Կարևորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞…

Կարևորը մենք ենք ու Ամերիկան, չէ՞…

Ի՞նչ հարց լուծեց Թրամփը՝ սպանելով Սոլեյմանիին: Մեր առանձին արևմտամետ և սորոսական գրագետներ ոգևորությունից վատացել են և կարծում են, որ Իրանի սրտին են հարվածել:
Իրանի համար, հասկանալի է, կորուստը մեծ է, բայց կա՞ երաշխիք, որ վաղը Սոլեյմանիի փոխարեն մեկ ուրիշ գեներալ չի ստանձնելու նրա պաշտոնը և չի լինելու առավել հաջողակ, քան Սոլեյմանին: Թրամփը, ի՞նչ է, հերթով բոլորին պետք է սպանի՞: Եվ ապա՝ ի՞նչ ստացավ ԱՄՆ-ը Սոլեյմանիի սպանության դիմաց. հարվածներ իր ռազմաբազաներին, հսկայական կորուստներ (հուսանք՝ միայն տեխնիկայի), իսկ ԱՄՆ բանակը հայտարարվեց «ահաբեկչական»: Հուսամ՝ մեր այդ գրագետներին հայտնի է մահմեդական աշխարհում Իրանի դերակատարությունն և միավորիչ ֆունկցիան: Եթե այո, ապա նրանց համար դժվար չի լինի հասկանալ, թե ինչ հետևանքներ կունենան Իրանի հոգևոր և քաղաքական առաջնորդների հայտարարություններն այն մասին, որ ամերիկյան զավթիչները պետք է հեռանան Արևմտյան Ասիայի ողջ տարածքից:

Ինչո՞ւ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ Իրանի հետ միջուկային համաձայնագրից, որ կնքվել էր նաև ԵՄ մի շարք երկրների և Ռուսաստանի մասնակցությամբ: Հազիվ թե սորոսական գրագետները գիտենան այս հարցի պատասխանը, մանավանդ որ Թրամփը միակողմանիորեն դուրս է եկել ոչ միայն այս, այլև մի շարք այլ խաղաղասիրական համաձայնագրերից: Մերոնք, սակայն, հրճվում են, որ Իրանի միջուկային համաձայնագիրը «տոտալ փլուզվեց» Իրանի ձեռքով, ինչին ձգտում էր ԱՄՆ-ը: Իսկ ինչո՞ւ ԱՄՆ-ը փլուզեց այդ պայմանագիրը … Ոմանց կարծիքով՝ ԱՄՆ-ը « մեծացրեց Եվրոպայի իրանական վախերը «խելահեղ Իրանի» կերպար ստեղծելով, որի արդյունքում Եվրոպայում ավելի շատերը կբռնեն ԱՄՆ պոչը»: Այսինքն ի՞նչ, ԱՄՆ-ն այս քայլով ահաբեկեց նաև Եվրոպայի՞ն:

Հազիվ թե հնարավոր լինի հիշել մի ժամանակաշրջան, որ Իրանը սպառնացած լինի ԵՄ երկրներին, չընդուներ նրանց առաջնորդներին, չքննարկեր իր գազը Եվրոպա արտահանելու ծրագրերը և այլն: Եվ ապա՝ ի՞նչ երաշխիք կա, որ Եվրոպան, պատահաբար, Սոլեյմանիի սպանությունից հետո դեռ գլխի չի ընկել, թե ով է իսկական «խելահեղը»՝ Թրա՞մը, թե՞ Իրանը: Ի դեպ՝ ԵՄ երկրներին գազով ապահովելու ամերիկյան բոլոր խոստումներն են արդեն հօդս ցնդել, և դեռ մեծ հարց է, թե ում պոչն է բռնելու Եվրոպան ապագայում:

Բանակցությունների նոր սեղանի մասին: Իրան-ԱՄՆ կոշտ հակամարտությունը, կարծում եմ, նոր շարունակություն չի ունենա: Դա չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ շահերից: Բացի այդ, միանշանակ է, որ Թրամփը հենց այնպես, տրամադրության բերումով չի հրահանգել սպանել իրանական գեներալին: Այդ քայլը, հավանաբար, երկար է քննարկվել, եղել են հաշվարկներ, ընդհուպ հաշվարկվել է նաև Իրանի հնարավոր արձագանքը: Բայց մի՞թե միայն Սոլեյմանիի սպանությամբ կարելի էր Իրանի հետ նոր՝ երկկողմ բանակցային սեղան ձևավորել, ինչի մասին խոսվում էր նաև այս դեպքերից առաջ: Չենք պնդում, իհարկե, սակայն թվում է, որ ԱՄՆ-ն այդ հարվածով փորձեց հնարավորինս փոքրացնել Իրանի պահանջների շրջանակն ապագա բանակցություններում՝ ցույց տալով, որ այս տարածաշրջանում կարող է գործել նաև միայնակ՝ առանց ռազմական կոալիցիաների և տարածաշրջանային երկրների օժանդակության, չնայելով անգամ Ռուսաստանի ազդեցությանը: Սակայն, Իրանի պատասխանն իր գեներալի սպանությանը, որ համաչափ լինելուց բացի ցույց տվեց նաև թե որքան կայուն է 3-հազարամյա պետականություն և 80 միլիոն բնակչություն ունեցող այդ երկիրը, ըստ էության ավելի ամրապնդեց նրա դիրքերը հետագա բանակցությունների սեղանի շուրջ:

Մեր շահը: Ավելորդ է, կարծում եմ, կրկնելը, որ Իրանի նման հզոր հարևանի յուրաքանչյուր մեծ խնդիր խնդիր է նաև Հայաստանի Հանրապետության համար: Մեկ անգամ և ընդմիշտ պետք է իմանալ, որ Արցախի ու Նախիջևանի հետ կապված որևէ կարգավորում չի կարող տեղի ունենալ առանց Իրանի համաձայնության, իսկ ԻԻՀ արտաքին քաղաքականությունն այդ ուղղություններով միանգամայն ընդունելի է նաև Հայաստանի Հանրապետության համար: Իրանի և ԱՄՆ-ի լավ հարաբերությունները, որքան էլ տարօրինակ հնչի, կարող են զսպաշապիկ լինել տարածաշրջանում գերակայության ձգտող Թուրքիայի համար, որի իշխանությունները շարունակում են տառապել ամբողջ աշխարհի «թուրքական» հողերը միավորելու մարմաջով: Չմոռանանք նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով որոշված հայ-թուրքական սահմանի մասին, իսկ դա իրանա-ամերիկյան տեսանկյունից ոչ այլ ինչ է, եթե ոչ ԱՄՆ օժանդակությամբ Իրանի հարստությունների՝ դեպի Եվրոպա արտահանման ամենակարճ և ամենահուսալի ճանապարհը: