Ամուսնուս սպանեցին, երեւի այդքան լաց չեղա, ինչքան այս գիրքը կազմելիս

Ամուսնուս սպանեցին, երեւի այդքան լաց չեղա, ինչքան այս գիրքը կազմելիս

Բանասիրական գիտությունների դոկտոր Փառանձեմ Մեյթիխանյանը հեղինակել եւ հրատարակել է «Հայոց անվանարանը» մեծածավալ գիրք-աշխատությունը, որտեղ համակողմանիորեն քննվում են հայկական անվանարանը, նրա հիմքը կազմող տերմինաբանական համակարգը՝ անուն, հայրանուն, տոհմանուն, արքայանուն, ազգանուն, պատվանուն, մականուն, կեղծանուն։ Տրվում է դրանց լեզվաբանական բնութագիրը, նաեւ պատմամշակութային այն ողջ դաշտը, որը համաշխարհայնացման արդի թոհուբոհում հայ ժողովրդին սահմանազատում է մյուս ժողովուրդներից, դառնում մեր ազգային ինքնության կարեւորագույն բաղադրիչներից մեկը եւ պահում մեր հայկական դիմագիծը։

Հեղինակը գիրքը նվիրել է հայ ժողովրդի՝ բոլոր ժամանակների սուրբ նահատակների հիշատակին։ «Գիրքը պատրաստ էր տպագրության, երբ պայթեց արցախյան այս դաժան պատերազմը։ Ու ամեն ինչ միանգամից դարձավ անկարեւոր։ Բոլորի սրտերն Արցախի հետ էին եւ առաջին հերթին՝ Արցախում կռվող մեր զինվոր տղաների։ Գրքի հրատարակումը հետաձգվեց, եւ հիմա «Հայոց անվանարանը» հրատարակվում է, ցավալիորեն, մի բաժին եւս իր մեջ ներառած՝ հանուն արցախյան հողի, հանուն հայ մարդու ինքնորոշման իրավունքի ընկած մեր սուրբ նահատակների»,- ասում է Փառանձեմ Մեյթիխանյանն ու նկատում, որ չի հաշվել, թե քանի անուն է ներառվել Հայոց անվանարանում, եւ իր խնդիրն է եղել ոչ թե քանակ ներկայացնել, այլ գիտականորեն բացատրել այս կամ այն անձնանվան ու ազգանվան դերն ու նշանակությունը, վերլուծել դրանց սկզբնաղբյուրները։

Հեղինակն անունները ներկայացնելիս հաշվի է առել մեր մշակույթի պատմության մեջ խորը հետք թողած անհատներին։ «Օրինակ՝ Արամ Խաչատրյանի կամ Արամ թագավորի կողքին ես դրել եմ Արամ անունով զոհված զինվորի նկարը»,- ասում է Մեյթիխանյանն ու հավելում, որ գիրքը կազմված է եռաշերտ սկզբունքով․ առաջինը բուն գիտական-վերլուծական շարադրանքն է, երկրորդը մեր պատմության մեջ խոր հետք թողած նշանավոր անձինք են, եւ երրորդը՝ բոլոր ժամանակներում, հատկապես արցախյան այս պատերազմներում ընկած մեր հերոս նահատակները։   

Գրքում ներկայացված է նաեւ արցախյան 2 պատերազմում եւ ապրիլյան քառօրյայում զոհվածների անվանացանկը։ «2016-ին ամուսնուս սպանեցին, երեւի այդքան լաց չեղա, ինչպես այս գիրքը կազմելիս․ ամեն մի զինվորի լուսանկարը դնելիս, նրա անուն-ազգանունը ներկայացնելիս այնքան եմ լացել, որ ասելու չէ․․․»,- ցավով հավելում է հեղինակը։  

Գիրքը վաճառվում է «Բուկինիստ» գրախանութում եւ Էջմիածնի գրապալատում։