«Արմնյուզի» ալիքի համար մրցույթը հայտարարված է

«Արմնյուզի» ալիքի համար մրցույթը հայտարարված է

Փետրվարի 1-ին hraparak.am-ը գրել էր, որ «Արմնյուզ» հեռուստաընկերությունը մոտ օրերս դադարեցնելու է հեռարձակումը, իսկ փետրվարի 10-ին «Արմնյուզի» հիմնադիր «Քառյակ մեդիա» ընկերությունը հայտարարություն տարածեց` հայտարարելով, որ դադարեցնում է գործունեությունը:Հայտարարությունում ասված էր.

«ArmNews-ի հարգելի՛ հեռուստադիտողներ, Tert.am-ի ընթերցողներ, ArmNews ռադիոյի ունկնդիրներ, երկար ժամանակ մենք կանգնած էինք ծանր որոշման առաջ՝ ինչպես շարունակել մեր գործունեությունը։ Այս ընթացքում ստացել ենք գործակցության բազմաթիվ քաղաքական առաջարկներ ու մերժել, քանի որ դրանք տարբերվել են մեր սկզբունքներից։ Մենք քննարկել ենք նաև վաճառքի մի քանի առաջարկներ, բայց չի հաջողվել գտնել այնպիսիք, որոնք թույլ կտային պահպանել որդեգրած քաղաքականությունն ու հավատարիմ մնալ անցած ճանապարհին: Այդ պատճառով կայացրել ենք մեզ համար ցավալի, բայցև ամենաբնական որոշումը. «Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը»:

Այս լուրը նշված ԶԼՄ-ների ընթերցողներն ու հեռուստադիտողները շատ վատ ընդունեցին: Մանավանդ «Արմնյուզը» կայացած եւ սիրված հեռուստաալիք էր, որը մնացել էր իշխանությունների կոկորդին եւ տպավորություն ստեղծվեց, որ այս լրատվամիջոցների թիկունքում գտնվող Միքայել Մինասյանը նահանջի քայլեր է անում, անգամ շշուկներ կային, որ համաձայնության է եկել իշխանությունների հետ եւ հեռանում է պայքարի ասպարեզից, դրա դիմաց խոստացել են նրա եւ հոր` Արա Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել: Անցել է երկու ամիս` Միքայել Մինասյանն, իսկապես, պասիվացել է եւ մի քանի ապաքաղաքական գրառումներից բացի այլ բանով հանդես չի եկել: Բայց քրեական գործերն էլ չեն կարճվել: Ինչ վերաբերում է փակված ԶԼՄ-ներին, ապա  Tert.am-ն արդեն աշխատում է` աշխատակազմի ջանքերով: Իսկ «Արմնյուզ»-ի հեռուստաալիքը` նրա զբաղեցրած հաճախականությունն արդեն դրվել է մրցույթի:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարել է մրցույթ` 2020 թվականի սեպտեմբերի 8-ին` «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման» համար: Այս մասին մեզ հետ զրույցում նշեցին ՀՌՀ-ի հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հայտերն ընդունվում են 2022 թվականի ապրիլի 25-ից մինչև մայիսի 16-ը ներառյալ, յուրաքանչյուր աշխատանքային օրերին, ժամը 9:00-18:00-ն: