ՀԿԵ-ն ավարտել է Երեւանի ՋԷԿ-ի համար բեռների փոխադրումը

ՀԿԵ-ն ավարտել է Երեւանի ՋԷԿ-ի համար բեռների փոխադրումը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացրել է Երեւանում ջերմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումը: Մասնավորապես, կազմակերպվել եւ իրականացվել է 564,5 տոննա ընդհանուր քաշով խոշոր չափի ծանր սարքավորումների փոխադրումը:

Բեռների ամենածանր միավորը՝ 205,5 տոննա քաշ ունեցող գազային տուրբինը, ինչպես նաեւ տուրբինի գեներատորը (170 տոննա) եւ տրանսֆորմատորը (189 տոննա), Վրաստանի Փոթի նավահանգստից տեղափոխվել է Երեւանի երկաթուղային կայարան:
ՀԿԵ-ն տրամադրել էր փոխադրումների ծառայությունների համալիր, որը ներառում է, մասնավորապես, բեռնաթափման համար հարթակի եւ պահեստային տերմինալների տրամադրումը, անվտանգության ապահովումը եւ այլն:
Ընկերությունը նման «բարդ», ոչ գաբարիտային եւ ծանրաքարշ բեռների փոխադրման մեծ փորձ ունի: 2019 թվականին Հարավկովկասյան երկաթուղին կազմակերպեց եւ իրականացրեց ցեմենտի արդյունաբերության համար չափազանց մեծ սարքավորումների միջազգային մուլտիմոդալ փոխադրում:

«ՀԿԵ-ն լուրջ փորձ է կուտակել բարդ` խոշոր ծավալաչափի եւ ծանրաքարշ բեռների տեղափոխման ոլորտում,- ասում է ընկերության Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետ Սերգեյ Դորոխինը:- Ներկայումս ընկերությունն ունի ցանկացած բարդության բեռների փոխադրման հնարավորություն, այդ թվում՝ մուլտիմոդալ ձեւաչափով»: