Ինչ մեսիջներ է պարունակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը

Ինչ մեսիջներ է պարունակում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հայտարարությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն տարածել է հայտարարություն, որից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 7-ին եւ 8-ին «Ժնևում համանախագահները խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների կողմից իրենց աշխատանքներն իրականացնելու լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը»։

Տարածված հայտարարությունից պարզ է դառնում, որ քննարկել են «հնարավոր ապաէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում`ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձի հետ կապված հարցերը»։  Բացի այդ, կարելի է սպասել, որ առաջիկայում համանախագահները գալու են Երեւան,  գնալու են Բաքու, նաեւ՝ հնարավոր է Ստեփանակերտ են այցելելու։ Հայտարարությունից կարող ենք հասկանալ հետեւյալը

• Ամենայն հավանականությամբ միջազգային մարդասիրական կազմակերպությունները կկարողանան մուտք գործել Ղարաբաղյան հակամարտության գոտի եւ իրականացնել իրենց առաքելությունը
• Դրա դիմաց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընդհանուր օրակարգում բացի հումանիտար ապա-էսկալացիոն հարցերից, կընդգրկվի նաեւ տեղահանվածների կամավոր վերադարձի հետ կապված հարցը, մի բան, որը կարելի է ենթադրել, որ ադրբեջանական նախապայման է, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո Բաքուն այս հարցը բերել է առաջնային պլան եւ նույնիսկ պատերազմի հետեւանքով իր վերահսկողության տակ անցած տարածքներ տեղահանվածների կամ նրանց ժառանգների մի քանի ժամանոց էքսկուրսիաները որպես վերադարձ է ներկայացնում։ 
•  Կարող ենք նաեւ որոշակի վստահությամբ ասել, որ ըստ էության Մինսկի խմբի եռանախագահությունը լեգիտիմացրեց Ղարաբաղյան 44-օրյա պատերազմն  ու դրա արդյունքները, քանի որ գոնե հրապարկային հասանելի մակարդակում, հաղորդագրույուններում օրինակ, տեսնում ենք, որ քննարկումների օրակարգում բովանդակային էական փոփոխություններ են կատարվել։
• Կարող ենք կրկին որոշակի վստահությամբ ասել, որ Ղարաբաղյան կարգավորման համար հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքները շարունակում են գործել եւ ըստ էության տեղահանվածների կամավոր վերադարձը, ապաէսկալացիոն հումանիտար գործողությունները հանդիսանում են մաս այդ սկզբունքներում արձանագրված դրույթների։
• Կրկին կարող ենք որոշակի վստահությամբ ասել, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթաց շարունակվում է․ դիվանագետները անում են իրենց գործն անկախ ամեն ինչից, եւ ամեն բան արվում է վերստին փակ դռների հետեւում
•  Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ի վերջո, այս հայտարարությամբ, ըստ ամենայնի հայտարարվում է նոր փուլի կամ ենթափուլի մեկնարկի մասին։

Կարեն Ենգիբարյան