներ հնչեցնելու համար։

Ուստի պարզ է, որ չեն կարողանում դիմել արտահանձնման համար՝ նման ապացույցներով։ Չեն էլ ուզում, որովհետեւ նախ՝ վստահ չեն, որ այդ ապացույցների պարագայում ռուսական կողմը կարտահանձնի նշված անձին։ Իսկ եթե արտահանձնի, ապա ավելի ծանր վիճակի մեջ կհայտնվեն։ Պարզ ասած՝ այս քրեական գործը հարուցելով դատախազությունն ընդամենը հայաստանյան ներքին լսարանին ուղղված քայլ է արել՝ Շուշանիկ Ներսիսյանի անունը մաքրելու համար եւ բացարձակապես չի ուզում, որ Ավագյանը հայտնվի Հայաստանում, նրա քրեական գործը հանրային հնչեղություն ստանա եւ հրապարակային դատավարություն ընթանա։