Նախկինները չեն տեղավորվում «ընդդիմություն» բնորոշման մեջ

Նախկինները չեն տեղավորվում «ընդդիմություն» բնորոշման մեջ

«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը

- Ռոբերտ Քոչարյանն ամիսներ առաջ հայտարարել էր․ «Կոնսենսուս մինուս մեկը՝ որպես գաղափար, արդեն ձեւավորվել է քաղաքական դաշտում, աշնանն ընդդիմության դաշտում համախմբման եւ գործընկերության ձեւավորման գործընթացը կավարտվի, եւ քաղաքական պայքարը կստանա համակարգված ու մասշտաբային բնույթ: Իշխանության հարցն ամեն պարագայում կորոշվի փողոցում... արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով»: Դուք դեռ ամռանը հակադարձել էիք, թե Քոչարյանը պատկերացում չունի երկրի քաղաքական իրավիճակի մասին եւ գերագնահատում է իր հնարավորությունները։ Այժմ, երբ ՀՀ երկրորդ նախագահի կանխատեսումները չարդարացան, ի՞նչ կարծիքի եք՝ ո՞րն էր պատճառը։

- Քոչարյանը մեկ այլ հարցազրույցում ինքնագովեստի դոզան ակնհայտորեն շռայլել էր, թե ինքն է ամենափորձառուն ու արժանին մեր երկրի ղեկավարի պաշտոնին։ Նույնն են պնդում նրա թիմակիցները։ Քոչարյանը եւ նրա թիմը զօրուգիշեր դժգոհում են, թե աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ու ներպետական սպառնալիքներից են խոսում, տագնապ հնչեցնում, իսկ վարչապետն ուշադրություն չի դարձնում։ Մինչդեռ երկրորդ նախագահը, պատկերավոր ասած, ամիսներ առաջ նշեց, որ 1+1 հավասար է 222-ի, ու հիմա ուզում են ցույց տալ, թե վարչապետն անփորձ է, թիմը՝ դիլետանտ, ժողովուրդը՝ անհասկացող, ու քոչարյանականների բարձրագույն մաթեմատիկան նրանց ուղեղին հասու չէ։ Մոռանալով, որ «ամենապողոսն» անգամ ոչ միայն հասկանում է, որ 1+1 հավասար է 2-ի, այլեւ, որ Քոչարյանն ու նրա թիմն այդ պարզ բանը չեն հասկանում, բայց եկել՝ բարդ բաներից են խոսում։ Աշունը վերջանում է, իսկ Քոչարյանի նշած համախմբումն ու իշխանափոխությունը տեղի չունեցան, ուստի, եթե վարչապետը կարծիքներին ականջալուր լինելու լինի, ինչո՞ւ պետք է իրենց լսի, այն դեպքում, երբ իրավիճակին տիրապետողները չեն սրտնեղում, թե վարչապետն իրենց կարծիքը չի լսում։ Կամ՝ ինչո՞ւ պետք է իրենց աշխարհաքաղաքական վերլուծություններն արժանահավատ համարեն, երբ չեն կարողանում ճիշտ կանխատեսումներ անել։ 

- Բայց ակնհայտ է, որ վարչապետը ոչ մեկի խորհուրդը չի լսում, չի հանդիպում տարբեր գործիչների հետ։ Սա նորմա՞լ եք համարում։

