Բնական աղետներն էլ, COVID-19-ի պես, լուրջ մարտահրավեր են

Բնական աղետներն էլ, COVID-19-ի պես, լուրջ մարտահրավեր են

Ընթացիկ տարվա փետրվարի 27-ին, անդրադառնալով COVID-19-ին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասել էր՝ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, ուստի շատ հատուկ միջոցառումների կարիք չկա, եւ որ մինչեւ այդ պահը՝ փետրվարի 27-ը, Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպք չկա։

Թորոսյանից հետ չէր մնում նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դուխով կոչ անելով չվախենալ վիրուսից։ «Մենք էսպիսի՞ իրավիճակներ ենք հաղթահարել, կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա, որ մի հատ էլ մեր կյանքում խնդիրներ առաջացնի»,- ասել էր վարչապետը։ 

Բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, կորոնավիրոսը լավ էլ շուն է․ մարդկային կյանքերի գնով ապացուցեց, որ վտանգավոր է։ Հայաստանում արդեն 40 մահ կա, իսկ հեղափոխական իշխանությունը դեռ չգիտի վարակին հաղթելու ձեւը։ Ավելին, թուլացնում է կարանտինը՝ պատասխանատվության ամբողջ բեռը թողնելով բիզնեսի ու քաղաքացու ուսերին․ պահանջում է պարբերաբար ախտահանել տարածքները, դիմակ ու ձեռնոց կրել։
Համաճարակին զուգահեռ, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության 2019 թ․ աշխատանքների արդյունքների մասին զեկույցը, որի բովանդակությունից երեւում է, որ լրջության կոչեր անող կառավարությունը՝ ինքը, լրջանալու կարիք ունի։

Եթե անձնագիր չունեցող COVID-19-ը նոր մարտահրավեր է աշխարհին, ապա Հայաստանում գոյություն ունեցող բազմաթիվ ռիսկեր եւս ոչ պակաս սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության ու երկրի տնտեսության համար, եւ դրանցից շատերը նոր չեն։
Սպառնալիքներից մեկը երկրաշարժն է, քանի որ Հայաստանի տարածքը համարվում է 8-9 բալանոց ինտենսիվության երկրաշարժավտանգ գոտի։ Երկրակեղեւն այստեղ բազմաթիվ խզվածքներ ու վտանգավոր չորս օջախ ունի՝ Գառնին, Փարաքար-Այնթապը, Ախուրյանն ու Զանգեզուրը։
Պակաս վտանգավոր չեն նաեւ սողանքները, որոնց թիվը Հայաստանում անցնում է երկու հազարը։ Դրանցից շատերը գտնվում են Տավուշի, Լոռու, Սյունիքի մարզերի բնակելի տարածքներում։
Սելավները, քարաթափումներն ու ուժեղ քամիները եւս լուրջ մարտահրավերներ են, որոնք տեղավորվում են  Փաշինյանի «․․․ո՞ւմ շունն են» տրամաբանության հիմքում։ Նման հետեւության եկա՝ ուսումնասիրելով ՀՀ կառավարության 2019 թվականի աշխատանքների արդյունքների մասին զեկույցը։

Պարզվում է՝ հայրենի կառավարությունը 2019թ․ արտակարգ իրավիճակների, ճգնաժամային կառավարման ոլորտում ոչինչ չի արել։ 44 էջանոց զեկույցում բացակայում են «արտակարգ իրավիճակ», «աղետ», «սողանք», «սելավ», «տարհանում», «բնակչության պաշտպանություն», «վաղ ազդարարում», «ճգնաժամային կառավարում» եւ նման այլ բառերն ու արտահայտությունները։

Հեղափոխականները քանդում են այն ամենը, ինչ կառուցել են իրենցից առաջ։ Մասնավորապես, մենք ունենք վաղ ազդարարման համակարգ, որը զարգացման կարիք ունի։ Ունենք աշխարհի ցանկացած բնակավայրում որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելու ունակ մոտ 200 փրկարար, որոնք մշտական վերազինման ու կատարելագործման կարիք ունեն։ Ունենք աշխարհում եզակի երկրաֆիզիկական դիտարան, որն ուշադրությունից դուրս է մնացել․․․
Մտավախությունս այն է, որ սրանք էլ քաղավիացիայի ճակատագրին կարժանանան։