Քրեական հեղինակությունների բարի հրեշտակ Անդրանիկ Սիմոնյանը

Քրեական հեղինակությունների բարի հրեշտակ Անդրանիկ Սիմոնյանը

Լոռու մարզի նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը մարտի 26-ից կատարում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պարտականությունները եւ, ըստ լայնորեն տարածված տեղեկությունների, պատրաստվում է դառնալ հեղափոխական Հայաստանի 5-րդ ԱԱԾ տնօրենը։ Իսկ հանրությունը, Գորիկ Հակոբյանի բարի ժամանակները հիշելով, փորձում է կռահել, թե ինչու է Հայաստանում այսքան հաճախ ԱԱԾ տնօրեն փոխվում․ որովհետեւ այս գերատեսչության հետ կապված՝ Նիկոլի համար անլուծելի կառավարչական խնդիրնե՞ր կան, թե՞ նա որոշել է քաոս ստեղծել անվտանգային համակարգում՝ տեղեկատվական արտահոսքերի համար հող նախապատրաստելով եւ հեշտացնելով մեր թշնամիների գործը։ 

Լոռու մարզի նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանին, եթե հավատանք չհերքված տեղեկություններին, ԱԱԾ են տանելու նույն մանիպուլյացիայի արդյունքում, որը ժամանակին արվեց Արգիշտի Քյարամյանի դեպքում։ Քյարամյանին, ինչպես հիշում ենք, մեկ օրով ՔԿ նախագահի տեղակալ դարձրին, գնդապետի կոչում շնորհեցին, «տարան» ԱԱԾ փոխտնօրեն, ապա՝ տնօրեն։ Բանն այն է, որ ԱԱԾ-ի ու ոստիկանության մասին օրենքը թույլ չի տալիս «դրսից» մարդ նշանակել՝ վավերապայման, որը չկա դատախազության ու ՔԿ-ի համար։ Իսկ դատախազությունում կամ ՔԿ-ում տվյալ անձին պաշտոնի նշանակելով, հարցը լուծվում է։ Քյարամյանի հետ իրագործած մանիպուլյացիան ժամանակին վարչապետի գրասենյակը մեկնաբանեց որպես քաղաքական որոշում, որն իրականացվել է «օրենսդրական կարգավորումների շրջանակում»։

Հասկանալի է, որ լարված ներքաղաքական իրավիճակում ԱԱԾ տնօրենի փոփոխությունը եւս քաղաքական որոշմամբ է պայմանավորված լինելու։ Բայց ինչո՞ւ հենց Անդրանիկ Սիմոնյանը, դատավոր, որի դեմ կարգապահական վարույթներ կան: Մամուլը նկատել է արդեն, որ դատավոր Սիմոնյանն աչքի է ընկել նիստերից բացակայությունների մեծ թվով։ 2012-2013թթ․ նրա աշխատանքը ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում եղել է աննկատ անգամ նրա նախկին գոծընկերների համար։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում որպես դատախազ աշխատել է 2014-2018 թվականներին եւ առանձնապես չի հիշվել։ 

Ուսումնասիրելով դատավոր Սիմոնյանի վերջին շրջանի որոշումները՝ նկատեցինք, որ սեպտեմբերին նա առաքինի քայլ է կատարել։ Վաղաժամկետ ազատել է Դիլիջանում 2016 թվականին տեղի ունեցած սպանության փորձի համար դատապարտված քրեական հեղինակություն Դ․ Հ․-ին։ Ի դեպ, այս անձի ազատ արձակմանը դեմ է եղել ե՛ւ քրեակատարողական հիմնարկի ադմինիստրացիան, ե՛ւ պրոբացիոն ծառայությունը։ Համաձայնեք, երկու բացասական եզրակացությունների պարագայում քրեական ենթամշակույթի հարող անձին վաղաժամկետ ազատելու համար, այն էլ սույն ենթամշակույթի դեմ կատաղի մարտնչող Նիկոլի թվին, պետք է առնվազն հրեշտակ լինել։ 

Բայց հրեշտակներն ի՞նչ գործ ունեն ՔԿ-ում ու առավել եւս՝ ԱԱԾ-ում։ Ուստի կարող ենք ենթադրել, որ Անդրանիկ Սիմոնյանի նշանակման բանալին հենց բարի վերաբերմունքն է քրեական ենթամշակույթ կրողների նկատմամբ, որոնք առաջիկա ընտրություններում կարող են պիտանի լինել: Ի դեպ, Անդրանիկ Սիմոնյանը նաեւ Ալավերդիում Զորիկ Շահվերդյանի եւ Վահագն Աբգարյանի գործերով դատավոր է եղել, սակայն այս գործերը քննել չի հասցրել։