- Տանել չեմ կարողանում, երբ լուրջ ճանապարհ անցած հեղինակավոր որերորդ գործիչն է անպատասխան սիրով սիրող պատանյակի նման հրապարակավ փնթփնթում, թե զանգել է վարչապետին, բայց նա հետ չի զանգել, չի ցանկանում իր հետ հանդիպել։ Փաշինյանը Սերժ Սարգսյանը չէ, որի ապարատը փակել էր վատ լուրերի հոսքը եւ երրորդ նախագահին կտրել իրականությունից, Փաշինյանը տեւական ժամանակ ընդդիմադիր գործիչ է եղել, թերթի գլխավոր խմբագիր, նա հանգիստ կարող է շրջանցել բյուրոկրատական պատնեշը, մտնել ցանկացած կայք ու էջ եւ ուզածդ հրապարակային գործչի նյութը կարդալ։ Ի՞նչ կա զարմանալու՝ տվյալ գործչի կարծիքը չկարեւորելով՝ անհրաժեշտություն չի տեսնում նրա հետ հանդիպելու։ Փաշինյանը կարող է լինել ամենաանհասանելին, զուգահեռաբար՝  մտնել ցանկացած տուն կամ անձամբ զանգել ցանկացածին եւ ուղղակի շփում ունենալ։ Այնպես որ, եթե ձեզ հետ չի խոսում, չի նշանակում, որ ամեն ինչ վերջացած է, գուցե ձեզ համար է վերջացած, շարունակեք ձեր արժեքավոր խորհուրդներով կիսվել հանրության հետ՝ լսողը կլսի, հասկացողը կհասկանա, իրականացնողը կիրականացնի։
Ի դեպ, Սերժ Սարգսյանը Զագրեբում ԵԺԿ ամբիոնից ելույթ ունենալիս ասաց․ «Անցյալ տարի ես հեռացա, որպեսզի իմ ժողովուրդը փորձի էլ ավելի լավ պետություն կառուցել»։ Ասե՞նք, որ ինքը չի հեռացել, իրեն հեռացրել են, թե՞ թողնենք այդպես անտեղյակ մնա։ Ախր, իր ժամանակ լավ չէր, որ հիմա էլ ավելի լավը կառուցեն, որ լավ լիներ, իրեն չէին մերժի։ 

- Ասել էիք, որ Վազգեն Մանուկյանը փորձելու է էֆեկտով հրաժարական տալ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնից, որպեսզի դա թանկ վաճառի «ղարաբաղյան կլանի» վրա։ 5 օր անց Մանուկյանը հրաժարական տվեց, դա Ձեր նշած սցենարի շրջանակո՞ւմ էր, թե՞ պատճառը «Վերնատան» կազմավորմամբ քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցություն ունենալն է։ Առհասարակ, «Վերնատան» մասին կարծիքները խիստ իրարամերժ են։

- Այո, ասել եմ, որ Մանուկյանն իր հրաժարականն ուզում է թանկ վաճառել «ղարաբաղյան կլանի» վրա, ասեմ ավելին՝ իր քաղաքական ակտիվությամբ էլ այժմ ուզում է նույն «ապրանքը» վաճառել նաեւ ժողովրդի վրա։ Չի ստացվելու։ «Վերնատունը» հասարակական-քաղաքական ակումբ է, որտեղ, ըստ հիմնադիրների, հավաքվելու են տարբեր գաղափարների կրողներ ու մտքեր փոխանակեն։ Մինչդեռ, հավաքի մասնակից երկրորդ նախագահի ներկայացուցիչը հայտարարեց․ ««Վերնատունը» կարող է դառնալ Քոչարյանի նշած քաղաքական կենտրոններից մեկը», ու ակումբի հիմնադիրների կողմից մինչ օրս չի հերքվել, թե ինչ կապ ունի Քոչարյանը կամ նրա քաղաքական ծրագիրն իրենց ակումբի հետ։ Այդ դեպքում ի՞նչ ձեւականություն էր՝ համաժողովին իշխանության ներկայացուցիչներին հրավիրելը։ Բնական է, որ իշխանությունների կողմից մերժվելու էր անդրանիկ համաժողովին մասնակցելու առաջարկը, քանի որ հավաքից առաջ էլ պարզ էր, որ ակումբը ստեղծվել է նախկինների շահերը սպասարկելու համար։

- Ասում են՝ Փաշինյանը ոչ մի քննադատություն կամ կարծիք հաշվի չի առնում, միթե մեր երկրում չկա մեկը, որի խոսքն արժեք ունենա։

- Գուցե Փաշինյանը հաշվի առնում է ու հընթացս վերանայում իր քայլերը, բայց այդ դեպքում էլ ոչ թե կարծիք հայտնողներն ուրախանում են, թե իշխանությունները կարող են ուղղել սխալներն ու առաջ անցնել, հիմա էլ մեղադրում են, թե երեկ ուրիշ կարծիքի էին, այսօր՝ ուրիշ։ 

