Արարողություն 

Արարողություն 

Շատ դեպքերի ենք ականատես լինում, երբ հանգուցյալի ընտանիքը թույլ չի տալիս մեկին, որ իրենց երեխայի կամ հարազատի հուղարկավորությանը կամ սգո հանդեսին մասնակցի։ Անձամբ ինքս տասնյակ նման դեպքերի ներկա եմ եղել ու հետաքրքրվել, թե ինչու թույլ չեն տալիս։ Հիմնական պատճառաբանությունն այն է եղել, որ ասել են՝ իրե՛նք են պատճառ եղել, որ  իրենց զավակը հարազատը կամ վթարի է ենթարկվել, կամ հասել մահվան դուռը։ 
Դա նորություն չէ։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանը լավ կանի ոչ թե Աղազարյանների միջոցով ժողովրդին խրատ կարդալ, որ զոհվածի որդին հանրությանն է, այլ ընդունի այս պարզ իրողությունը։

Հանգուցյալի ընտանիքը քեզ չի ընդունում և ամեն անգամ պետական լծակներդ օգտագործելով՝ ծնողներին ու հարազատներին քաշքշելով ներխուժել Եռաբլուր ու ասել, որ դա պետական արարողություն է, և ծնողները խանգարում են, որ ինքն ու իր նազիր- վեզիրները գան ու ծունկ չոքելու արարողություն կատարեն, ըմբռնելի չէ։ Լավ կանեն մտածեն, թե ինչու զոհվածի ծնողներն իրենց Եռաբլուրում, սգո տանը, սրբավայրում չեն ուզում տեսնել։ Ախր մտածելու բան էլ չկա, լավ էլ գիտեն, թե ինչու իրենց Եռաբլուրում չեն ընդունում։ 

Եթե զոհվածները չեն կարող ընդվզել, ծնողները վշտից քամված են, դա չի նշանակում, որ զոռով- ուժով նրանց տուն պիտի մտնեք ու արարողություն անելը ձեր վրա վերցնեք։ Զոհվածների ցասումն այսօր Եռաբլուրում բնությունն է արտահայտել։  Նոր փորված գերեզմանափոսերի փոշին  աշխարհն է առել, կուրացնում է։ Պատասխանը չի ուշանալու։ 
Դուք արարողություն եք անում, իսկ հայ ժողովուրդը սգում է։ Դուք արարողություն եք անում՝ առանց հանգուցյալի ծնողների ու հարազատների։ Ո՞վ եք դուք, արարողապետեր։