«Մալայան» կենտրոնում անձանց տեսողության կորստի «պատմությունը» շարունակվում է․դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

«Մալայան» կենտրոնում անձանց տեսողության կորստի «պատմությունը» շարունակվում է․դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել

Ուղիղ մեկ տարի առաջ մենք հրապարակել էինք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում մոտ մեկ տասնյակ քաղաքացիների տեսողության կորստի դեպքի մասին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել այդ օրերին։

Հիշեցնենք՝  2019-ի մայիսին Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում մի քանի հիվանդի դեղանյութ էր ներարկվել, որի հետեւանքով նրանք կորցրել էին տեսողությունը, աչքի բորբոքում եւ ցավեր ունեին։ Հիվանդներին ասել էին, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունից են ձեռք բերել դեղորայքը, եւ իրենց մոտ կատարված փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ դեղի մեջ ագրեսիվ հարուցիչ կա, որից էլ առաջացել էր տեսողության կորուստը։ Մեր հրապարակումից հետո «Նատալի ֆարմը» հայտարարություն էր տարածել, թե «Ավաստինը» նախատեսված չէ ներակնային ներարկման համար։  

Դեպքի առիթով քրեական գործ էր հարուցվել դեռ այն ժամանակ՝ Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը։ Արարքը պատժվում է տուգանքով կամ առավելագույնը 2 տարի ժամկետով ազատազրկմամբ։

Ակնաբուժական կենտրոնի ընդհանուր գծով փոխտնօրեն Զառա Մալայանը մեզ հետ զրույցում անդրադառնալով դեռ մեկ տարի առաջ տեղի ունեցած դեպքին՝ նշեց․ «Տարբեր խոսակցություններ են եղել, եւ ամեն խոսակցություն չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Այդ գործի վերաբերյալ եւ բժիշկներն են խոսել, եւ տնօրենը, այսօրվա օրով ուրիշ ինֆորմացիա չկա, ինչպես խոսվել է, այնպես էլ մնացել է»։

Հարցին՝ թե այն տուժած այցելուների տեսողությունը վերականգնվե՞լ է, պատասխանեց․ «Ես հիմա անգիր չեմ կարող ասել, որովհետեւ տարբեր մարդիկ էին, տարբեր խնդիրներ էին եւ տարբեր աստիճանի բարդություններ կարող էին լինել եւ այդ հարցը պետք է տալ բուժող բժշկին»։

Քննչական կոմիտեից էլ պատասխանեցին՝ հարուցված քրգործով նախաքննությունը շարունակվում է․ «2020 թվականի մարտի 31-ին տվյալ քրեկան գործով տուժողների վերաբերյալ որոշումներ են կայացվել՝ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Եզրակացությունը դեռևս չի ստացվել»։