- Բայց նախկիններն այժմ ընդդիմադիր են, նորմալ չէ՞ իշխանություններին քննադատելը։

- Նախկինները ոչ մի պարամետրով չեն տեղավորվում «ընդդիմություն» բնորոշման մեջ, նրանց ուզածը միայն՝ օր առաջ այս իշխանությունը հեռանա, իրենք հետ գան, իսկ թե ինչպես են գալու, երբ մերժված են ժողովրդի կողմից, իսկ հիմա էլ իրենք են մերժում իրենց մերժած ժողովրդին, պիտակավորում, վիրավորում։ Սրանց եթե կարելի է ընդդիմություն որակել, ապա անգամ դեստրուկտիվ ընդդիմություն չես համարի, ավելի շուտ՝ հիստերիկ ընդդիմություն, որը ոչ մի կերպ չի համակերպվում իշխանության կորստի հետ։ Իրենց բացասական ողջ որակներն այս մեկուկես տարում ավելի շատ ի ցույց դրեցին, քան իրենց ղեկավարման 20 տարիների ընթացքում։ 
Հասարակության սպասումները չեն արդարացել, ատելության մթնոլորտը հասել է գագաթնակետին, օդում կախված է այն միտքը, թե ժողովուրդն «արյուն» է ուզում։ Այս պարագայում ոչ թե Փաշինյանի պատճառով է երկիրը գնում քաղաքացիական պատերազմի, այլ իր շնորհիվ այն տեղի չի ունենում։ Եթե նա չկարողանա կամ չուզենա կառավարել զանգվածներին, նրանք կարող են իրենք փորձել նախկիններից ստանալ թալանածը։ Կարելի է ասել՝ նախկինների անվտանգության երաշխավորը վարչապետն է, իսկ նրանք շարունակում են նրան բոլոր կողմերից ինտենսիվ հարվածել։ Ախր, Փաշինյանը որ հեռանա, նախկինները չեն գալու, այլ այն ուժը, որը հանրությանը կհավաստիացնի, որ ունակ է կոշտ ռեպրեսիվ մեթոդներով նախկիններից խլել ժողովրդից խլածը։ Սա՞ ենք ուզում։ Իսկ այսպես երկար չի կարող շարունակվել, երկրում բալանսը պետք է պահել կշռադատված, հստակ ծրագրերով, կայացած գործիչներով այլընտրանքի ձեւավորման պարագայում։ Որ եթե երկրում տեղի ունենան արտահերթ գործընթացներ, այդ ուժը պատրաստ լինի գալ իշխանության, որպեսզի բանտերից հանի հանիրավի կալանավորվածներին, ու եթե չկա անհրաժեշտություն, նորերին նրանց տեղը բանտ չուղարկի։ Այն ուժը, որը երկիրը զարգացնելու ծրագիր կունենա, այլ ոչ թե թալանածը ետ բերելով միայն փորձեն տնտեսություն զարգացնել, եթե դա հնարավոր լիներ կամ արդյունավետ, Փաշինյանը կաներ։ Այն ուժը, որն իշխանության գալու համար մահուկենաց կռիվ չի տալու, քանի որ ո՛չ իշխանության մաս է կազմում, որ կյանքի գնով աթոռը պահի, ո՛չ էլ նախկինների հետ թալանել է, որպեսզի ունեցվածքը կյանքի գնով փրկի։

- Ձեր կարծիքով՝ այդ ուժը ե՞րբ է ձեւավորվելու։

- Եթե հարցնում եք՝ այդ այլընտրանքը երբ պետք է ձեւավորել, կասեմ՝ երեկ։ Ու ցանկացած օր ուշանում ենք, թեպետ անհրաժեշտության գիտակցում կա։ Իսկ հասարակությունը դառնում է անհամբեր ու կարող է դառնալ անկառավարելի, քանի որ որոշ ժամանակ անց, եթե Փաշինյանն էլ ուզենա, հնարավոր է չկարողանա ոչ միայն պրոցեսները կառավարել, այլեւ անգամ չիմանա, թե երբ կարող է տեղի ունենալ պայթյունը։ Նստել՝ ինչի՞ն ենք սպասում։