«Հրապարակ». Եթե իշխանության փոխարեն կոմիտե ես ստեղծում, պարտականությունն ու բեռն իշխանության վրայից վերցնում ես

«Հրապարակ». Եթե իշխանության փոխարեն կոմիտե ես ստեղծում, պարտականությունն ու բեռն իշխանության վրայից վերցնում ես

«Արցախի հարցում Ադրբեջանի ծրագիրն է՝ ազատել Արցախը հայ բնակչությունից, ստեղծել պայմաններ, որպեսզի հայերն այնտեղից գնան, ով կմնա՝ նրանց տեղահանել կամ կատարել կոտորած: Շատ հստակ է այդ ծրագիրը: Իսկ ի՞նչ ծրագիր ունի Հայաստանի հետ, որ, ի՞նչ, դրանից հետո Հայաստանի հետ խաղաղ պետք է ապրի՞։ Ո՛չ: Մինչեւ այժմ ասում են, որ Երեւանն իրենց պատմական հողն է, այսինքն՝ իրենց ծրագիրն է՝ անջատել Արցախն ու Հայաստանը, կուլ տալ Արցախը, հետո՝ Հայաստանը»,- Ազատության հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը: Նա առաջարկեց ձեւավորել 11 հոգուց բաղկացած կոմիտե, որը համազգային շարժմամբ կհեռացնի Հայաստանի գործող իշխանություններին, եւ աշխարհը կողջունի դա:

«Պետք է հարցը որոշենք ժողովրդով: Եթե մենք էլ, ինչպես Արցախը, նույն պնդությամբ, նույն համառությամբ մեր սկզբունքների շուրջ համախմբված մնանք, աշխարհը մեզ հետ հաշվի կնստի: Մենք պետք է ձեւակերպենք մեր խնդիրները, հետո դաշնակից գտնենք, ոչ թե՝ դաշնակից գտնենք, հետո իր ուզած խնդիրն այստեղ լուծենք: Բայց դրա համար էս մի հանրահավաքը հարց չի լուծում: Պետք է լինի ազգային ժողովրդական շարժում: Ժամանակն է՝ նորից վերադառնալ այդ վիճակին: Կան կարող ուժեր, նրանք պետք է համախմբվեն: Պետք է իրար հետ պայմանագիր կնքեն: Պետք է ստեղծեն 7-11 հոգանոց կոմիտե, որը ղեկավարելու է շարժումը: Դրանից հետո կոմիտեն պետք է որոշումներ ընդունի, եւ մեջը մտած բոլոր կուսակցությունները պետք է ենթարկվեն կոմիտեի որոշումներին: Այդ կոմիտեն պետք է ստեղծի համազգային շարժումը, պետք է կարողանա ցույց տալ աշխարհին Հայաստանի կամքը, եւ առաջին հաղթանակը՝ այդ կոմիտեի, պետք է լինի իշխանությունը փոխելը: Դա մեծ հաղթանակ է լինելու»,- նշել էր Մանուկյանը: Այս առաջարկն անմիջապես հիշեցրեց 1988 թվականի շարժումը, երբ «Ղարաբաղ» կոմիտեն` 11 անդամից կազմված, ղեկավարում էր շարժումը եւ երկրի փաստացի իշխանությունն էր դարձել` քանդվող կոմունիստական իշխանությունների փոխարեն:

Պատմական գիտությունների դոկտոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր, Լաչինի նախկին պարետ Ալեքսան Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ «Ղարաբաղ» կոմիտեն տարիներ առաջ իր առջեւ դրած խնդիրները լուծել է, քանի որ պետական լծակներ չեն եղել, սակայն այսօր` պետություն ունենալու պարագայում, նոր կոմիտե ձեւավորել, նշանակում է` պետական լծակները փոշիացնել եւ պատասխանատվությունը վերցնել իշխանությունից եւ դնել տվյալ կոմիտեի վրա։ «Իրականում «Ղարաբաղ» կոմիտեն կար ու գործում էր, որովհետեւ պետությունն իր, մեղմ ասած, բոլոր ռեսուրսները չէ, որ օգտագործում էր` Արցախի հարցի համար: Հետո ձեւավորվեց անկախ պետություն, որն ինքն արել է, անում է եւ պարտավոր է անել, որովհետեւ անկախ պետություն է: Եթե նոր կոմիտեն լինի այնպիսին, ինչպիսին «Ղարաբաղ» կոմիտեն էր, կնշանակի, որ եթե պետությունը ոչինչ չանի էլ, ոչինչ: Բայց այդպես չէ, ամբողջ ռեսուրսները հենց պետության ձեռքին են, եւ եթե մենք ինքնաբուխ կազմակերպություն ենք ստեղծում, նշանակում է՝ պետական ռեսուրսները փոշիացնում ենք: Այդ ռեսուրսները պետք է ծառայեն Արցախին եւ ազդեն Արցախի խնդիրների լուծման վրա: Նոր կոմիտե ձեւավորելով՝ փոշիացնելու ենք պետական ռեսուրսները: Պրոբլեմատիկ հարց է: Բնական է, որ անցյալում «Ղարաբաղ» կոմիտեն լավ կառույց էր, պարզապես հրաշք էր, սակայն այսօր այդ մասին խոսելը չգիտեմ ինչքանով է իրատեսական»,- նշեց Հակոբյանը:

Հարցին, թե գուցե պետությունը ոչինչ չի անում, եւ ընդդիմության վերջին հույսն այս օրհասական վիճակից դուրս գալու համար նոր շարժում ձեւավորե՞լն է` նոր կոմիտե ստեղծե՞լը, Ալեքսան Հակոբյանը նշեց. «Այն ժամանակ համարում էինք, որ Հայաստանի իշխանությունը ենթակա է Մոսկվային եւ պարտավոր է նրա ասածներն անել, մեծ մասամբ հենց այդպես էլ լինում էր: Իսկ այսօր իրավիճակն այլ է: Իշխանությունները պետք է բոլոր ռեսուրսներով փորձեն հարցը լուծել: Իշխանության հետ համագործակցությունն էլ պետք է լինի չափավոր, այդկերպ դու կստիպես ռեսուրսները ճիշտ չափով օգտագործել, սակայն եթե իշխանության փոխարեն կոմիտե ես ստեղծում, պարտականությունն ու բեռն իշխանության վրայից վերցնում ես քեզ վրա»:

Մեր այն հարցին, թե ինչ կարող ենք պահանջել մի իշխանությունից, որը բանավոր կերպով արդեն իսկ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախը ներառյալ, մեր զրուցակիցն ասաց. «Ես չեմ ցանկանում իշխանություններին պաշտպանել, սակայն մտածում եմ, որ դա կարող է լինել դիվանագիտական խաղ: Կոպիտ ասած, գուցե խաբում են` պատերազմ չհրահրելու համար: Պետք է ինչ-որ բան խոսել տարբեր հարթակներում: Գուցե անհրաժեշտ են այդ հայտարարությունները: Այս պահին տեսնում ենք, որ իշխանությունների ասածները չեն իրականացվում: Հոգեբանորեն դժվար է այդ հայտարարություններին դիմանալը, սակայն եկեք նկատենք, որ հայտարարություններն ու գործողությունները տարբեր բաներ են»: