Արդարության տեսքը

Արդարության տեսքը

Դոստոեւսկուն, Տոլստոյին կամ Չեխովին մերժելն արեւմտյան արդարության դրսեւորում է: Ճիշտ նույն արդարության դրսեւորումն է նաեւ համաշխարհային մակարդակի ռուս կոմպոզիտորներին, երգիչներին, դերասաններին, նկարիչներին, փիլիսոփաներին եւ այլ բնագավառների գործիչներին մերժելը: Իհարկե, արդարություն է Ռուսաստանի կայսրության տարածքի մի մասում, որ այսօր կոչվում է Ուկրաինա, ծնված գործիչներին ուկրաինացի ներկայացնելը: Օրինակ՝ ռուսական մշակույթի ներկայացուցիչ, ազգությամբ հայ, աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկուն: Այդ ամենը ճիշտ այնպիսի արդարություն է, ինչպիսին ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական պայմաններով խաղաղության հաստատումը: Ինչը ենթադրում է Կիեւի ինքնիշխանության վերականգնումը 1991 թվականի սահմաններով տարածքի նկատմամբ: 

Միաժամանակ, արդարության դրսեւորում էր նախորդ դարի 90-ականների սկզբում Սերբիայի բաժանումը, իսկ վերջում, երկու ամիսուկես, այդ երկրի մայրաքաղաքի ռմբակոծումն արեւմտյան դաշինքի կողմից: Եվ արդյունքում սերբական պատմական տարածքներից ալբանացիներով բնակեցված Կոսովո երկրամասի անջատումը: Սակայն զարմանալիորեն հակադիր տրամաբանությամբ արդարության դրսեւորում է հայերով բնակեցված Արցախի շրջափակումն ավելի քան 5 ամիս: Եթե այդպես չլիներ, ապա Բաքուն եւս պետք է ռմբակոծվեր՝ ճիշտ այնպես, ինչպես Բելգրադը: Բայց քանի որ չի ռմբակոծվում, այլ, ընդհակառակը, հայտարարվում է հուսալի գործընկեր, ուրեմն շրջափակումը հենց արդարության դրսեւորում է: Որոշ վերապահումներով, սակայն, մեծ հաշվով, այդ տեսակետին է նաեւ Հայաստանում վարչապետի պաշտոնին կառչած անձը: Ինչպես նաեւ նրա շրջապատը: Իհարկե, ի տարբերություն իշխանության, մեր երկրում կան բազմաթիվ մարդիկ, որոնք այդպես չեն համարում: Ի դեպ, մի ժամանակ այդպես էր կարծում համարյա ողջ հասարակությունը: Բայց «նիկոլիզմը» կատարեց իր ավերիչ գործը: 

Ուկրաինայի նախագահ Վ. Զելենսկուն կարելի է հարցնել, թե արդարությո՞ւն էին, արդյոք. ռուսական պատմական տարածքներից ռուսներին արտաքսելու փորձերը: Կամ էլ ուկրաինակա՞ն պատմական տարածքներ են, արդյոք, Դոնբասն ու Ղրիմը: Եվ եթե դրան, որպես պատասխան, հնչի «այո»-ն, ապա կբացահայտվի, որ Զելենսկին ամենեւին էլ չի ձգտում արդարության: Որովհետեւ սուտն ու կեղծիքը չեն կարող լինել արդարության հիմքը: Քանի որ Դոնբասն ու Ղրիմը, ինչպես նաեւ սեւծովյան հատվածը եղել են Ռուսական կայսրության կազմում, երբ գոյություն չի ունեցել Ուկրաինա կոչված պետությունը: Եվ Զելենսկին ընդամենը ցանկանում է հաղթանակ տանել Ռուսաստանի նկատմամբ: Ու այդ ձգտումը քողարկում է արդարության վերաբերյալ խոսքով: Նույն իրավիճակն է առկա մեր տարածաշրջանում: Ադրբեջանում եւս համարում են, որ հայկական պատմական տարածք Արցախն ադրբեջանական է: Այնինչ այն, հանգամանքների բերումով, նախորդ դարասկզբում հայտնվեց այդ ժամանակ կազմավորվող պետության կազմում: Այնպես որ, եթե մեր երկրում ոմանք ուկրաինական դիրքորոշումը համարում են արդարացի, ապա այդպիսին պետք է համարեն նաեւ ադրբեջանականը:

«Արդարություն փնտրող» Զելենսկին ագրեսոր է համարում Ռուսաստանին: Եվ ճիշտ այդպես Իլհամն է Հայաստանին մեղադրում սադրանքներ իրականացնելու մեջ: Ենթադրաբար, նույնական պետք է լիներ Արեւմուտքի վերաբերմունքը թե՛ ռուս-ուկրաինական եւ թե՛ հայ-ադրբեջանական պատերազմներին: Սակայն, ի տարբերություն Ուկրաինայի, որին տրամադրվում է հսկայական ռազմական, հումանիտար եւ ֆինանսական օգնություն, Հայաստանն ընդամենը խոսքի մակարդակում է աջակցություն ստանում: Կամ էլ միջազգային դատարան կոչված կառույցի անիմաստ դատական վճռի տեսքով: Եվ եթե Ռուսաստանն անընդհատ ենթարկվում է պատժամիջոցների, ապա Ադրբեջանն ընդամենը դատապարտվում է օդի տատանում համարվող խոսքով: 

Ասվածը նշանակում է, որ մեզ տրված չէ արդարություն փնտրել Արեւմուտքում, քանի որ մեր թշնամին ոչ թե ռուսն է, այլ թուրքը կամ ադրբեջանցին: Միաժամանակ, ռուս-ուկրաինական հակամարտության առումով արդար խաղաղության մասին խոսող եվրաչինովնիկներն անմիջապես մոռանում են այն, երբ խոսք է գնում հայ-ադրբեջանական պատերազմի մասին: Եթե որեւէ մեկը հարցնի, թե ինչ տեսք ունի ժամանակակից արդարությունը, ապա կարող եմ պատասխանել, որ այն ունի մեդալի տեսք: Որի մի կողմը հակառուսականությունն է՝ դեռեւս նախորդ դարի 90-ականներից, երբ աշխարհը դարձավ միաբեւեռ: Իսկ մյուս երեսն ունի նավթի ու գազի խողովակաշարի տեսք: