Սեւակ Միքայելյանն ինչքան էլ լավ տղա լինի, ինքն էսօր ներկայացնում է մի ուժ, որը երկիրը տանում է կործանման

Սեւակ Միքայելյանն ինչքան էլ լավ տղա լինի, ինքն էսօր ներկայացնում է մի ուժ, որը երկիրը տանում է կործանման

Դեկտեմբերի 5-ին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում՝ Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում, անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Հրազդան խոշորացված համայնքում նոր ղեկավար դառնալու համար պայքարում է չորս քաղաքական ուժ՝ իշխող  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի թեկնածուն գործող քաղաքապետ Սեւակ Միքայելյանն է՝ Սասուն Միքայելյանի որդին, Դաշնակցությունը, որի ցուցակը գլխավորում է իրավաբան, Փաստաբանների պալատի անդամ, «Գազպրոմ Արմենիա»-ին պատկանող «Հրազդան-5» հիմնարկի իրավախորհրդատու Վարդան Գեւորգյանը, ինչպես նաեւ «Լուսավոր Հայաստան» ու «Ապրելու երկիր» կուսակցությունները։ Մենք զրուցել ենք ՀՅԴ-ից քաղաքապետի թեկնածու Վարդան Գեւորգյանի հետ։

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերն ընտրություններում։

- Մենք հաղթական ճանապարհ ենք ընտրել, արդյունքները ցույց կտան, չեմ ուզում գուշակություններ անել։

- Իսկ ինչո՞ւ որոշվեց, որ «Հայաստան» դաշինքը հենց Դաշնակցության դեմքով պետք է մասնակցի Հրազդանի ընտրություններին։

- Հրազդան համայնքում «Հայաստան» դաշինքի հենարաններից մեկն էլ Դաշնակցությունն է, դրա համար որոշեցինք մեր կուսակցությամբ մասնակցել ընտրություններին։

- Գուցե դաշինքից կամ Ռոբերտ Քոչարյանից տարանջատվելու խնդի՞ր կար, որովհետեւ Գորիսում ու Կապանում էլ հաղթած թեկնածուներն իրենց անվանական դաշինքներով հանդես եկան, եւ տեսանք, որ հաղթեցին: Եվ կարծիք կա, որ որտեղ առանց «Հայաստան» դաշինքի են մասնակցում, հաղթելու շանսերն ավելի մեծ են։

- Ոչ, նման մտավախություն մենք չենք ունեցել եւ կարծում ենք, որ կապ չունի, թե ում դեմքով, ում անձով պետք է քաղաքական պայքար մղենք։ Ընդդիմադիր դաշտը միակն է, Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ էսօր Հրազդանի ՏԻՄ ընտրություններում ներկայացված կուսակցություններից միակ ընդդիմադիր կուսակցությունն է, եւ մենք կարծում ենք, որ մեր հասարակության մեջ ընդդիմադիր զանգվածը, էն զանգվածը, որ էսօր երկրի քաղաքական իշխանությունների գործելաոճին, ծրագրերին դեմ է, ընտրելու է միայն մեզ։

- Իշխանությանը, իսկապես, հասարակության մի զգալի հատված դեմ է, իսկ Հրազդանում գործող քաղաքապետին՝ Սեւակ Միքայելյանին, որը նորից թեկնածու է, դե՞մ են։

- Դեմ լինեն կամ դեմ չլինեն՝ ի՞նչ կապ ունի երկրի քաղաքական իրավիճակի հետ։ Մենք պիտի հասկանանք, որ Հայաստանում անցկացվող ՏԻՄ ընտրությունները երկրի քաղաքական մեծ պրոցեսների մաս են կազմում։ Հիմա Սեւակ Միքայելյանն ինչքան էլ լավ տղա լինի, ինչքան էլ հարգանքով անձնավորություն լինի, ինքն էսօր ներկայացնում է մի ուժ, որը երկիրը տանում է կործանման։ Սեւակ Միքայելյանը՝ որպես անձ, քաղաքի համար վերջին տարիներին վատ գործողություններ չի արել, քաղաքի համար ահագին խնդիրներ լուծել է, բայց դա որեւէ առնչություն չունի նրա հետ, թե ինչ է կատարվում էսօր Հայաստանի Հանրապետությունում ընդհանրապես։ Մեր երկրում քաղաքական պրոցեսները, որ տեղի են ունենում, էդ իշխանությունը տեղի ՏԻՄ ընտրություններում իր հաղթանակներն օգտագործելու է իր գործելաոճն արդարացնելու համար, իր ձեռքերը բաց թողնելու, որպեսզի երկիրը տանի ընդհանուր հակահայ քաղաքականության, հայադավության ճանապարհով։

- Իսկ Դուք ի՞նչ եք խոստանում հրազդանցիներին, եթե ընտրվեք։

- Մենք խոստանում ենք արդար կառավարում, համայնքի շահերի ապահովում, քաղաքացու, համայնքի բնակչի կենցաղային պայմանների բարելավում․․․

