Սեպտեմբերի մեկը մոտենում, կիրանցու սիրտը մթնում է

Սեպտեմբերի մեկը մոտենում, կիրանցու սիրտը մթնում է

Ղեկավարներ կան, որոնք, ինչպես Պուտինն է ասում, վերահսկելի են և դրանով իսկ վտանգավոր չեն։ Նիկոլ Փաշինյանը դրսի համար վերահսկելի է, բայց ինքը իր քայլերով, դրսի ցուցումով  ներսում վերահսկելի է դարձրել ժողովրդին։ Մինչև հիմա շատերը խաբվում են, երբ մի խուլ, սահմանամերձ  գյուղում ասֆալտ են անում, երբ մի դպրոց կամ մանկապարտեզ վերանորոգում են։ Մտածում են, որ իրենց գյուղը չի հանձնվելու, աշխատանքներ են անում, որ շեն մնա։ Ու նրանք՝ աշխարհից կտրված, դյուրահավատությամբ գյուղի, երեխաների ապագան են պատկերացնում։ Այսինքն գյուղը վերահսկելի է դառնում Նիկոլ Փաշինյանի համար։ Հիմա մեծ- մեծ ծրագրեր են դրել առաջը, որ գյուղի օրինակով  հանրապետությանը «վերահսկելի դարձնի»։ Ասում է՝ ակադեմիական քաղաք եմ կառուցում, տիեզերքում խոպան եմ հերկում ու նման նկարած պատկերներ։ Ու որպեսզի չընկնեք այդ ցանցը, մի տխուր օրինակ կբերեմ։ 44- օրյա խայտառակ պատերազմից, կապիտուլյացիայից հետո Կիրանցում սկսեցին դպրոց կառուցել։ 2021 թվականի տարեվերջին մեկնարկեց Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոցի մոդուլային շենքի կառուցման աշխատանքները: Նոր կառուցվող դպրոցի առաջին բետոնային հիմքերը դնելուց Կիրանց բնակավայրի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասաց․ «Կիրանց գյուղը երբեւէ դպրոց չի ունեցել, դպրոցի շենք է ծառայել մսուր մանկապարտեզի վթարային շենքը: Ընտրվելով համայնքի ղեկավար իմ համար մեկ նպատակն է եղել գյուղի համար նոր դպրոցի կառուցումը: Եվ այսօր կարող ենք ասել, որ մենք հասել ենք մեր նպատակին, քանի որ շատ շուտով մեր երեխաները կհաճախեն նորակառույց և լավագույն պայմաններով ապահովված դպրոց»։ 

Կամո Շահինյանին իր «նպատակին հասցրել էր» Նիկոլ Փաշինյանը՝ Կիրանցում դպրոց կառուցելով։ Հիմա ուզում եմ հարցնել՝ Փաշինյանը չգիտե՞ր Կիրանցի գլխին գալիքը, որ դպրոց էր կառուցում․․․ Դպրոց կառուցելուց առաջ իր հայտարարությունները լսեք, համոզվեք, թե ինչպե՜ս էր տեղյակ։  Իսկ ինչու՞ էր դպրոցը կառուցում թշնամու քթի տակ։  Նման բաներ անում էր, որ Կիրանցը «վերահսկելի դարձնի»։ Տեսեք համայնքի ղեկավարը ո՜նց էր անթաքույց գովաբանում նրան՝ Կիրանց գյուղը երբեւէ դպրոց չի ունեցել․․․ Դե հիմա էլ դուրս արի ու գովաբանիր։  Հետո ասում եք, թե ինչու՞ են գյուղերում Փաշինյանին սիրում։ Գյուղացի մարդ է, մտածում է, որ ասֆալտ են անում, ուրեմն իրենց գյուղը պինդ է, հանձնելուց էլ ասում են՝ որ Փաշինյանը գյուղը թշնամուն հանձնելու  միտք ունենար՝ դպրոց չէր կառուցի կամ ասֆալտ չէր անի։ Ուշքի եկեք ժողովուրդ։ Ոչ մի կառույցի մասին մի խոսեք։ Դրանք աչք փակելու համար են արվում։ Նման մեծ ծրագրերից առաջ ասֆալտը զուտ գրդոն է, շինարարություններն էլ՝ նույն ծրագրով աչքակապություններ։ Փաշինյանը ճամանակին մեղրի քաղցրությամբ  ծոր էր  տալիս՝ ասֆալտը ասֆա՜լտ է, փող է․․․ 

Կիրանցին նայեք, ձեր օրը լացեք։ Մենք ազգովի  ամենամեծ խաբեության մեջ ենք։ Կիրանցին երեք տարի ասում էր՝ կիրանցի երեխաները կփոխեն դպրոցի ճամփան, նրանց առջև կբացվեն նոր դռներ և նոր հնարավորություններ: ՈՒ՞ր են։ Ասում էին․ «Դպրոցը կառուցվում է պետբյուջեի միջոցներով, «Փոքրաքանակ երեխաներով համալրված դպրոցների շենքային պայմանների բարելավման ծրագրի» շրջանակում: Նոր դպրոցը կունենա ինը դասասենյակ, աշակերտների թվի ավելացմամբ պայմանավորված՝ ընդլայնելու հնարավորությամբ: Շենքը կունենա և՛ միահարկ, և՛ երկհարկ հատվածներ՝ գրադարանով, համակարգչային դասարաններով: Այս առանձին մասնաշենքն էլ նախատեսված է մարզադահլիճի համար, դրսում կգործի մարզահրապարակ, և սա ամենը չէ․․․»։ Ու՞ր են, դուրս եկեք։ Սեպտեմբերի մեկը մոտենում, կիրանցու սիրտը մթնում է։