Կարևորն Աննա Հակոբյանի ցանկությունն է

Կարևորն Աննա Հակոբյանի ցանկությունն է

Վերջերս լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում վարչապետի կինն անկեղծացել էր․ «Երջանիկ են այն երկու հոգին, անկախ սեռից, որ գտնում են իրար․․․ Կան մարդիկ, որ չեն գտնում իրար, եւ դա դժբախտություն է»։ Լեզվի սայթաքո՞ւմ է, թե՞ մտածված խոսք։

Աննա Հակոբյանից դեռ շատ առաջ Աստվածաշնչում Աստված մարդկային առաջին զույգին ասել է․ «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը եւ տիրեք նրան ու իշխեք» (Ծննդոց 1։28)։ Միասեռականության, առավել եւս՝ նույնասեռականների զուգավորման ու բազմանալու մասին Սուրբ գրքում գրված չէ։ Միասեռականներն ու նրանց ամուսնությունն աստվածահաճո չեն։ 
Բայց Աննա Հակոբյանն ուզում է երջանիկ զույգեր տեսնել՝ անկախ սեռից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դժվար թե Աննայի ցանկությանը դեմ գնալու կամք ունենա։ Մանավանդ որ գործը գլուխ բերելու համար ֆինանսական ու նյութական ռեսուրսներ չեն պահանջվում։ Ընդամենը մի երկու օրենք կփոխեն, հատկապես որ տարբեր կոնվենցիաներ արդեն վավերացրել են, ու վերջ, գործը կավարտեն։

Գուցե ոմանք առարկեն՝ հղում անելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին, ով հայտարարում էր, թե Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը չի նշանակում միասեռ ամուսնությունների ու նման զույգերի կողմից որդեգրումների արտոնում։
Հետո՞ ինչ։ Առողջապահության նախարարն էլ ասում էր՝ կորոնավիրուսը վտանգավոր չէ, բայց մահերի թիվն օրեցօր աճում է։ Իսկ ԿԳՄՍ նախարարն արդյունավետ էր համարում հեռավար կրթությունը, բայց ստացվում է՝ աշակերտը գիտելիք չի ատանում։ Էլ չենք խոսում վարչապետի մասին, ով ժողովրդական իշխանության բարձրագույն մարմին էր համարում Հանրապետության հրապարակը, որտեղ պետք է նիստեր հրավիրվեին, որոշումներ կայացվեին։ 
«Կառավարությունն ինչպես ձեւավորվել է այս հրապարակում, հաշվետու է այս հրապարակին եւ ենթարկվում է այս հրապարակին։ Սա նշանակում է, որ մենք Հայաստանի քաղաքական, տնտեսական կյանքի կարեւորագույն որոշումները կայացնելիս պետք է ժողովրդով հավաքվենք այս հրապարակում եւ կառավարությանը լիազորենք՝ իրականացնել այս կամ այն գործողությունը կամ կառավարությանն արգելենք իրականացնել այս կամ այն գործողությունը»,- ասել էր Փաշինյանը։
Կարճ ժամանակ անց, սակայն, ժողովրդի ընտրյալը, նույն այդ ժողովրդի թիկունքում եւ օրեցօր սրվող սոցիալական խնդիրների ֆոնին, բարձրացրեց պաշտոնյաների աշխատավարձը, պարգեւավճարներ բաժանեց իր հետ քայլածներին, որը չդադարեցրեց անգամ համավարակի օրերին։

Այնպես որ, արդարադատության նախարարի ասածը, թե փաստաթղթի վավերացումը չի նշանակում միասեռ ամուսնությունների ու նրանց կողմից երեխաների որդեգրման թույլտվություն, ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրում։ Կարեւորն Աննա Հակոբյանի ցանկությունն է, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ թափանցիկ ակնարկ նախ իր ամուսնուն, ապա՝ ԼԳԲՏ համայնքին։