- Դուք Ձեր նախընտրական ծրագրում սոցիալական խնդիրների լուծումներ եք մատնանշել, դրանք այսօր չե՞ն լուծվում, թե՞ բավարար չափով չեն լուծվում, եւ ինչպե՞ս եք դրանք լուծելու։

- Մենք գտնում ենք, որ համայնքն իր բյուջեի շրջանակներում պետք է մասհանումներ անի՝ սոցիալական խմբերին աջակցելու համար։ Էսօր պետությունն էդպիսի խնդիրներ բավականին քիչ է լուծում, եւ երկրում չքավոր մարդկանց կենսամակարդակը չի բարձրանում։ Մենք գտնում ենք, որ համայնքը պիտի իր լիարժեք մասնակցությունն ունենա, որպեսզի մարդկանց կենսամակարդակը բարձրանա։ Ուղիներն ու ճանապարհները դրա համար կգտնենք, կարեւորը ցանկությունն է։ Մենք գտնում ենք, որ կարող ենք համայնքում ստեղծել էնպիսի բարենպաստ պայմաններ, որ սկսվի գործազրկության կրճատում, նոր աշխատատեղեր ձեւավորվեն։ Վերջիվերջո, մեր համայնքի տարբեր բնակիչներ, որ գտնվում են դրսերում եւ ունեն բավականին մեծ հնարավորություններ, մեր կարծիքով՝ իշխանությունները պիտի իրենց համար բարելավված պայմաններ ստեղծեն, որ էդ մարդիկ իրենց բիզնեսի մի կտորը բերեն իրենց հայրենիք։

- Ընտրվելու կամ առնվազն ավագանու անդամ դառնալու դեպքում համագործակցություն պատկերացնո՞ւմ եք մրցակից երեք ուժերի, այդ թվում՝ ՔՊ-ի հետ։ Օրինակ, եթե կոալիցիա ձեւավորելու անհրաժեշտություն առաջանա, ի՞նչ կանեք։

- Էս պահին վաղ է նման հարցերի շուրջ խոսելը։ Ինչ վերաբերում է համագործակցությանը, եթե խնդիր առաջանա համագործակցել հանուն համայնքի զարգացման, մենք միշտ պատրաստ ենք։

- Այդ թվում ՔՊ-ի եւ Սեւակ Միքայելյանի՞ հետ։

- ՔՊ-ն մենք դիտարկում ենք որպես էս երկիրը կործանող ուժ։ Ես անձամբ որեւէ համագործակցության եզրեր ՔՊ-ի հետ չեմ տեսնում։

- Իսկ մյուս՝ «Լուսավոր Հայաստան» եւ «Ապրելու երկիր»  կուսակցությունների մասով ի՞նչ կասեք։

- Ճիշտն ասած՝ նույն տիպի էլ դիտում ենք իրենց, բայց եթե Դուք պատկերացնում եք համայնքի ավագանու աշխատանքը, որտեղ ներկայացնում ենք քաղաքի զարգացման ծրագրեր, առաջնային խնդիրների լուծման հարցեր, եթե մենք էդ ծրագրերի շրջանակում տեսնենք, որ համայնքի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվում, կամ խնդիրներ են լուծվում, մենք որեւիցե խոչընդոտ չենք ստեղծի էդ խնդիրների լուծման հարցում։

- Սասուն Միքայելյանը խառնվո՞ւմ է այս պրոցեսներին, եւ ի՞նչ եք կարծում՝ հրազդանցիներն ավելի շատ ձայն կտան՝ Սասուն Միքայելյանի՞ գործոնը հաշվի առնելով, Սեւակ Միքայելյանի՞ անձով պայմանավորված, թե՞ ՔՊ-ի հանգամանքը հաշվի առնելով։

- Մեր կարծիքով՝ ինչ մեթոդով էլ ՔՊ կուսակցությունը ձայն տանի, դա գնալու է էսօրվա քաղաքական ղեկավարության, ներկայիս վարչապետի կողմից ղեկավարվող հակահայկական ուժի օգտին։

- Դուք հույս ունեք, որ Հրազդանում կկրկնվի՞ Գորիսի եւ Կապանի օրինակը, կամ հրազդանցիները, լինելով կենտրոնական՝ ոչ սահմանամերձ մարզի բնակիչներ, ունե՞ն այն տագնապի զգացումը, որ ՔՊ-ն իրենց համար վատ ապագա է կանխատեսում։

- Ինչքանով որ մենք ճանաչում ենք մեր ազգաբնակչությանը, գիտենք, որ մինչեւ իրենց դռան հայաթը վտանգ չի հասնում, իրենք միշտ իրենց մեկուսացված են պահում։ Կարծում եմ, որ Սյունիքի սինդրոմը Հրազդանում դժվար կրկնվի։